Այսօր՝ փետրվարի 4-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանոցում մահացած մարդ կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում՝ Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ Արայիկ Մգոյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը։ Ժամանել են նաև դատական բժիշկը և փորձագետը։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչի կողմից արդեն հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահացածի մարմնի վրա կան սուր կտրող-ծակող գործիքից առաջացած մի քանի հետքեր։
Ոստիկանությունը պարզել է, որ նշված անձը հանդիսանում էր Երևանի Ադանա 51 հասցեի բնակիչ 61-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, որն աշխատում էր Երևանի տաքսի ծառայություններից մեկում, ում ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները որպես անհայտ կորած փետրվարի 2-ից որոնում էին։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