Այսօր` Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Արաբկիրի Հայորդաց տանը կայացավ քննարկում` «Ընտանիք եւ ամուսնություն» թեմայով, որին մասնակցեցին երիտասարդներ, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագները: Դիտարկմանը, թե շահադիտական նպատակներով ամուսնություններն առավել ամուր հիմքեր ունեն, երիտասարդներից ոչ մեկը չհամաձայնեց, իսկ Վարդան Սարկավագ Հունանյանն ընդգծեց, որ քչերը կխոստովանեն, թե շահի համար են ամուսնացել:
Սմբատ սարկավագ Խանվերդյանն էլ հավելեց, որ իրեն քրրիստոնեավայել համարող մարդիկ ամուսնանում են սիրո հողի վրա, քանի որ սերը մարդկանց միավորող աստվածադիր երեւույթ է, հետեւաբար, ընտանիքն աստվածային արարում է: Չբացառելով սիրո մեջ երբեմն շահի առկայությունը` Կոմիտաս վարդապետը նշեց, որ նույնիսկ սիրած էակին ընտրելուց մարդը հաշվի է առնում նրա արտաքինը կամ կարողությունները. «Շահադիտական իմաստը բացասական է այն ժամանակ, երբ նյութն ու պաշտոնն է կարեւորվում, քանի որ հետագայում պաշտոնը դառնում է սովորական, իսկ փոխհարաբերություններն`անտանելի»: Անդրադառնալով ընտանիքի հիմքեը խարխլող գործոններին` վարդապետը նշեց, որ կարեւոր է ամուսնացողների պատասխանատվության առկայությունը. «Մամայի բալա» կարգավիճակով ընտանիք չի ստեղծվում: Տղան պետք է զատի, թե ով է մայրը, ու ով` կինը, իսկ աղջիկը հասկանա, որ տղայի մայրը հնարավոր է քննադատաբար է մոտենա իրեն»: Իսկ օտարազգիների հետ ամուսնությունների շուրջ Կոմիտաս վարդապետը նշեց. «Հնարավոր է, որ ծնողներն ապրեն ներդաշնակ, սակայն երեխան կոմպլեքսավոված լինի.նա չգիտի, թե ով է ինքը` հայ, թուրք, հնդիկ»: Այս համատեսքտում վարդապետը փաստեց, որ 2011թ-ին մահմեդական է դարձել շուրջ 400 հայ աղջիկ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև