Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան դրվագներ

Փետրվար 04,2012 13:16

 ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Պրոսպեկտ. պարիսպը

Խորհրդավոր մի տնից ավելի շատ սպիտակ պարսպից էր սկսվում մեր Պրոսպեկտը: Դա Հարությունովի տան պատն էր, իսկ պատից այն կողմ երեւում էր միայն շենքի կտուրը, եւ թե պատը, թե շենքի երեւացող մասը սպիտակ էին ներկված: Եվ դա մեր երեւանյան «Սպիտակ տունն» էր: Շա՜տ եւ շա՜տ քիչ մարդիկ են եղել այդ սպիտակ բարձր պատի այն կողմը, այսինքն՝ Հարությունովի երեւանյան բնակավայրում:

Տունն այդ, Բաղրամյանի վրա գտնվող Կենտկոմի (ՃԽ) շենքի հետ, մարմնավորում էր երկրի գերագույն իշխանություն հասկացողությունը: Որովհետեւ կար մեկ Հարությունով, եւ մնացյալ նրա ենթակաները, ասենք՝ ինչպես փարավոնը եւ մնացյալ քուրմերը: Հարությունովը ընտրվեց 1938թ. եւ Կենտկոմը ղեկավարեց մինչեւ 1953թ. նոյեմբերը: Տունն, ի դեպ, բարձրաճաշակ ճարտարապետական կոթող է, որ իր ձեւում մինչ այսօր չի գերազանցվել: Այն կառուցվել է 1938-1939թթ.: Երեւանցիները գիտեին, որ երկիրը ղեկավարվում է այն մարդու կողմից, որն ապրում է Պրոսպեկտի գլխավերեւը, խորհրդավոր, մի ողջ քաղաքի համար անմատչելի տանը, որի պարսպի տակով միայն իրավունք ուներ անցնել երեւանցին եւ որտեղից կարող էր միայն շենքի արծաթագույն ցինկով ծածկված կտուրը տեսնել: Եվ նա խոյացած էր Պրոսպեկտի գլխամասում (այդ տարիներին Մատենադարանի շենքը դեռ կառուցված չէր) բարձր պարսպի ետեւը՝ հաստ ստվերախիտ ծառերով շրջապատված, որոնց, ի դեպ, միայն կատարներն էին երեւում փողոցից: Եվ օրն ի բուն ՄՎԴ-ի հատուկ պահակախումբ էր տեղադրված տան բակը տանող հատվածում: Եվ օրը մի քանի անգամ, մեծ սեւ գույնի մեքենաներ էին խորհրդավոր ելք ու մուտք անում շենքի միակ սեւ երկաթե դարպասով: Եվ մարդկանց թվում էր, որը երկիրը նույնպես ղեկավարվում էր այդ տան կողմից, դա մեր յուրահատուկ կաֆկյան «ամրոց» էր, այնտեղ համարյա թե սովորական մահկանացուի ոտք չէր դիպել (չհաշված սպասարկող անձնակազմը, որը նույնպես ձեւավորված էր ՉԿ-ի բովով անցած վարորդներից, խոհարարներից, ծառայողներից, պահակներից ու այգեպաններից: Եվ իրականում ոչ ոք չգիտեր եւ չպիտի իմանար, որ նրանք աշխատել են Հարությունովի մոտ, ավելի ճիշտ՝ սպասարկել են նրա նստավայրում: Հեռախոսն այդ շենքում մինչեւ իսկ իրավունք ունեին բարձրացնել հատուկ հերթապահները:

Եվ քիչ մարդիկ ընդհանրապես նրա տան պարիսպների տակով անցնելիս սիրտ կանեին գլուխները վեր բարձրացնել: Նախընտրում էին անցնել դիմացի մայթով, որտեղ բնակելի մեծ շենքի ներքեւի հարկում գտնվում էր նշանավոր պոնչիկանոցը: Եվ այդ մայթից, գոնե մեկ հայացք՝ հետաքրքրությունից դրդված, գցել են երեւանյան «Սպիտակ տան» ուղղությամբ: Ուղիղ 17 տարի եղել է մի վայր քաղաքի կենտրոնում, որտեղից 99% երեւանցիների համոզմամբ իջել են այն ցուցումները, կանոնները, որոնցով ուղղորդվել ու ապրել է քաղաքը: Տան հեղինակությունը ավելի բարձրացավ պատերազմի տարիներին: Հարկ է ասել, տան տերը, իր ասկետ բնավորության համաձայն, երբեւիցե լայն խնջույքներ, ճոխ ընդունելություններ չի անցկացրել իր նստավայրում: Եվ դրա համար նրա երկայն հասակը, միշտ ձիգ, առանց ավելորդ քաշի կազմվածքով շատ լավ էր դիտվում, որպես ոչ շարքային անձնավորություն: Այս էլ նրան առանձնացնում էր իր ցմփոր յուրայիններից:

Պատերազմի տարիներին հենց այդ «Սպիտակ տանն» էին հյուրընկալում Մոսկվայից մի քանի օրով կամ ժամով Հայաստան ժամանած կուսակցական կամ ռազմական բարձրադիր ղեկավարներ: Ով, երբ եկավ, ինչու եկավ եւ երբ գնաց՝ գիտեր միայն ինքը Հարությունովը:

Հարկ է ասել նաեւ, որ տարիների հետ Հարությունովը ոչ տունը մեծացրեց, ոչ էլ շինության կից տարածքը, թեեւ կարող էր ընդարձակել մինչեւ Մոնումենտի բարձունքները: Նա բավարարվել է եղածով: Փոխարենն ունեցել է մի մշտական միտում՝ հարստացնել նոր տեսակի հազվագյուտ ծառերով ու ծաղիկներով տան այգին, ունենալ իր համար սիրելի անկյուններ, ուր, ինչպես ասում է լեգենդը, սիրել է ժամեր առանձնանալ. միայնակ մնալ, մտածել, թե ինչ է կատարվում եւ, նամանավանդ, կատարելու այս բարձր սպիտակ պարսպից այն կողմ: «Սպիտակ տունն» էլ, ինչպես բարձրալեռ ամրոցը, պաշարումից պաշտպանված էր վստահելի պարսպով, որը կտրում էր նրան կյանքի ոչ շատ ուրախ, ոչ շատ տխուր հոգսերից: Պարիսպը տալիս էր կայունության զգացողություն, թեեւ կանցնեն օրեր եւ բանաստեղծուհին կասեր. «Նա իր ժողովրդից մեկուսացել էր պարսպով…»:

Հարությունովը

17 տարի այդ շենքը տիրել է երկրին, տիրել նույնքան խորհրդավոր ու շղարշով ծածկված ձեւով, որքան որ անմատչելի ու անիմանալի էր նրա տերը: Ընդհանուր առմամբ այդ մարդը, որ ստալինյան շրջանի մոտ վերջին երկու տասնամյակներին ղեկավարել է Հայաստանը, վատ մարդ չի եղել: Նա չի իրականացրել մասսայական գնդակահարություններ, չի եղել անձամբ մեղավոր հազարավոր մարդկանց ձերբակալությունների մեջ, չի կազմակերպել դատական պրոցեսներ ու անմեղ մարդկանց ձերբակալություններ: Նա եկավ Հայաստան, 1937թվի սեպտեմբերին, Բերիայի որոշմամբ: 1937թ. սեպտեմբերին, երբ Երեւանի ՉԿ-ի բանտում տանջամահ էին անում Եղիշե Չարենցին, ձերբակալեցին Իզաբելլա Չարենցին, բռնագրավեցին եւ ոչնչացրին պոետի ձեռագրերը: Հավատացած եմ, որ եթե նա մի տող Չարենց կարդացած լիներ, ապա մի նորմալ բժիշկ ուղարկած կլիներ խոշտանգվող պոետի խուցը, բայց ո՞ր լեզվով կարդար, եթե Հարությունովը հայերեն չգիտեր: Եվ թողեց մեկին, որն իր թե՛ սկզբունքներով, թե՛ կյանքի անցած ճանապարհով հազար անգամ ավելի կոմունիստ էր, քան ինքը՝ թելավյան կալվածատերի որդին: Ուրիշ զոհերի մասին էլ չենք խոսում… եւ հենց նրա ղեկավարության օրոք տեղի ունեցավ 1949 թվականի հազարավոր մարդկանց աքսորը դեպի Ալթայի երկրամաս: Եվ այն ամենը, ինչ նշանակում էր ստալինյան բռնություն եւ «կարմիր տեռորի» տարիներ եղան նրա գահակալության օրոք: Հարությունովը բացարձակ չէր շփվում ժողովրդի հետ, նրա լուսանկարը հայաստանյան թերթերում երեւում էր տարին միայն երկու անգամ՝ նոյեմբերի 7-ի եւ մայիսի 1-ի օրերին: Երբ տպագրվում էր Հայաստանի ղեկավարության լուսանկարը, շքերթի օրերին, մի խումբ մարդիկ՝ լայնեզր շլյապաներով եւ երկար վերարկուներով կանգնած էին հրապարակում Լենինի բարձրադիր արձանի տակ, հայ վարպետների կառուցած անձեռակերտ, նմանը չունեցող պատվանդանին. դա նոյեմբերի 7-ն է, եւ առանց վերարկուների՝ մայիսի 1-ին: Կենտրոնում միշտ Հարությունովն էր՝ բավական գեղեցիկ, կիրթ դեմքով, բայց երբեւիցե չէիք տեսնի նրան ժպտալիս. դե, ասենք, ժպտալու ինչ ուներ նա, եւ դա ինքը ամենքից լավ գիտեր: Հա, մեկ էլ տպագրվում էր նրա լուսանկարը Կենտկոմի համագումարի կամ կարեւոր պլենումի ժամանակ, որպես օրենք՝ նրա ելույթը պարունակող էջում: Էլ ուրիշ որտեղ տեսներ նրան ժողովուրդը: Մարդու մոտ չէր գալիս եւ մարդու չէր ընդունում:

Թող պարադոքսալ չթվա, սակայն նրա ղեկավարած տարիներին Հայաստանում ապրած հայ մեծ մարդկանցից ոչ մեկը, լինի դա Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Վիկտոր Համբարձումյանը, Հակոբ Կոջոյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Գոհար Գասպարյանը, երբեւիցե սպիտակ պարիսպներով շրջապատված նրա տանը չեն եղել, նրա հետ հանդիպում չեն ունեցել, իսկ եթե որեւէ օֆիցիալ միջոցառումի նրան պատահել են, ապա միայն արժանացել են նրա ողջույնին:

…Չէ որ նա սովորական մահկանացու չէր, որ այնքան ցած իջներ եւ իրեն պարզապես թույլ տար, որ իր թանկ ժամանակից (որը պատկանում էր սոսկ իր կենտկոմական շրջապատի երեւելիներին) րոպեներ շռայլեր եւ հատկացներ հայ մտավորականության սերուցքի վերոհիշյալ անձերից որեւէ մեկին: Նա սոսկ պետք է բարեւեր, այն էլ իր թիկնապահների շարքի ետեւից, եւ ոչ էլ ձեռքով, այլ պարզապես գլխով աներ ու անցներ: Նա ուներ իր արբանյակներին, իր համակուսակցական գործիչներին, որոնց էլ գերադասում էր հանդիպել ու հրահանգել Հայաստան երկրի բախտը:

Դիցուք ի՜նչ պիտի իրեն ասեին Իսահակյանը, Դեմիրճյանը, Զորյանը, Աբեղյանը կամ Աճառյանը, եթե կային Սահակ Կարապետյան, Զավեն Գրիգորյան, Բերսաբե Գրիգորյան, Արմո Հարենց, Մացակ Պապյան, Պողոսով, Լարիսա Ստեփանյան, Բալաբեկ Մարտիրոսյան, Օսիպյան, Կիմ Հովհաննիսյան, Վանյա Պողոսյան…

Այդ մարդիկ հիրավի մեկ անգամ չէ, որ եղել էին պարսպի այն կողմը, հյուրընկալվել այդ եզակի ոճով տանը, զբոսնել զարմանալի գեղեցիկ այգիով, որի հեղինակը նույնպես Գրիգոր Արտեմիչն էր: Նա առանձին սեր է վայելել այդ այգու հանդեպ, իր ընտրությամբ են արվել բոլոր տնկիները, հատուկ Թբիլիսիի եւ Բաթումի բուսաբանական այգիներից էկզոտիկ ծառատեսակներ եւ ծաղիկներ են բերվել: Հրաշալի է, որ մարդը սիրել է ծաղիկներ. նրա օրոք Երեւանն իրոք կանաչապատվեց, քաղաքում շատ գեղեցիկ այգիներ ու պուրակներ հիմնվեցին: Խիտ կանաչ ծառերով էր շրջապատված եւ մեր Պրոսպեկտը, եւ Աբովյան փողոցը, Բաղրամյանը, Լենինը, Օրջոնիկիձեն, Միկոյանը, Կիրովը, Մոսկովյանը, Սվերդլովը, Գնունին, Նալբանդյանը, Ալավերդյանը, Ամիրյանը, Մարքսի փողոցը: Ի դեպ, այդ փողոցներն էլ անվանվել էին նրա կամքով, նրա ճաշակով: Պատկերացնում եք, հանկարծ զարթնի Հարությունովը եւ իմանա, որ Ստալինի պրոսպեկտը կոչվում է Մեսրոպ Մաշտոցի անվամբ, իսկ Օրջոնիկիձեն՝ Արշակունյաց, Կարմիր բանակի փողոցը՝ Գրիգոր Լուսավորչի, Մարքսը՝ Խորենացու, Ալավերդյանը՝ Արամի անունով: Այ էս վերջին երկուսը, գլուխ կոտրի, չի իմանա, թե ովքեր են…

Ինչ ուզում ես ասա, սակայն Հարությունովի ձեռքի կամ ավելի ճիշտ՝ ճաշակի կնիքը կա թե Պրոսպեկտի, թե ողջ Երեւանի վրա: Եվ հարկ է ասել, որ նա ճաշակով մարդ էր, որ թեպետ իշխանության եկավ մեծն Թամանյանի մահից հետո, սակայն Երեւանը այնպես կառուցեց, որ չաղավաղեց թամանյանական նախագիծը:

