Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց 2-րդ. Ծնողներ-երեխաներ=իշխանություն-ընդդիմություն

Փետրվար 04,2012 16:52

Մեր ընթերցող Անահիտ Մ.-ն գրում է. «Հարգելի «Մտերմիկ զրույցեր», ես ամեն օր խնդիրներ եմ ունենում իմ ծնողների հետ, նրանք գրագետ եւ կիրթ մարդիկ են, ես նույնպես, սակայն,մենք միմյանց չենք հասկանում, ինչո՞ւ: Մեր ընտանիքում ոնց որ ընդդիմությունն ու իշխանութունն են ապրում, շարունակ մեկս մյուսին քննադատում ենք, եւ սխալներ ենք ուղղում»:

Հարգելի Անահիտ, բնական է այն, ինչ Դուք ներկայացնում եք, եւ երբեք չհավատաք կամ չմտածեք, թե ուրիշների ընտանիքներում ամեն ինչ հարթ է եւ խաղաղ եւ ուրիշների ընտանիքի անդամներն իրար «միս չեն ուտում», չհավատաք, քանի որ այդպես չի լինում:

Դուք շատերից լսած կլինեք, որ խնդիրը սերունդների միջեւ ժամանակի եւ տարիքի հեռավորությունն է: Ինքս չեմ ընդունում այդ կարգի մեկնաբանությունները: Ոչ ժամանակը մեղք ունի եւ ոչ էլ տարիքը: Խնդիրը ՄԱՐԴՈՒ մեջ է:Մարդ արարածն այդպես է ստեղծված` ինքն իր սեփական առանցքի շուրջը: Մարդն ընդհանրապես համոզված է, որ ինքն անսխալական է եւ մնացած ամբողջ աշխարհը սխալ է ստեղծված եւ սխալ է ապրում: Հենց այստեղ է Մարդու ՍԽԱԼԸ: Եվ իմ քո, մյուսների, ամբողջ աշխարհի, բոլոր մարդկանց բոլոր խնդիրները եւ դժբախտությունները սկսվում են հենց այստեղ:

Նկատել ես հավանաբար, թե ինչպես է փոքրիկ երեխային փողոցում ձգում գունավոր կարուսելը, իսկ մայրիկը քաշում է երեխայի ձեռքից , թե կարուսելի ժամանակը չէ, ինքը դեռ երկու խանութ ունի մտնելու: Այստեղ եւս արտառոց բան չկա, եւ ոչ մայրիկն է մեղավոր, ոչ էլ փոքրիկը, երկուսն էլ իրենց ներսում երեխա են եւ ամեն մեկն իր ուզածին է ձգտում: Եթե անկեղծ լինեմ, ապա ես այսպիսի իրավիճակներում ոչ թե երեխային այլ մայրիկին եմ խղճում: Նա իր երեխայի քմահաճույքները դեռ կկատարի, իսկ իրենը` ոչ ոք չի կատարի, բացի իրենից: Այստեղ է անձի երկվությունը: Որպես մայր, մայրն ըմբռնում է, որ իր երեխայի նկատմամբ ազնիվ չեղավ, բայց որպես երեխա՝ ըմբռնում է նաեւ, որ հակառակ դեպքում ինքն իր անձի հանդեպ ազնիվ չէր լինի:

Աստված Մարդուն ստեղծել է մեկ օրինակից, ամեն Մարդ անկրկնելի է, միակը, եւ ամեն մեկն ինքն իր եւ երեխան է եւ ծնողը: Հետո, երբ եկել են այլ երեխաներ, Մարդու վիճակը ծանրացել է: Երբեք չեմ ընդունում այն հայկական կենացները, թե ապրում ենք երեխաների համար: Պետք չէ ապրել ինչ-որ մեկի համար, անգամ եթե այդ ինչ-որ մեկը քո երեխան է, ապրիր ինքդ քեզ համար եւ, քո երեխաների հետ ու կողքին: Դրանք տարբեր բաներ են;

Ասում ես` ապրում ե ք ինչպես իշխանություն եւ ընդդիմություն: Դիպուկ ես ասել: Իսկ ինչո՞ւ է քեզ թվում, որ այդ երկու քաղաքական տերմինների տակ թաքնված չէ նույն այն կոնֆլիկտը, ինչի մասին քիչ առաջ խոսեցի: Դրանք եւս երեխա եւ ծնող հարաբերությունների կրողն են`մեկին թվում է մյուսը շատ ավելի մեծ իշխանություն եւ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան ինքը եւ սկսվում է «կռիվը»:

Հայտնի է, թե ինչու են կռվում իշխանությունն ու ընդդիմությունը` շատ, ավելի շատ, ամենաշատ հնարավորությունների եւ լծակների, իշխանության, ուժի, փառքի: Իսկ հիմա նայիր քեզ եւ քո ծնողներին` ինչի՞ շուրջ եք վիճում` դու քո անկախության, ծնողներդ` իրենց իշխանության, դու` քո հնարավորությունների մեծացման, ծնողներդ` իրենց իշխանության եւ հնարավորությունների պահպանման: Չշարունակեմ, քեզ համար արդեն ամեն ինչ պարզ է: Ես դեղատոմս չունեմ: Ինքդ մտածիր: Համոզված եմ, ելքերը կգտնես շատ արագ ու հեշտ; Միայն մեկ հուշում` հավատա ինքդ քեզ եւ հավատարիմ մնա քո սկզբունքներին, եթե չես ուզում , որ քեզ դարձնեն տիկնիկ: Ապացուցիր, որ դու ՄԱՐԴ ես:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829