Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԻԿՆԱՅԻՆ ՍԵՂԱՆՆԵՐ

Փետրվար 04,2012 13:21

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնյոթերորդ

ԻՐԻԿՆԱՅԻՆ ՍԵՂԱՆՆԵՐ

Չնայած էդ ամենօրյա իրիկնային բամբասանքների հաշիվը Հայկունին, Շուրիկը, Վարոն ու հիմնականում Օրթախն են փակում, էդ բնավ չի նշանակում թե՝ անվճարունակներս բացակա ընկերներից բամբասելուց պակաս հաճույք ենք ստանում, եւ որ ասում եմ՝ վճարունակներն ու անվճարունակներս բացականերից բամբասելուց հավասարապես ենք հաճույք ստանում, էդ բնավ չի նշանակում թե՝ ամեն իրիկուն նստում ու ժամերով բացականերից ենք բամբասում, եւ չնայած իսկապես ամեն իրիկուն ենք բացականերից բամբասում, էդ բնավ չի նշանակում թե՝ ամբողջ ժամանակ ենք բացականերից բամբասում, որովհետեւ «Օրթախ & ընկերներ» էդ իրիկնային կառույցի գլխավոր ու հիմնական թեման միշտ էլ քաղաքականությունն է եղել, հետո նոր՝ արվեստն ու սպորտը, եւ դրանցից հետո նոր միայն՝ բացականերից բամբասանքը, եւ չնայած էս պահին էս հերթականությամբ դասակարգեցի ու համակարգեցի, ցանկության դեպքում ճիշտ հակառակը կարող էի անել. այսինքն, կարող էի ասել թե՝ ավելի հաճախ ու ավելի շատ մեր բացակա ընկերներից ենք ասում ու խոսում, քան՝ արվեստից, սպորտից եւ նույնիսկ քաղաքականությունից, բայց էդպես չեմ ասում ոչ միայն էն պատճառով, որ իմ ու իրիկնային սեղանակիցներիս մասին ավելի վատ չմտածեք, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ մենք իրիկնային ու սրճարանային մեր ժամանակն իսկապես սպորտին, արվեստին ու քաղաքականությանն ավելի սիրով ենք հատկացնում ու տրամադրում, քան՝ մեր բացակա ընկերներին առնչվող բամբասանքներին՝ ոչ թե էն պատճառով, որ բացակա ընկերներից բամբասելուց պակաս հաճույք ենք ստանում, քան՝ համաշխարհային սպորտի, արվեստի ու քաղաքականության հարցերը շոշափելուց. ընդհակառակը. ինչպես ցանկացած առողջ միջավայր, մեր էս իրիկնային ամենօրյա միջավայրն էլ է նախապատվությունը բացակա ընկերներին առնչվող բամբասանքներին տալիս, բայց քանի որ մեր բացակա ընկերների մեջ արվեստի, քաղաքականության եւ նույնիսկ մարզաշխարհի ներկայացուցիչներ մշտապես կան, մենք Օրթախի ղեկավարությամբ ու առաջնորդությամբ հիմնականում ու մեծամասամբ քաղաքականության, արվեստի ու սպորտի հարցեր ենք քննարկում. այսինքն, արվեստի, քաղաքականության եւ նույնիսկ սպորտի հարցեր քննարկելով՝ մենք մեզ ամենեւին չենք զրկում բացակա ընկերներին բամբասելու էդ, ուրեմն, գերագույն հաճույքից ու բավականությունից, եւ էս բացատրությունիցս հետո արդեն ի վիճակի եք պատկերացնել՝ ինչպիսի՜ հաճույք ենք ստանում Սադոյան Արշակի բացակայությամբ քաղաքական ու մանավանդ ներքաղաքական հարցեր շոշափելիս, եւ արվեստի ու մանավանդ գրականության հարցերն էլ են ամենայն հաճույքով շոշափվում, որովհետեւ էս բնագավառում էլ Ջավախյանը, Սեթը, Անանիան ու ձեր խոնարհ ծառան կան, եւ քանի որ հայրենի գրողներս միմյանց ներկայությունն