Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի բաց նամակը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Փետրվար 05,2012 23:52


Օրեր առաջ, երբ Աբովյան փողոցից ապամոնտաժվեցին մայրաքաղաքի կենտրոնին անհարիր տաղավարներն ու կրպակները, շտապեցի ողջունել Ձեր որոշումը՝ համոզված լինելով, որ այդուհետ ևս սրտացավ ու հետևողական մոտեցում կցուցաբերեք մայրաքաղաքի կառուցապատմանն ու քաղաքաշինական լուծումներին։ Ուզում էի հավատալ, որ վերջապես կհարգվեն Երևանցիների և մեր սիրելի մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական ու մշակութային խնդիրները։

Ավաղ, համոզումս շատ կարճ տևեց, որովհետև ընդամենը մի քանի օր հետո այդ նույն, մայրաքաղաքի կենտրոնին անհարիր, տոնավաճառային տաղավարները քաղաքապետարանի (կամ քաղաքապետի) որոշումով հայտնվեցին Երևանի մայր պողոտայի հարևանությամբ՝ Մաշտոցի պուրակում։ Ցավալին նաև այն է, որ շրջանառվում է քաղաքապետարանի մեկնաբանությունը, թե պուրակը կանաչ գոտի չէ և ոչ էլ հանրային օգտագործման տարածք։

Ի՞նչ ենք անում։ Չեմ կարող այս հռետորական հարցը չհնչեցնել բոլոր երևանցիների անունից։ Այսօր, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն են ու գլոբալ տաքացման դեմ պայքարը, ինչո՞ւ ենք շարունակում առանց այն էլ կառուցապատման բարձր խտություն ունեցող Երևանի կենտրոնի գերծանրաբեռնումը։ Չէ՞ որ առանց այդ էլ չհամակարգված կառուցապատման արդյունքում մայրաքաղաքը էկոլոգիական աղետի գոտու վերածման ճանապարհին է։

Արդյոք չե՞նք կարևորում հանգամանքը, որ արդեն իսկ տրանսպորտային գերծանրաբեռնվածություն ունեցող կենտրոնում լրացուցիչ խցանումների օջախ ենք առաջացնում։

Ինչո՞ւ չենք հարգում մեր հայրենակիցների, մեր հասարակության կարծիքն ու իրավունքները։

Ինչո՞ւ ենք խախտում ՀՀ օրենքներ ու միջազգային բնապահպանական համաձայնագրեր։

Ինչո՞ւ չենք առաջնորդվում հանրային շահով ու ամեն անգամ մեկ- երկուսի բիզնես շահը գերադասում քաղաքակիրթ քաղաք ունենալու ձգտումին։

Ո՞ւր մնացին մեր քաղաքային արժանապատվությունն ու մշակույթը։

Մի՞թե այդ թիթեղյա, անշուք տաղավարներն ու հին շոր-հին կոշիկ վաճառող խանութներն են զարդարելու մեր մայր պողոտայի պուրակը, երբ հայ գրատպության 500 ամյակի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված գրքի մայրաքաղաքի տարում Երևանում երկու-երեք գրախանութ էլ չունենք։

Մի՞թե Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության հայեցակարգում որպես հիմնարար արժեք ամրագրված ներկա և գալիք սերունդների համար բարենպաստ միջավայրի ձևավորման հանձնառությունը սոսկ թղթին մնացած ճշմարտություն է։

Արդյոք նույնքան էլ թղթային ճշմարտությո՞ւն է Սահմանադրության 3-րդ հոդվածը՝ համաձայն որի Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներուվ և ազատություններով՝ որպես անմիջական գործող իրավունք։

Սիրելի և հարգելի քաղաքապետ, Դուք, որ ապացուցեցիք, որ կարելի է պահպանել Ավան համայնքի կանաչ ու քաղաքակիրթ նկարագիրը, մի՞թե կաշկանդված եք առանց այն էլ համատարած բետոնապատման արդյունքում չորացող մայրաքաղաքի կենտորոնում բարեկարգել ու մայրաքաղաքին նվիրել հանգստի ու քաղաքային մշակույթի մի փոքրիկ, կանաչ տարածք։ Չէ՞ որ ի սկզբանէ՝ Խորհրդային շրջանում հենց այս նպատակով էլ հղացվել էլ պուրակը։

Կարծում եմ հանուն Երևանի և երևանցիների շահի՝ խնդիրը կարժանանա Ձեր և քաղաքային իշխանությունների համակողմանի քննարկմանը՝ բավարարելով իմ և այս նամակի ետևում կանգնած հազարավոր երևանցիների դիմումը։

ԱԺ Կանոնակարգ ՀՀ օրենքի համաձայն ակնկալում եմ նամակիս գրավոր պատասխան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829