Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան չպետք է թույլ տա, որպեսզի Թուրքիան միջամտի իր ներքին գործերին

Փետրվար 05,2012 11:10

Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը՝ քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր  Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք։ Թուրքիայի հզոր պետությունն իր զգալի ֆինանսական և դիվանագիտական ռեսուրսներն ուղղել էր ցեղասպանության ժխտման այդ ստոր գործին։

Թուրքիայի ղեկավարները կարծես թե չեն գիտակցում, որ ժխտելով ու ստելով, ինչպես նաև իրենց անմեղության մասին սին հայտարարություններ անելով, իրականում օգնում են տարածել իրենց անարգ արարքը թերահավատ համաշխարհային լսարանի առջև։

Ավելին, թեև այսօրվա թուրք պաշտոնատարները 1915 թվականի ցեղասպանություն իրագործողները չեն, այնուամենայնիվ նրանք հիմարաբար իրենց կապում են իրենց հանցագործ նախնիների հետ և, դրա մասին ստելով և ապացույցները թաքցնելով, դառնում են հանցագործության մեղսակիցներ։

Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի ղեկավարությունն էլ ավելի է խրվում իր սարքած ճահճի մեջ։ Եկեք ավելի մոտիկից դիտարկենք Թուրքիայի ստոր վարքագիծը Ֆրանսիայի կառավարության կողմից որոշումներ կայացնելու գործընթացում։

Ավելի քան տաս տարի առաջ, երբ Ֆրանսիայի օրենսդիր մարմինն ընդունում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, Թուրքիայի կառավարությունը, հակառակ իրեն բնորոշ բոլոր հնարքներին, չհաջողեց խանգարել այդ գործընթացը։ Խորհրդարանի ու սենատի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո, նախագահ Ժակ Շիրակը և վարչապետ Լիոնել Ժոսպենը 2001 թվականի հունվարի 29–ին ստորագրեցին հետևյալ օրենքը «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը»։

Թեև 2001 թվականի օրենքի մեջ ոչ մի նշում չկար Թուրքիային կամ Օսմանյան կայսրությանը որպես Ցեղասպանության հանցագործ, Թուրք պաշտոնատարներն իրենց անմեղության մասին ուռճացված հայտարարություններ կատարելով բացահայտեցին իրենց «գող սիրտը դող» մտայնությունը` այդպիսով ներկայանալով որպես մեղսագործ հրեշավոր հանցագործությունում։

Թուրք պետությունը կրկին քիթը խոթեց Ֆրանսիայի ներքին գործերի մեջ 2006 թվականին, երբ Փարիզում օրենսդիրները փորձեցին նախատեսել պատիժ 2001 թվականին ընդունված օրենքը խախտողների համար՝ կիրառելով նույն պատիժը, որը գործում է Հոլոքոստը մերժողների դեպքում: Ցավոք Ֆրանսիայի կառավարությունը տեղի տվեց թուրքական սպառնալիքներին և հիստերիային և կանխարգելեց այդ օրինագիծը, մինչև սենատը ի վերջո հաստատեց այն 2012 թվականի հունվարի 23–ին։

Այժմ Ֆրանսիական հասարակությունը կանգնած է մի օտար պետության կողմից իրենց ներքին գործերին միջամտելու  մեկ նոր ակներև փորձի առաջ: Թուրքիայի առևտրի պալատների և ապրանքային բորսաների միությունն անցած շաբաթ վարձեց մի ֆրանսիական լոբբիստական ընկերություն, որը ճնշում գործադրեր օրենսդիրների վրա, որպեսզի վերջիններս վիճարկեին ֆրանսիական օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների (Հոլոքոստ և Հայոց ցեղասպանությունը) ժխտումն արգելող օրենքը: Հետաքրքիր է, թուրքերը մի կողմից սպառնում են բոյկոտել ֆրանսիական ընկերությունները, իսկ մյուս կողմից նրանց փող են տալիս:

Նախագահ Սարկոզին 15 օր ուներ սկսած հունվարի 23-ից, որպեսզի հաստատի նոր օրենքը, եթե Ֆրանսիայի խորհրդարանի և սենատի 60  կամ ավելի անդամներ դեմ չկանգնեին` դիմելով սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականության մասին որոշում կայացնելու հայցով: Թուրքիայի դեսպանը, խախտելով օտարերկրյա դիվանագետի` Ֆրանսիայի ներքին հարցերում չխառնվելու լիազորությունը, ճնշում գործադրելով և «վարձատրություններ» բաշխելով, զբաղվեց անհրաժեշտ 60 ստորագրությունները ապահովելու գործով:

Թուրքիայի կառավարությունը կարող է լուրջ սխալ թույլ տալ` ենթադրելով, որ դատարանն անպայմանորեն կճանաչի նոր օրենքը հակասահմանադրական: Թուրք պաշտոնատարները կարող են վնաս հասցնել իրենց սեփական շահերին, եթե դատարանը ճանաչի օրենքը սահմնադրական, այդպիսով կանխարգելելով հետագա իրավական վիճարկումները թուրք ժխտողների կողմից, ովքեր կձերբակալվեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, հենց որ օրենքն ուժի մեջ մտնի:

Վերջին օրերին Թուրքիայի ղեկավարները չափազանց զավեշտալի հայտարարություններ արեցին նոր օրենքի վերաբերյալ: Վարչապետ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային «ֆաշիզմի հետքերով գնալու» մեջ: Ինչպե՞ս մի պետության ղեկավար, որը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է, կարող է համարձակվել մեղադրել Ֆրանսիային ֆաշիզմի մեջ:  Նախագահ Գյուլը միացավ այդ ամբաստանություններին՝ մեղադրելով Ֆրանսիային «խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ»: Արդյո՞ք Թուրքիայի նախագահը երբևէ այցելել է իր երկրի բանտերը, որտեղ տասնյակ լրագրողներ ամիսներ շարունակ պահվում են առանց դատավարության, պարզապես կառավարությանը քննադատող որևէ հասարակ հոդված գրելու համար:  Արդյո՞ք նա կարդացել է Թուրքիայի քրեական օրենսգրքի  301-րդ հոդվածը` Թրքությունը վիրավորելու վերաբերյալ, որն արգելում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ  հրապարակային հայտարարություն: Արտաքին գործերի նախարար Դավութօղլուն կարող է իրավացի լինել, երբ բողոքում է, որ ֆրանսիական օրենքը փորձում է «նացիստացնել Թուրքիան», սակայն, դա արվում ոչ թէ Ֆրանսիայի այլ իր սեփական կառավարության կողմից, որը շարունակում է իրեն մասնակից դարձնել փլուզված Օսմանյան կայսրության հանցագործություններին:

Այնուամենայնիվ ամենածիծաղելի հայտարարությունն արել է Թուրքիայի Եվրոպական Միության հարցերով նախարար  Էգեմեն Բաղըշը Շվեյցարիա կատարած  իր վերջին այցի ժամանակ: Նա հորդորել է Շվեյցարիայի իշխանություններին ձերբակալել իրեն, քանի որ Շվեցարիան, ինչպես և Ֆրանսիան, ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Նախարար Բաղըշը, դժբախտաբար, չի կարող ձեռբակալվել կամ դատական կարգով հետապնդվել իր դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ: Այնուամենայնիվ, նա պետք է արտաքսվեր Շվեյցարիայից որպես անցանկալի (persona non granta) անձ:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829