ավելի ծանր ենք տանում, քան՝ ճշգրիտ գիտությունների ու մանավանդ ընդունելության քննությունների մասնագետները, նշածս չորսից առնվազն երկուսն Օրթախի միջավայրից բացակայում են. այսինքն, չնայած արվեստի ու գրականության ներկայացուցիչները հիմնականում էս չորսս ենք, մանավանդ ընտրություններ ու հանրահավաքներ չեղած ժամանակ արվեստից ու հիմնականում գրականությունից ենք խոսում, որովհետեւ արվեստն ու մանավանդ գրականությունն էն ոլորտներն են, որոնցից Օրթախն ու ճշգրիտ գիտությունների մյուս ներկայացուցիչները բացարձակապես չեն խուսանավում՝ ինչպես որ ցանկացած հայ ընթերցող ու մանավանդ չընթերցող չի խուսափում գրական բազմազան ու բազմաբարդ հարցեր քննարկել ցանկացած գրականագետի ու մանավանդ գրողի հետ, ընդ որում՝ ցանկացած գրողի ու գրականագետի հետ ցանկացած գրողի ստեղծագործության շուրջ բանավիճելով՝ ցանկացած գրականագետի ու մանավանդ գրողի կարող են նեղը գցել ու անհարմար վիճակների մեջ դնել, եւ հատկապես ձեր խոնարհ ծառան է իրիկուններն էդ վիճակներում հայտնվում. երբ իրենց նետած կտերը միամտաբար ընդունում ու հետները գրական ու բանաստեղծական թեմաների մեջ եմ խրվում, ինձ էնպես են մասնագիտաբար բզիկ-բզիկ անում, որ գնում ու ահագին ժամանակ «Տրիումֆի» ու լճափի սրճարանի կողմերը չեմ հայտնվում, եւ հատկապես լճափի բացօթյա սրճարանի կողմ չեմ թեքվում, որովհետեւ, չնայած Օրթախն ու մյուսները ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ են, միայն վերջերս են գլխի ընկել, որ լճափի բացօթյա սրճարանում սուրճն ու սովորական խմելու ջրերը մոտավորապես երկու անգամ էժան են, քան՝ «Տրիումֆում», եւ տղերքի ու մանավանդ Օրթախի բախտից՝ երկու հազար տասը թվականի տժտժան ամառը դեռեւս տարերքի մեջ է, եւ օդերեւութաբանները չափազանց տաք ու անանձրեւ աշուն են խոստանում. այսինքն, տղերքն ու բոլորը եւս մի քանի ամիս միանգամայն հանգիստ խղճով կարող են վայելել Հայկունու, Վարոյի, Շուրիկի եւ հիմնականում Օրթախի ամենօրյա իրիկնային պատիվները, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ ես էլ եմ էդ կես գնով սուրճերն ու սովորական խմելու ջրերը հանգիստ խղճով վայելելու, որովհետեւ էդ ամենը հանգիստ խղճով վայելելու համար հարկավոր է, որ նախ խիղճդ հանգիստ լինի, բայց վերջին շրջանում Ջավախյանի ու Անանիայի բացակայության պայմաններում իմ խիղճը չի կարող հանգիստ լինել, որովհետեւ էս երկուսի բացակայության պայմաններում ստիպված եմ լինում տղերքի գրական ու գրականագիտական բոլոր հարվածներն ինձ վրա վերցնել, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ ես Ջավախյանից ու Անանիայից հաճախ եմ էդ հանապազօրյա իրիկնային սեղաններին ներկա գտնվում, եւ եթե Ջավախյանից ու մանավանդ Անանիայից ավելի հաճախ եմ իրիկնային էդ հանապազօրյա հավաքներին անդրադառնում, դրա պատճառն ընդամենն էն է, որ ես ինքնակենսագրական ու անվերջանալի էս վեպս առաջ տանելով՝ պարտավոր եմ իմ կյանքի բոլոր էտապներին ու բնագավառներին անդրադառնալ, իսկ որ «Պապլավոկն» ու հարակից տարածքը կյանքի մի ուրույն դպրոց, համալսարան ու բնագավառ է, իրիկնային իմ բոլոր սեղանակիցներն աներկբայորեն կհաստատեն, ու էս ասածս հավասարապես վերաբերում է խորհրդային ու հետխորհրդային «Պապլավոկներին», եւ չնայած առաջինից մշտապես էի կախման մեջ, էս երկրորդից էլ եմ ժամանակ առ ժամանակ կախման մեջ հայտնվում՝ հիմնականում Ջավախյանի ու Անանիայի հարաբերական բացակայության պատճառով, եւ չնայած Ջավախյանը «Կետիկնոցի» սեզոնին ավելի հազվադեպ է Օրթախի իրիկնային սեղաններին հայտնվում, էդ ամենեւին չի նշանակում թե՝ ինքն ինձնից պակաս կախում ունի էդ սեղաններից. ավելին. Ջավախյանն էս ասպարեզի ու էս բնագավառի հիմնական ու անփոփոխ ներկայացուցիչն է, եւ եթե մանավանդ ամառվա սեզոնին ինձնից ավելի հազվադեպ է հայտնվում Օրթախի հեղինակային ու հեղինակավոր սեղաններին, դրա պատճառն էն է, որ Ջավախյանն էս կյանքում ու էս քաղաքում լիքը այլ սեղաններ էլ ունի, եւ այլ սեղաններ ասելով՝ ոչ թե Վերնիսաժի ու Ոսկու շուկայի իր սեղանները նկատի ունեմ, այլ բացառապես իրիկնային ու սրճարանային էն սեղանները, որոնք մեր կյանքում ու մեր քաղաքում գոյություն ունեն՝ անկախ մեր ու նույնիսկ Օրթախ Աբոյի կամքից, եւ, ի տարբերություն ինձ ու մյուս Օրթախակիցների, Ջավախյանը չի կարող եւ իրավունք էլ չունի Օրթախի իրիկնային սեղանով բավարարվել ու սահմանափակվել, որովհետեւ ինքը հավասարապես ու զուգահեռաբար պիտի ներկա գտնվի էդ կարգի բոլոր իրիկնային սեղաններին, որպեսզի իր ամենավերջին պատմվածքի մասին ազգի ու մանավանդ մտավորականության կարծիքն իմանա, եւ հատկապես ու մանավանդ՝ Լիպոյի՛ կարծիքը, որովհետեւ Օրթախի ու բոլորի սեղաններից անկախ ու էդ սեղաններին զուգահեռ՝ Լիպոն էլ ի՛ր սեղանն ունի, եւ չնայած, ի տարբերություն Օրթախի, իր սեղանի հաշիվը հազվադեպ է ինքնուրույնաբար փակում, հաշիվը փակողներ ժամանակ առ ժամանակ գտնվում են՝ ի հեճուկս չուզողների, որովհետեւ Լիպոն վճարունակ չլինելով՝ Օրթախի պես լիդերության հատկանիշներ ու արժանիքներ ունի, եւ դրանցից առաջինն ու ամենակարեւորն իր հանրագիտարանային ու մանավանդ ոչ հանրագիտարանային իմացությունն է, եւ եթե որեւէ իրադարձության կամ որեւէ անձի կապակցությամբ որեւէ հարց է առաջանում, վերջնական խոսքը Լիպոյին է վերապահվում, որովհետեւ Լիպոն ոչ միայն քաղբյուրոյի անդամների, քաղաքական եւ գիտության ու արվեստի գործիչների կենսագրություններն անգիր գիտի, այլեւ շատերին հետաքրքրող այլեւայլ բաներ՝ հայտնի ու անհայտ քաղաքական ու պետական գործիչների, հայտնի եւ անհայտ արվեստագետների, գիտնականների ու մարզիկների վերաբերյալ, եւ Լիպոյի իմացության ու գիտելիքների առաջ նույնիսկ Ջոնն է սսկվում, եւ Լիպոյի ունկնդիրներին առանձնապես հետաքրքրում են հատկապես էն տիպի բաները, որոնք սովետական կամ ոչ սովետական հանրագիտարաններում չես գտնի, որովհետեւ սովետական ու ոչ սովետական հանրագիտարաններում ընդգրկված մարդիկ հիմնականում հասարակությանը հայտնի մարդիկ են, բայց բոլոր ժամանակներում էլ եղել են, կան ու կլինեն էնպիսիք, որոնք արժանավոր ու տաղանդավոր լինելով՝ որեւէ հանրագիտարանում տեղ չեն գտել, եւ նմանների անմահությունն ապահովվում ու երաշխավորվում է Լիպոյի ու նմանների շնորհիվ, եւ սա էդ անբախտների համար իսկական բարեբախտություն է, որովհետեւ Լիպոյի եւ Լիպոյի նմանների շնորհիվ հիմնականում հիշվում են նրանք՝ ովքեր քաղաքական ու ավելի անմեղ զանազան պատճառներով տեղ չեն գտել սովետական ու ոչ սովետական, հայկական ու ոչ հայկական հանրագիտարաններում, որովհետեւ գիտության բնագավառից հանրագիտարաններում ընդգրկված են առնվազն գիտության դոկտորները, մինչդեռ կյանքում ու իրականության մեջ եղել են, կան ու կլինեն էնպիսիք՝ ովքեր հեշտ ու հանգիստ կարող էին դոկտոր եւ նույնիսկ ակադեմիկոս լինել, բայց չեն եղել՝ շատերին անհայտ պատճառներով, եւ ահա Լիպոն ոչ միայն էդ մարդկանց գիտի, այլեւ՝ էդ պատճառները, ընդ որում՝ խոսքը վերաբերում է բոլոր բնագավառներին անխտիր, եւ չնայած Լիպոյին ճանաչողները նրան քայլող հանրագիտարան են համարում, ինքն էդ բնորոշմանն էնքան էլ չի համապատասխանում, որովհետեւ Լիպոն իր տարողունակ մտքի ու հոգու մեջ մշտապես տեղավորում ու կրում է առաջին հերթին նրանց՝ ովքեր հանիրավի, անարդարացիորեն ու աններելիորեն տեղ չեն գտել սովետական, նախասովետական, հետսովետական, հակասովետական եւ այլեւայլ հանրագիտարաններում, եւ էդ չնկատված, չգնահատված ու հալածված տաղանդները Լիպոյի շնորհիվ վերականգնվում ու ռեաբիլիտացիայի են ենթարկվում ապրողների սրտերի, հոգիների ու մտքերի մեջ, ընդ որում՝ էդ չգնահատված ու երբեմն նույնիսկ չնկատված եւ հիմնականում հալածված տաղանդներն ու երբեմն նույնիսկ հանճարները Լիպոյի շնորհիվ իրենց ամբողջ հասակով ու ամբողջ մեծությամբ են վերականգնվում ապրողներիս սրտերի, հոգիների ու մտքերի մեջ, որովհետեւ Լիպոն էդ տարաբախտ հալածյալների ու չգնահատվածների մասին գրեթե ամեն ինչ գիտի՝ ներառյալ անձնական կյանքի մանրամասները, եւ ինչն էլ որ չգիտի՝ ժամանակի ընթացքում փորփրելով ու հետաքրքրվելով իմանում է, եւ ինչն էլ որ կիսատպռատ գիտի՝ ժամանակի ընթացքում լրիվացնում ու համալրում է, եւ լրիվացրած ու համալրած՝ էդպես վերջնական ու պատրաստի մատուցում է ապրողներիս ու անտեղյակներիս. այսինքն, Լիպոն, ամեն ինչի մասին մեզնից ակնհայտորեն շատ իմանալով հանդերձ, իր իմացածով ամենեւին չի բավարարվում եւ իր վրա էլ մի գլուխ աշխատում ու աշխատում է, որովհետեւ Լիպոն ոչ միայն չնկատված, չգնահատված ու հիմնականում հալածված էդ տաղանդների եւ երբեմն նույնիսկ հանճարների դերն ու նշանակությունն է հասկանալով կարեւորում, այլեւ անձամբ իր դերն ու նշանակությունն է հասկանալով կարեւորում եւ կարեւորելով հասկանում, որովհետեւ միայն ու միայն Լիպոյի շնորհիվ եւ միայն ու միայն Լիպոյի միջոցով ժամանակակիցներս կարող ենք տեղեկանալ, որ, ասենք, այսինչ այսինչյանն այսինչ ու այնինչ թվականներին Հայաստանի Կենտկոմում ընդամենը հրահանգիչ աշխատելով՝ միանգամայն ընդդիմադիր է եղել Կոմկուսի հիմնական ու ընդունված գծին, եւ դույն անձնավորությունը հանրագիտարանում տեղ չի գտել ոչ թե էն պատճառով, որ Կենտկոմի հրահանգիչներն ընդհանրապես դուրս են մնացել հանրագիտարանից, այլ էն պատճառով, որ տվյալ անձնավորությունը սկզբունքորեն Կենտկոմի ընդունված ու հիմնական գծին դեմ լինելով՝ ամբողջ կյանքում հրահանգիչ է մնացել. հակառակ դեպքում դույն անձնավորությունը դույն Կենտկոմի բաժնի վարիչ, քաղտուղար եւ, ինչու չէ, նույնիսկ առաջին քարտուղար էլ կդառնար, եւ հիմա էսպես՝ առանց կոնկրետ անունների եմ խոսում ոչ միայն էն պատճառով, որ Լիպոյի իմացությունն ու մանավանդ հիշողությունը չունեմ, այլեւ էն պատճառով, որ Լիպոյի իմացությունն ու հիշողությունը չունենալով՝ հազվադեպ եմ ներկա գտնվում Լիպոյի սրճարանային եւ հիմնականում սրճարանամերձ շրջիկ դասընթացներին, որովհետեւ Լիպոն ու իր հիմնական ունկնդիրները, ի տարբերություն Օրթախի ու օրթախակիցների, համաշխարհային ու ազգային հարցերը հիմնականում քայլելով են քննարկում ու լուծում, եւ վերջին շրջանում ձախ ոտքիս պարբերական մզզոցներն ինձ պարբերաբար զրկում են համաշխարհային ու ազգային հարցերը Լիպոյի ու իր ունկնդիրների հետ քննարկելու ու լուծելու հնարավորությունից, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ Օրթախի իրիկնային սեղաններին մշտապես ու ամեն օր եմ ներկա, այլ ընդամենը նշանակում է, որ եթե երբեմն-երբեմն բուքմեյքերականներից բացակայում եմ, էդ կարճատեւ պահերին Օրթախենց հետ եմ՝ եթե ոչ «Տրիումֆում» ու ափամերձ սրճարանում, ուրեմն քաղաքից դուրս որեւէ այլ՝ առավել տեսարժան ու առավել թանկանոց մի տեղ, որովհետեւ վերջերս Օրթախին ու սեղանակիցներին հորդորելով համոզել եմ, որ բնության գրկում մարդու ախորժակն ավելի է բացվում՝ հատկապես բացականերին բամբասելու առումով, մանավանդ որ՝ «Տրիումֆում» ու լճափի սրճարանում բացականերից բամբասելն ամենեւին էլ անվտանգ չի, եւ հատկապես անհարմարության տեսակետից է վտանգավոր, որովհետեւ «Տրիումֆում» կամ լճափի սրճարանում որեւէ բացակա ընկերոջ բամբասելիս՝ միշտ պիտի պատրաստ լինես էդ բացակա ընկերոջ անսպասելի ու հանկարծակի հայտնվելուն, եւ չնայած էդպիսիք ամեն օր չպատահող դեպքեր են, այդուհանդերձ, բարոյականության ու էթիկայի նորմերը պահանջում են, որ էդ տեսակ անակնկալներին ոչ միայն բամբասողը պատրաստ լինի, այլեւ՝ բամբասվողը, եւ եթե որեւէ բացակա ընկերոջ բամբասման պահին կոնկրետ էդ բացական հանկարծակի ու անսպասելի հայտնվում է անձամբ քո գլխավերեւում, էդ հանկարծակի ու անսպասելի հայտնվածին ոչ թե պիտի չքմեղորեն ժպտալով բարեւես, այլ էդ հանկարծակի ու անսպասելի հայտնվածին հենց տեղում ու հենց հայտնության պահին պիտի էնպիսի տհաճ մի բան ասես, որ նույնիսկ մտքով էլ չանցնի թե՝ նախքան իր հանկարծակի ու անսպասելի հայտնվելն էլ ես իր հասցեին