Ինչպես հաղորդում են ռուսական կայքերը` մոտ երկու հարյուր սիրիական ապստամբներ գրոհել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղակայված Ռուսաստանի դեսպանատան վրա:
Ցուցարարները ՌԴ դեսպանատան վրա բարձրացրել են սիրիական ընդդիմության դրոշը: Ամբոխն այդ ամբողջ ընթացքում հակառուսական կոչեր էր հնչեցնում: Այս ամենի պատճառն այն էր, որ նախորդ օրը Ռուսաստանը` Չինաստանի հետ մեկտեղ, արգելանք էր դրել ՄԱԿ-ի նախարարների խորհրդի բանաձեւի վրա, որով դատապարտվում են Սիրիայի կառավարության գործողությունները:
Ինչպես հայտարարել է ընդդիմությունը կոորդինացնող մարմիններից մեկի`Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչը, ՌԴ դեսպանատան աշխատակիցների նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրվել:
Լիբիայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հեռախոսով հայտնել է, որ ապստամբները չեն ներխուժել անմիջապես դեսպանատան տարածք: Բայց նաեւ հաստատել է, որ ցուցարարներին հաջողվել է դեսպանատան շենքի վրայից պոկել ռուսական դրոշը եւ փոխարինել իրենց դրոշով: Իսկ Ինտերֆաքսի թղթակցին չի հաջողվել զրուցել դեսպանատան ներկայացուցիչների հետ, նրանք թղթակցին ասել են, որ հիմա ժամանակ չունեն, չափից դուրս զբաղված են:
Կարդացեք նաև
Ի դեպ, Ռուսաստանի եւ Չինաստանի դիրոքորոշումը խստորեն քննադատել են նաեւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչները: Նրանք ասել են, որ ՌԴ եւ Չինաստանի գործողությունները կարող են հանգեցնել Սիրիրայի ներսում դիմակայության կոշտացման, ինչն ամեն պահի կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի:
Խորը ափսոսանք է այդ վետոյի կապակցությամբ հայտնել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որը նկատել է, թե նման նախադեպերը խաթարում են իրենց կազմակերպության իմիջը: Մոսկվայի դիրքորոշումը քննադատել է նաեւ Իսլամական համագործակցության միությունը: Իր հերթին ՌԴ արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է, որ Սիրիայի ղեկավարությանը արագ կերպով բարեփոխումներ իրականացնելու կոչ կանի: Լավրովը վաղը չէ մյուս օրը` փետրվարի 7-ին, հանդիպելու եւ բանակցելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Այն բանաձեւի նախագիծը, որի վրա Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել, եւ որը քվեարկվում էր ՄԱԿ-ի Նախարարների խորհրդում, մշակվել է արաբական երկրների Լիգայի կողմից` եվրոպական երկրների աջակցությամբ: Այդ բանաձեւն, ըստ հեղինակների, կոչված է դադարեցնել բռնությունները Սիրիայում, որտեղ նախորդ տարվա մարտից շարունակվում են ընդդիմության եւ Ասադի կողմնակիցների միջեւ բախումները:
ՄԱԿ-ի Նախարարների խորհրդում Սիրիային վերաբերող բանաձեւի արդեն երկրորդ քվեարկությունն է տապալում Ռուսաստանը: Առաջին անգամ բանաձեւի ընդունման փորձը եղել է անցյալ տարվա հոկտեմբերին: Հենց սկզբից այս բանաձեւի մեջ Մոսկվային ձեռք չէր տալիս, որ այն արեւմտյան երկրների կողմից Սիրիա ներխուժելու սպառնալիք էր պարունակում: Նման բան արդեն եղել էր Լիբիայում: Փաստաթղթի նոր տարբերակում հստակեցվում է, որ իշխանափոխության հարցը ներսիրիական է, սակայն ռուսական կողմին ձեռնտու չէր այն, որ այդ տեքսում ավելի շատ դատապարտվում են Սիրիայի կառավարության, քան թե ընդդիմության գործողությունները:
Ասադի ռեժիմի եւ ընդդիմության միջեւ դիմակայությունն արդեն իսկ ավելի քան վեց հազար սիրիացու մահվան է հանգեցրել: ՄԱԿ-ի Նախարարների խորհրդում բանաձեւի քվեարկման նախօրյակին սիրիական իշխանության զորքերը հրետանակոծել են Հոմս քաղաքը, որի արդյունքում 200 մարդ է զոհվել: