«Թող Վովա Գասպարյանը եւ իր շեֆն իրենց ականջին օղ անեն, էս կեղծիքը չի անցնելու: Եթե այսքանից հետո Հայաստանի ոստիկանության եւ որեւէ մեկի մտքով կանցնի Հայկ Գեւորգյանին պահել անազատության մեջ, դա Հայկ Գեւորգյանի, «Հայկական ժամանակի» կամ իմ խնդիրը չէ, դա ուղերձ է` ուղղված հանրությանը: Նշանակում է, որ Վովա Գասպարյանը Հայաստանի քաղաքացիներին հայտարարում է պատերազմ»,- այսօր հայտարարեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով գործընկերոջ` Հայկ Գեւորգյանի ձերբակալմանը:
Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՀ Ոստիկանության շենքի առջեւ, ի պաշտպանություն կալանավորված Հայկ Գեւորգյանի, սպիտակցի Երվանդ Կարապետյանը որոշել էր միայնակ իր բողոքն արտահայտել, սակայն վերջինիս ոստիկանները բերման էին ենթարկել: Ակցիայի մասին հայտարարությունը տարածվել էր Facebook-ի միջոցով, որտեղ ստեղծվել էր «Բողոքի ակցիա՝ Հայկ Գևորգյանի ձերբակալման դեմ» իրադարձությունը: Նշել էինք նաեւ, որ Mardik.am-ը փորձել է պարզել «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությունից՝ տեղյա՞կ են արդյոք նրանք, որ ՀՀ ոստիկանության շենքի առաջ բողոքի ակցիա է կազմակերպվել, սակայն խմբագրության հեռախոսազանգերին ոչ ոք չէր պատասխանել:
Օգտվելով առիթից Aravot.am-ը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից` ակցիայի մասին տեղյա՞կ է եղել, թե՞ ոչ: Վերջինս առաջին անգամ էր լսում, սակայն հետաքրքրվեց, թե ով է կազմակերպիչը եւ խոստացավ կապվել վերջինիս հետ:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