էդ տեսակ վատ ու տհաճ բաներ ասել ու խոսել, բայց էս ասածս ընդամենը վերաբերում է է՛ն բացառիկ դեպքերին, երբ բամբասողներից ամենաակտիվն ես եղած լինում, եւ բամբասվողն էլ անձամբ քո գլխին է եկած ու կանգնած լինում, եւ էդպիսի դեպքերը հաճելիորեն քիչ են՝ մանավանդ իմ պրակտիկայում, որովհետեւ, ինչքան էլ մյուսներից ավելի բամբասասեր լինեմ, մյուսներից զգալիորեն պակաս եմ մերոնց էդ իրիկնային սեղաններին ներկա գտնվում՝ բուքմեյքերական, ստեղծագործական եւ այլ հարգելի պատճառներով, եւ եթե էդպիսի տհաճ վիճակում երբեմն հայտնվում էլ եմ, նկարագրածիս պես ճարպկորեն ճողոպրում եմ էդպիսի տհաճ ու անհարմար վիճակից, բայց ամենաանհարմարն էն դեպքերն են, երբ ինքս ոչ թե բամբասողի դերում եմ գտնվում, այլ՝ բամբասվողի, եւ երբ երբեմն Տերյանի բուքմեյքերականից ճողոպրելով՝ մոտենում եմ տղերքի սեղանին ու մարդկությանը դեռեւս անհայտ ինչ-որ զգայարանով զգում եմ, որ տղերքի էդ պահի բամբասանքն անձամբ ինձ է վերաբերում, ես իմ բամբասվելն ու հիմնական բամբասողին անսխալ ու անվրեպ գուշակելով՝ ոչ թե գալիս ու հիմնական բամբասողի գլխին եմ կանգնում, այլ ընդհանուր բարեւելով՝ գնում ու սրճարանի ամենահեռավոր անկյունից եմ ինձ համար աթոռ բերում, որպեսզի հիմնական բամբասողն անհամար վիճակից պլստալու ժամանակ ու հնարավորություն ունենա, եւ չնայած էս բաներն էսքան երկարբարակ ու էսքան մանրամասն եմ նկարագրում, բնավ չի նշանակում թե՝ էդպիսի անհարմար վիճակի մեջ հաճախակի եմ հայտնվում. ընդհակառակը. էդպիսի անհարմար վիճակի մեջ մյուսներից քիչ եմ հայտնվում, որովհետեւ հազվադեպ եմ հաջողացնում ոտքս բուքմեյքերականներից կտրել, եւ նվաստիս հետ կապված բամբասանքի թեման էլ է հիմնականում էդ. այսինքն, տղերքն իմ բացակայությամբ իմ մասին մտածելով ու իմ մասին խոսելով՝ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ ամեն իրիկուն ներկա չեմ իրենց էդ հանապազօրյա սեղաններին, եւ ինձ էդ հարցը մշտապես տալով եւ մշտապես ինձնից որոշակի ու սպառիչ պատասխան չստանալով՝ իմ բացակայության պայմաններում էլ են էդ հարցը մշտապես օրակարգում պահում, եւ չնայած մշտապես իրենց հուզող էդ հարցի պատասխանն ինձնից երբեւէ չեն ստանում, էդ հարցը չափազանց հստակ պատասխան ունի, այն է՝ ես ի վիճակի չեմ միեւնույն պահին ներկա գտնվել բուքմեյքերականում ու Օրթախի սեղանին, եւ չնայած էդ հարցի պատասխանն էսքան պարզ ու էսքան հասարակ է, հազար ու մի կենցաղային ու մաթեմատիկական խնդիրներ լուծած տղերքը ոչ մի կերպ չեն կարողանում էդ հարցի էս պարզունակ պատասխանն ինքնուրույնաբար ստանալ, եւ ամենադաժանն էն էր, որ Ախալքալաքցի Ռաֆոն առանց էդ հարցի պատասխանն ստանալու՝ անցյալ տարի ընդմիշտ հեռացավ կյանքից ու մեզանից, ու մինչ էս ամենի մասին էսպես երկարբարակ խոսում ու գրում էի, Սեթն էլ մշտնջենապես հեռացավ՝ նմանապես էդ հարցի պատասխանը չստանալով, եւ Սեթի բացակայության պայմաններում Օրթախի իրիկնային սեղաններին իմ բացակայությունն