Այդ պատճառով բիաթլոնի եւ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերը հայտնվել են ձախողման վտանգի առջեւ:
Արտասովոր ձմեռը գերության մեջ է առել ոչ միայն հասարակ եվրոպացիներին` փոխելով նրանց սովորական առօրյան: ԶԼՄ-ների փոխանցմամբ վտանգվել է անգամ օրացուցային պլանով նախատեսված միջազգային մի շարք պաշտոնական մրցաշարերի անցկացումը: Մասնավորապես, այսօր Յարոսլավլի մարզում պետք է կայանար դահուկավազքի աշխարհի գավաթի փուլը: Սակայն նախ գերմանացիներն են հրաժարվել մեկնել մրցավայր` հայտարարելով, թե իրենք այնքան հիմար չեն, որ -25 աստիճանի պայմաններում ելնեն մեկնարկի: Իսկ նրանք, ովքեր արդեն ժամանել են, խիստ կասկածում են, որ հնարավոր է բարձր արդյունքներ ցույց տալ: Այնպես որ, վերջնական որոշում կազմակերպիչները պետք է կայացնեին այսօր` մեկնարկից անմիջապես առաջ:
Նույն ճակատագրին կարող են արժանանալ նաեւ Նորվեգիայի Հոլմենկհոլմում արդեն մեկնարկած, սակայն` ընդհատված, ինչպես նաեւ փետրվարի 10-12-ին Ֆինլանդիայում նախատեսված բիաթլոնի աշխարհի գավաթի հերթական փուլերը:
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոններով մրցումների անցկացումը խորհուրդ է տրվում առավելագույնը -17 աստիճանի պայմաններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