Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին

Փետրվար 04,2012 20:29

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Երեւանի մամուլի ակումբը վրդովմունք են հայտնում` փետրվարի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ:

Կալանավորման առիթ հանդիսացած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության եւ «Հայկական ժամանակի» տարածած տեղեկությունների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքի, որպես խափանման միջոցի, ընտրությունը զուրկ է բավարար օրինական հիմնավորումից:

Համոզիչ չեն կալանավորման անհրաժեշտության վերաբերյալ ոստիկանության հիմնավորումները. ավելի քան տասն օր Հայկ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել այն պարագայում, երբ նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը եւ մուտք գործել տարբեր պետական ատյաններ, այդ թվում նաեւ՝ կառավարության շենք: Ավելին՝ այդ օրերին նա շփումներ է ունեցել ոստիկանության քննիչի հետ՝ օրինական պահանջ ներկայացնելով ճշտելու, թե ինչ կարգավիճակում են իրեն կանչում հարցաքննության: Լրագրողն այս մասին հստակեցում այդպես էլ չի ստացել: Մինչդեռ ոստիկանությունն իր պարզաբանումներում պնդում է՝ իբր պատշաճ կերպով ծանուցել է Հայկ Գեւորգյանին: Տպավորություն է առաջանում, որ միտումնավոր նախապայմաններ էին ստեղծվում՝ լրագրողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով:

Եթե համադրենք կալանավորման փաստը եւ հունվար, փետրվար ամիսներին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին Հայկ Գեւորգյանի մի շարք քննադատական հրապարակումները, ապա բավակաչափ հավանական են դիտվում «Հայկական ժամանակի» այն ենթադրությունները, որ խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված է լրագրողի մասնագիտական գործունեությամբ:

Պահանջում ենք անհապաղ փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրած խափանման միջոցը, ազատ արձակել նրան եւ ապահովել տեղի ունեցած միջադեպի անաչառ, թափանցիկ հետաքննություն: Իսկ երկրի քաղաքական իշխանությանը կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկելու՝ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ անհիմն հետապնդումները, մեղադրանքները եւ ճնշումները բացառելու նպատակով:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829