Այսօր ՀՀ Ոստիկանության շենքի առջեւ բողոքի ակցիա էր նախատեսված՝ ի պաշտպանություն կալանավորված Հայկ Գեւորգյանի: Հայտարարությունը տարածվել էր Facebook-ի միջոցով, որտեղ ստեղծվել էր «Բողոքի ակցիա՝ Հայկ Գևորգյանի ձերբակալման դեմ» իրադարձությունը, որտեղ 19 օգտատեր ակցիային մասնակցելու հավանություն էր տվել:
Ակցիայի կազմակերպիչն էր Երվանդ Կարապետյանը, որը Aravot.am-ին հեռախոսով փոխանցեց, որ չնայած ինքը մենակ է եղել՝ մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, սակայն իր բողոքն արգելվել է ոստիկանների կողմից: Նրա հետ հեռախոսազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Ինձ մոտեցան երկու քաղաքացիական հագուստով անձինք, ներկայացան, թե Նորք Մարաշի վարչական շրջանի քրեական հետախուզությունից են, թե ոստիկանությունից, (կոնկրետ չէր հիշում Լ.Խ). ընդ որում պահանջեցի, որ ինձ ցույց տան վկայականները, մեկն ընդհանրապես ցույց չտվեց, մյուսը երկար պահանջելուց հետո մի ակնթարթ հանեց ու դրեց, ոչ հասցրեցի նկարը տեսնեմ, ոչ անունը: Սկզբում ինձ հարցրեցին ինչի եմ այդտեղ: Բացատրեցի, որ հրապարակային իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում Հայկ Գեւորգյանի ձերբակալման կապակցությամբ: Նրանք ասացին՝ ուզում ենք ձեզ աջակցել, հրավիրում ենք զրույցի ոստիկանություն, որպեսզի մանրամասները ճշտենք, թե ինչպես կարող ենք ձեզ աջակցել: Ասացի, որ ձեր աջակցության կարիքը չունեմ եւ ձեր հրավերն էլ մերժում եմ՝ կարիք չունեմ ձեզ հետ ոստիկանություն՝ զրույցի գալու:
Ինձ անընդհատ հորդորում, փորձում, համոզում, խնդրում էին, որ գնամ ոստիկանություն: Ես պահանջում էի, որ իրենք ինձ տային ծանուցագիր, այլապես չեմ գնա եւ պահանջում էին, թե ինչ կարգավիճակով են ինձ ոստիկանություն հրավիրում: Դա էլ չէին պարզաբանում, ասում էին, որ հրավիրված ես զրույցի: Ինձնից պահանջեցին անձը հաստատող փաստաթուղթ, ես իմ անձնագիրը ցույց տվեցի, դրանից հետո ոստիկանը փորձում էր համոզել, որ միգուցե անձնագիրն է կեղծ, միգուցե հետախուզության մեջ ես, գնանք բաժին պարզենք: Ես ասացի, որ չեմ գա ձեզ հետ: Վերջում լրագրողների աչքի առաջ դրանցից մեկն ինձ հրեց, ոստիկանական մեքենա եկավ, ես ձեռքերս վեր բարձրացրած, անձնագիրը ձեռքումս ասեցի, որ հրաժարվում եմ, բայց ինձ հրելով մտցրեցին մեքենա, եւ քշեցին անհայտ ուղղությամբ: Ոստիկանը մեքենայի ներսում սկսեց հարցեր տալ, թե ինչ եք անում, ինչ է պետք: Ես ասացի, որ հրաժարվում եմ պատասխանել, որովհետեւ ինձ ապօրինի եք պահում մեքենայի մեջ եւ սկսեցին ինչ-որ անպարկեշտ արտահայտութուններ անել: Մի քանի անգամ զանգեցին իրար այդ ընթացքում, հարցնում էր՝ ոնց անեմ, ինչ անեմ:
Կարդացեք նաև
Երկրորդ անգամ որ զանգեցին, շուռ եկավ հարցրեց, թե որտեղ եմ ապրում, քեզ տանենք ձեր տուն, ասացի՝ ոչ՝ ինձ տարեք այնտեղ, որտեղից բերման եք ենթարկել ապօրինաբար: Դրանից հետո մեքենան կանգնեցրեցին մայթի մոտ, դուռը բացեց, ասեց դուրս արի, ավել պակասի համար կներեք, հաջողություն: Դուրս եկա, Ալեք Մանուկյան-Երվանդ Քոչար խաչմերուկի մոտակայքում էր, տաքսիով նորից գնացի նույն տեղը եւ շարունակեցի իմ ակցիան:
Հետո ծնողներս զանգեցին, որ ոստիկանները գնացել են մեր տուն՝ Սպիտակ, սխալ էլ ասել էին անունս՝ հարցրել էին Կարապետյան Էդվարդ Երվանդի, գնացել է ցույցի, թե ոչ: Հարցրել էին, թե ինչի համար եմ բողոքում, ինչի համար կարող ենք ձեզ աջակցել: Ծնողներս փորձել են պարզել, թե ովքեր են, չեն ներկայացել: Հետո հայրս զանգել է միլպետին, պարզաբանում է պահանջել, թե ինչ նպատակով են եկել ոստիկանները, ասել են, որ շթփոթմունք, թյուրիմացություն է եղել: Պասպորտ սեղանի պետն էլ գնացել է հորեղբորս տուն, ասել՝ խնդրում ենք եղբորդ փոխանցի, որ ներողություն ենք խնդրում, ինչ-որ թյուրիմացություն է եղել…»:
Mardik.am-ը փորձել է պարզել «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությունից՝ տեղյակ են արդյոք նրանք, որ ՀՀ ոստիկանության շենքի առաջ բողոքի ակցիա է կազմակերպվել, սակայն խմբագրության հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանել (հավանաբար, շաբաթ օրը նրանք չեն աշխատում):