Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերը հիվանդություն է. Սիրո ազդեցությունն օրգանիզմի վրա

Փետրվար 04,2012 15:12

Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։

Հենրի Մենքեն

«Ես քեզ սիրում եմ», «Ես սիրում եմ քեզ», կամ էլ պարզապես «Սիրում եմ»: Երբևէ փորձե՞լ եք այս արտահայտությունների մեջ տարբերություններ գտնել, թեկուզ և չնչին: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել շեշտադրության վրա: Հոգեբան Նունե Լևոնյանի խոսքով` առաջինի դեպքում կարևորվում է ոչ թե զգացմունքը, այլ այն մարդը, ում ուղղված է խոսքը, հակառակն է երրորդի պարագայում`այստեղ առաջնայինը զգացմունքն է, իսկ երկրորդի դեպքում` կարծես թե բացահայտվում է խոսողի սիրած էակը: Սակայն բոլոր արտահայտություններում էլ խոսվում է զգացմունքի մասին:

Երբեմն սեր ու սիրահարություն հասկացությունները մարդիկ նույնացնում են: «Սերը անվերջ «գործընթաց է», այն գործողություն է ` երկու հոգու մասնակցությամբ: Ինչպես ճաշը, այն պետք է պատրաստել, հարկավոր է անընդհատ աշխատել սիրո վրա, որ այն լճացած հարաբերությունների չվերածվի, իսկ սիրահարությունը հանկարծակի առաջացող համակրանքի զգացում է»,- ասում է հոգեբանն ու հավելում, որ ծույլ մարդիկ չեն սիրահարվում: Սերն ու սիրահարությունը իրարից տարբերվում են նաև կենսաքիմիական տեղաշարժերով: Ինչպես հաղորդում է www.armmedicine.com –ը սիրահարվածության դեպքում օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆարմին, որն էլ առաջացնում է էյֆորիա երանավետ հոգեվիճակ, խենթություններ անելու ցանկություն, ավելանում է նաև սերոտոնինը, որն այսպես կոչված «երջանկության» հորմոն է: Իսկ ադրենալինի ու նորադրենալինի ավելցուկն հանգեցնում է անքնության, անհանգստության, տագնապի, սրտխփոցի ու վերջույթների դողի: Սակայն այս փոփոխությունները 2-6 ամսվա ընթացքում անցնում են: Սիրահարությունը կարող է վերածվել սիրո, սակայն այս դեպքում նախկին ապրումները որոշ չափով բացակայում են, սիրելին էլ ընկալվում է ոչ այնքան որպես սեռական զուգընկեր, որքան որպես հուսալի ընկեր:

25-ամյա Աշոտը պատմում է. «Դպրոցական տարիներից միշտ իրար հետ էինք, բուֆետ միասին էինք գնում, միասին էինք չարություն անում, նա ինձ շատ էր դուր գալիս, մամաս էլ միշտ ասում էր`շատ եք սազում իրար, բայց ես մտածում էի`մենք սիրահարներ չենք կարող լինել: Մինչ բանակ գնալս 4 ընկերուհի եմ ունեցել, բայց զորացրվելուց հետո նրան առաջարկություն արեցի, հիմա հասկանում եմ` նա է իմ կյանքը (ծիծաղում է)»:

Սիրո հիմքում ընկած է ձգողականությունը` մյուս սեռի նկատմամբ: Հոգեբան Նունե Լեւոնյանի խոսքով` դրանով էլ նա տարբերվում է հայրենիքի, բնության ծնողների հանդեպ սիրուց:

Վերջերս էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սերը դասել է հիվանդությունների պաշտոնական ցանկում: Սրա հետ հոգեբանը համաձայն չէ. «Ինչու հենց սերը, այդ դեպքում հարգանքը, վստահությունը նույնպես պետք է հիվանդություն համարել»,- ասում է նա:
Սերը կարող է մտահոգությունների պատճառ հանդիսանալ: Շատ սիրահարներ կարծում են, թե ինչքան ուժեղ է խանդում իրենց սիրելին, այնքան ավելի շատ է սիրում իրենց: «Հաճախ ինքս եմ հորինում ինչ-որ բաներ սիրելիիս խանդեցնելու համար ու ստացվում է, դա ինձ շատ է դուր գալիս»,- ասում է Հակոբը: Իսկ հոգեբան Նունե Լևոնյանը այդ մոտեցումը սխալ է համարում.. «Չպետք է խանդը չափանիշ ընդունել, այն բնորոշ է սիրահարվածությանը, իսկ սիրո մեջ կա վստահություն, հարգանք` չնայած ինչ-որ չափ պետք է, բայց չարաշահելու դեպքում այն կվերածվի էգոիզմի: Իսկ եսասիրական սիրո դեպքում կախվածությունը մեծ է, մարդկանց կարող է թվալ, թե իրենք սիրում են և չկարողանան բաժանվել իրարից, այնինչ նրանք միայն սովոր են իրար: Բայց չպետք է մոռանալ, որ սերը ազատություն է սիրում»:

