Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պուպուշ երևալու համար ընտրությունները կկեղծեն կաբինետներում նստած»

Փետրվար 04,2012 21:58

Մի քանի օր է` շիրակցիների խոսակցության թեման Գյումրու մանկավարժական ինստիտուտում կատարված ձերբակալություններն ու հարցաքննություններն էին: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալմամբ փոխվեց նաև  քննարկման թեման: Շատերը ձերբակալություններն անմիջականորեն կապելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, արյունոտ իրավիճակ են  կանխատեսում:

Թե ինչպիսի ընտրություններ են սպասվում՝ Aravot.am-ը կարծիք հարցրեց Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանից:

«Եթե ամբողջովին թողնենք Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի և նրա շրջապատի հայեցողությանը, ապա խայտառակ ընտրություններ տեղի կունենան: Եթե հակազդեցություն չլինի՝ մյուս  կուսակցությունների, հ/կ-ների և ակտիվ սովորական քաղաքացիների կողմից, նորից եմ կրկնում, Սերժ Սարգսյանի թիմը խայտառակ ձևով կեղծելու է ընտրությունները: Բայց այս անգամ կասկածում եմ, որ այդ կեղծիքները լինեն ցուցադրական, այլ կկատարվեն կաբինետներում նստած: Հնարավոր է` այնպես անեն, որ վախի մթնոլորտ չլինի, չլինեն նաև լցոնումներ, որպեսզի միջազգային կազմակերպությունների առաջ ավելի պուպուշ երևան, թե չէ մեծ հաճույքով լցոնումներ էլ կանեն, բայց կաբինետներում նստած թվանկարչությամբ են զբաղվելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ո՞վ կհակազդի ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին` ընդդիմությո՞ւնը, մեր այս հարցին ի պատասխան քաղաքական մեկնաբանը նախ առաջարկեց հստակեցնել, թե ում ենք հասկանում ընդդիմություն ասելով. «Եթե հրապարակային հայտարարությունները նայենք, Դաշնակցությունն էլ է ընդդիմություն, Ժառանգությունն էլ, ՀԱԿ-ն էլ, իշխանությանը մրցակից կարելի է համարել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Հիմա այդ ուժերը իրենց առաջ հստակ խնդիր պետք է դնեն, թե ինչ  խնդիր են իրենք լուծելու, եթե իրենց հիմնական նպատակը պետք է լինի պառլամենտում տեղեր փախցնելը, այլ ոչ թե համակարգային, վճռական փոփոխությունների գնալը, բնականաբար պետք չէ մտածել, որ այլընտրանք են ՀՀԿ-ին: Իսկ մարդիկ, ամենասովորական քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ով է գեղամյանություն ու արթուրբաղդասարյանություն անում, ով իրական համակարգային փոփոխությունների է գնում»:

Ըստ մեր զրուցակցի, եթե ընտրությունները քիչ կեղծվեն, ապա բավական մեծ շանսեր կունենան ԲՀԿ-ն ու Ժառանգությունը, ինչ-որ տեղ նաև ՀԱԿ-ը, թեեւ Դերենիկ Մալխասյանի համոզմամբ, կոնկրետ Շիրակի մարզում խայտառակ ցածր վարկանիշ ունեն ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ՀԱԿ-ը. «Եթե հանրապետականները ցանկություն հայտնեն Շիրակի մարզում հաղթանակ տանել, ապա կկարողանան միայն վարչական ռեսուրսների օգտագործման և գումարներ բաժանելու հաշվին: 2007-2008թթ.-ի հետ համեմատ խայտառակ ցածր է նաև Լեւոն Տեր -Պետրոսյանի գլխավորած ուժի վարկանիշը, իրենք փոշիացրին այդ վարկանիշը Շիրակի մարզում»:

Շիրակի մարզից մշտապես ամենաշատ ձայները տանող ՕԵԿ-ի մասին մեր զրուցակիցն ընդհանրապես հարկ չհամարեց խոսել: «Եթե ՕԵԿ-ը ինքնուրույն քաղաքական ուժ լիներ, ինքնուրույն տեսակետներ հայտներ, ինքնուրույն գործեալոճ ունենար՝ կխոսեի այս կուսակցության մասին, հիմա խոսեմ որ ի՞նչ»,- կարճ կապեց քաղաքական մեկնաբանը:

Ի դեպ, ԳԱԼԱ-ի քաղաքական մեկնաբանն ասաց, որ իշխող հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում հրապարակային, խոսք ունեցող կադրերի դեֆիցիտ ունի. «Իրենք չեն կարող եթեր ուղարկել այնպիսի մարդու, որը կիսագրագետ է, անգրագետ կամ կրիմինալ շրջապատի ներկայացուցիչ, պիտի ուղարկեն այնպիսի մարդկանց, որոնք հրապարակային կերպով կուսակցության քարոզը կանեն, բայց կուսակցությունը այդ տեսակետից  կաղում է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ      

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829