ավելի ու ավելի է զգացվում, որովհետեւ էն գլխից ընդունված ավանդույթ է, որ Օրթախի սեղանին արձակագիր կամ վատագույն դեպքում բանաստեղծ պիտի նստած լինի, որպեսզի իրենք անձամբ արձակագրին ու անձամբ բանաստեղծին գրական ու գրականագիտական դասեր տալու հնարավորություն ունենան, եւ քանի որ ինձ հավասարապես արձակագիր ու բանաստեղծ են համարում, իմ ներկայությունն ավելի են կարեւորում՝ մանավանդ Սեթի հավերժական բացակայության պայմաններում, եւ եթե Սեթի մշտնջենական բացակայության հանգամանքին գումարենք նաեւ Ջավախյանի տասնյակ ու հարյուրավոր բացակայությունները, ձեզ համար էլ հասկանալի կդառնա՝ ինչու են Օրթախն ու սեղանակիցներն իմ բացակայությունն էդքան ծանր տանում եւ իմ կարիքն էդքան ուժեղ զգում, եւ չնայած Ջավախյանի կարիքն էլ են զգում, այդուհանդերձ, իմ կարիքն ավելի են զգում՝ ոչ թե էն պատճառով, որ ես հավասարապես արձակագիր ու բանաստեղծ եմ, եւ ոչ էլ էն պատճառով, որ Ջավախյանին ինձնից պակաս գրող կամ ինձնից պակաս բամբասող են համարում, այլ հիմնականում էն պատճառով, որ ինձ ավելի հուսալի ու ավելի վստահելի բամբասող են համարում, այսինքն՝ էդ ասպարեզում անհամեմատ արհեստավարժ, եւ Ջավախյանի համեմատ իմ արհեստավարժությունը կայանում է նրանում, որ ես, բամբասանքի իմաստն ու նշանակությունը կարեւորելով հանդերձ, նաեւ բամբասանքի չգրված օրենքներին եմ լուրջ նշանակություն ու կարեւորություն տալիս, եւ, որ ամենակարեւորն է, ես, ի տարբերություն Ջավախյանի, լավագույնս եմ պահպանում բամբասանքի էդ, ուրեմն, չգրված օրենքները, որոնցից կարեւորագույնն էն է, որ երբեք ու ոչ մի դեպքում չպիտի բամբասանքը հասցնես բամբասվողին, ու էդ իմաստով Օրթախի ու բոլորի համար չափազանց հուսալի պարտնյոր եմ, ընդ որում՝ ոչ միայն Ջավախյանի համեմատ, իսկ ինչ վերաբերում է անձամբ արձակագիր ու արծաթավաճառ Լեւոն Ջավախյանին, ինքն Օրթախենցից ազատ իր ժամանակը ոչ թե բուքմեյքերականներում է մսխում, այլ հիմնականում՝ Լիպոյենց հետ, եւ Ջավախյանն Օրթախենցից ազատ իր ժամանակը Լիպոյենց նվիրելով՝ զուգահեռաբար նաեւ «Կետիկնոցի» իրիկնային սեղաններին է ներկա գտնվում, որովհետեւ իր հիմնական ընթերցողներն իրիկունները «Կետիկնոցում» են նստում, եւ իր հիմնական ընթերցողներն Աստծո ամեն իրիկուն Ջավախյանի ներկայությամբ կրկնվելով՝ վերստին ու նորից ասում ու խոստովանում են, որ Ջավախյանն է մեր ժամանակի լավագույն գրողն ու արձակագիրը, եւ վատագույն դեպքում Շանթն ու մի քանիսն իմ անունն էլ են ավելացնում, եւ Ջավախյանն Աստծո ամեն իրիկուն Լիպոյենցից մի կարճ ժամանակով պոկվում եւ «Կետիկնոցում» դարձյալ ու վերստին համոզվում է, որ, այնուամենայնիվ, ինքն է մեր ժամանակի մեծագույն գրողն ու արձակագիրը, եւ Շանթի, Աշոտի ու էլի մի քանիսի ներկայության դեպքում իր անվան կողքին նաեւ նվաստիս անունը մեծահոգաբար հանդուրժելով՝ դարձյալ ու վերստին վերադառնում է Լիպոյենց:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829