25-ամյա Աննան էլ դժգոհում է ` Հայաստանում իշխում է տեր-հնազանդ սկզբունքը. «Հանդիպածս բոլոր տղաններն էլ սկզբում շատ սիրալիր են լինում ինձ հետ, բայց մեկ-երկու ամիս չանցած` սկսվում են արգելքները` շրջազգեստ չհագնես, 9-ից ուշ տուն շմտնես, դասընկերներիդ մոռացիր, արդեն զզվել եմ, խանդն ուղղակի անտանելի է»,- ասում է նա ու վստահեցնում, որ երբեք չի պատրաստվում ամուսնանալ: Շատ աղջիկներ էլ մտածում են, որ ամուսնանալուց և հատկապես երեխա ունենալուց հետո սերն ու ռոմանտիկան մարում են, որ ամուսիները իրենց ողջ սերը նվիրում են իրենց երեխաներին: Հոգեբանը համաձայն չէ սրա հետ. «Ճիշտ է, ինչ-որ բան փոխվում է, բայց երեխա ունենալուց հետո սերը նոր որակ է ձեռք բերում: Եթե մարդիկ միչ այդ սիրում են իրար, ուրեմն դա էլ ավելի է ամրապնդվում»-ասում է Նունե Լևոնյանը: Իսկ ինչպես հաղորդում է med-practic.com–ը, բրիտանացի բժիշկները 3000 տղամարդկանց ու կանանց շրջանում անցկացրել են հարցում` ըստ որի պարզ է դարձել, որ ռոմանտիկան մարում է ամուսնանալուց 10 տարի 11 ամիս անց:

«Առանց գժտությունների սերը երկար չի տևում»,- ասում է Օվիդիոսի հայտնի աֆորիզմը, բայց անընդհատ կրիկնվող գժտությունները կարող են հանգեցնել բաժանման ու եթե զույգի մեջ կապվածություն շատ ուժեղ է եղել, այն ավելի ծանր կլինի: Հայ կանայք ու աղջիկները ավելի ներողամիտ են, քան տղամարդիկ: Կանայք շատ հաճախ ներում են իրենց ամուսիներին նրանց դավաճանության դեպքում: Իսկ տղամարդիկ, ինչպես ասում է հոգեբանը, կարող են հրաժարվել իրենց սիրուց, եթե իրենց ինքնասիրությունը վիրավորվի: Հաճախ էլ լսում ենք այսպիսի խոսքեր` հատկապես աղջիկների շուրթերից. «Հանուն նրա ես պատրաստ եմ կյանքս զոհել», «Ես առանց նրա չեմ կարող, ավելի լավ է մեռնեմ», երբեմն էլ այս խոսքերը վերածվում են գործողության` այն է` ինքնասպանության: Հոգեբանն սրա վերաբերյալ ասում է. «Գովելի է, երբ հանուն սիրո մարդը պատրաստ է անել ամենալավը իր զույգի համար, նույնիսկ զոհել կյանքը, բայց չարժե ինքնասպան լինել` այն էլ անպատասխան սիրո պատճառով»,- ասում է հոգեբանն ու հավելում, որ նման պարագայում մարդը այդ քայլին դիմում է իր սիրած էակի մոտ խղճի խայթ առաջացնելու համար:

Ի դեպ, Հին հույներն առանձնացնում են սիրո տարբեր ձևեր ` զունոյա (անձնվիրում), քարիս (հարգանքի և շնորհակալության վրա հիմնված սեր), ագապե (անշահախնդիր զգացմունք), ֆիլիա էրետիկե (սիրահարների բարեկամություն), պոտոս (սիրո ցանկություն), էրոս (ցանկություն), մանիա (անսանձ կիրք): Վերջինս մարում է 3 տարի անց, իսկ ամուսնության դեպքում` ավելի վաղ:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829