Փետրվարի 1-ին Պորտ-Սաիդ քաղաքում «Ալ-Մարսի» եւ «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբների երկրպագուների միջեւ ծայր առած կռիվը վերաճեց սպանդի, ինչը մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ դարձավ:
Մինչ տեղական իշխանությունները փորձում են հնարավորին չափ կարճ ժամանակում պարզել, թե ինչը կարող էր հյուրընկալող թիմի, որը հաղթել էր 3:1 հաշվով, երկրպագուներին նման գործողությունների դրդել, արդեն շրջանառության մեջ դրվել են մի քանի տարբերակներ, որոնցից ամենահավանականն այն է, որ անկարգությունների պատճառ դարձել են հյուրընկալվող թիմի երկրպագուների պարզած պաստառները, որոնց վրա վիրավորական ու նվաստացուցիչ կարգախոսներ են գրված եղել իրենց ու սիրելի թիմի հասցեին:
Դժվար է միանշանակ դատողություններ անել արաբների մենթալիտետի մասին՝ քաջ գիտենալով, որ նրանց համար արտահայտություններ կան, որոնք միայն արյունով են մաքրվում: Այս տարբերակի օգտին էլ խոսում է խաղի տեսագրությունը, որտեղ երեւում է, որ տեղացի ֆանատները, ներխուժելով խաղադաշտ, վազել են հենց այդ պաստառները պարզողների ուղղությամբ եւ սկսել դրանք պատռել: Եվ միայն դրանից հետո է սկսվել ողբերգական սպանդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