Հարությունովը շատ էր սիրում 4-5 հարկանի տուֆակերտ, ազգային ուրույն ոճի, ճարտարապետական առանձնահատուկ լուծում ունեցող բնակելի շենքեր կառուցել: Ահա հիշենք մի քանի տուն Պրոսպեկտի վրա՝ հենց պարսպի ուղղությամբ ներքեւ գնացող վարդագույն տուֆից բնակելի շենքը, ուր առաջին հարկում գտնվում է եզակի դիզայնով արված «ՁՈոՈՍ» (Թութուն) ծխախոտի խանութը, հետո կինո «Նաիրիից» անմիջապես ներքեւ՝ սպիտակ տուֆից կառուցած, այսպես կոչված, Դերասանների տունը, Ամիրյան եւ Մարքսի փողոցների հատվածում մեծադիր մոխրագույն բնակելի շենքը եւ վերջապես Պրոսպեկտի զարդը՝ Ծածկած շուկայի շենքը, որի երկաթակուռ ֆասադը ինքնին մի արվեստի հրաշալիք էր: Այո, Հարությունովը ուներ յուրահատուկ ճարտարապետական ճաշակ, իր էպոխային համահունչ: Ես այդ ոճը միապետության տարիների կանվանեի ստալինյան նեոռոմանտիզմի ոճ, եւ լավագույն շենքերը այդ տարիների՝ դրանք ճարտարապետ Շչուսեւի նախագծած Լենինի դամբարանն էր Կարմիր հրապարակում, Կարո Հալաբյանի գծագրած Կարմիր բանակի թատրոնի աստղաձեւ շենքը եւ 1940-1950-ական թթ. Մոսկվայում կառուցված մի քանի երկնաքերները՝ բնակելի շենքերը Կոտելնիկովսկայա, Բարիկադնայա հրապարակներում, «Լենինգրադսկայա», «Ուկրաինա» հյուրանոցները, Արտաքին գործերի եւ Տրանսպորտի նախարարությունների շենքերը, Լոմոնոսովի անվան համալսարանը. այս երկնաքերները, որոնք ամերիկյանից ավելի բարձր չէին, սակայն շատ ավելի վեհաշուք էին եւ ինքնատիպ, կառուցված են ակադեմիկոսներ Ժոլտովսկու եւ Շչուսեւի ճարտարապետական արվեստանոցներում: Սրանց ոճին կարելի է միացնել Թբիլիսիի Կառավարության շենքը, Սոչիի կայարանի շենքը եւ մի քանի առողջարաններ Սոչիում, Սուխումիում, Կիսլովոդսկում:

Մեր Երեւանում այնքան զորեղ էր մեծն Թամանյանի ազդեցությունը, որ մեր քաղաքը, որոշ իմաստով, զերծ մնաց ստալինյան նեոռոմանտիզմի դպրոցից, չնայած այդ ոճն էր Գրիգորի Հարությունովի նախասիրությունը, բայց եւ այնպես մի քանի շենքեր կառուցվեցին, որոնք գլուխգործոցներ կարելի է համարել. Բաղրամյանի պողոտայում խոյացած Կենտկոմի շենքը (գծագրի հեղինակ՝ Մարկ Գրիգորյան), ավելի թույլ իրագործում էր Երեւանի կայարանի շենքը, Մամուլի շենքը Տերյանի վրա, բայց եւ այնպես, ինչ որ կառուցվել է Հարությունովի օրոք, ունեցել է ուրույն ազգային ոճ, ապա հիշենք Երեւանում եւ մի շարք մարզկենտրոններում կառուցած մշակույթի պալատների շենքերը, որոնց ապոթեոզը Կանազի մշակույթի պալատն է: Լավ թե վատ, Հարությունովը կառուցեց մեր պրոսպեկտը, որն սկզբում կոչվեց Ստալինի անվամբ, իսկ հետագայում՝ Լենինի անվամբ (դե հայ ղեկավարների միտքը ուրիշ թռիչքի ընդունակ չէր), իսկ այսօր այն կոչվում է Մեսրոպ Մաշտոցի անվամբ, իսկ ժողովրդական ձեւով ասած՝ Պրոսպեկտ: Նա նոր Երեւանի կյանքի հիմնական արտերիան է՝ զարկերակը, որը սկիզբ է առնում Մատենադարանի բարձունքից ու իր մեջ է ներառնում երբեմնի հզոր «Սպիտակ տան» ոչ պակաս հզոր պարիսպը: Այն ճամփով, «Սպիտակ տան» տարածք էր մտնում մինչպատերազմական շրջանում Հարությունովի «ԶԻՍ-101»-ը, իսկ հետո բաց թափքով «Ֆորդը», իսկ ամենավերջին շրջանում՝ 1948-1953թթ. (մի խումբ հայտնի հայրենադարձների կողմից նվիրաբերված) ամերիկյան վերջին մոդելի, երկայն ու սեւ «Դե-Սոտո» մեքենան, հենց այդ մեքենան էլ Հայաստանի Կենտկոմի վերջին պլենումից «Սպիտակ տուն» բերեց արդեն պաշտոնաթող եղած Գրիգոր Արտեմիչին…

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829