Լրահոս
Օրվա լրահոսը

Դպիրը պնդում է՝ մահից հետո կյանք կա

Փետրվար 04,2012 13:13

Հին փիլիսոփաներն են ասել, որ իմաստություն է մահվան մասին խոսելը: Շատերին է հուզում, թե կա՞ արդյոք հավիտենական կյանք, ինչ է մեզ սպասվում մահից հետո: Երանելի կյա՞նք, թե՞ այդ ամենը լավ հորինված առասպել է:

Այս եւ սրան հարող այլ հարցեր դարձել են վերջերս հրատարակված «Հոգեհանգստի խորհրդաբանություն» գրքի նյութը, որի հեղինակը  Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դպիր Արամ Դիլանյանն է: Գրքում անդրադարձ կա աշխարհի արարչագործության, սուրբ հրեշտակների դասերի եւ ընկած հրեշտակների գործելակերպի մասին, ինչպես նաեւ Ահեղ դատաստանի:

«Առավոտի» հետ զրույցում Արամ դպիրն ասաց, որ գիրքը ոչ թե միայն իր երեւակայության պտուղն է, այլ հավաքված է  Ընդհանրական եկեղեցու հոգեկիր վարդապետների երկերից, ծաղկաքաղի սկզբունքով եւ ամբողջովին ներկայացնում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու վարդապետությունը հանդերձյալի վերաբերյալ:  Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ պարզության համար նյութերը բերված են ժամանակակից մարդու մտածելակերպին հարմար շարադրանքով: Ասվում է, որ այս եւ նման հարցերի իրական պատասխանը կարող է տալ միայն եկեղեցին, քանի որ եկեղեցին երկինք է Երկրի վրա եւ իրենում ամբարված ունի այն ամենը, ինչ  անհրաժեշտ է մարդուն:  Այնուամենայնիվ, կա՞ հանդերձյալ  կամ հավիտենական կյանք հարցին Արամ դպիրի պատասխանը հակիրճ էր. «Անկասկած՝ այո: Երկրորդ տարբերակ չկա»:

Մեզ հասած լուրը, թե այս հրատարակված գիրքն արդեն հասցրել է հայտնվել Երուսաղեմում եւ դառնալ Ժառանգավորաց վարժարանի դասագիրք, հաստատեց մեր զրուցակիցը, նշելով, որ սա իր երկրորդ աշխատությունն է.  տարիներ առաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի հրատարակչությունում ինքը հրատարակել է «Տերունի տոներ» աշխատությունը, որը նույնպես ծաղկաքաղի սկզբունքով է կազմված եւ վաղուց  արդեն  ընդունվել է որպես դասագիրք Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի կողմից: Անդրադառնալով «Հոգեհանգստի խորհրդաբանությանը», Արամ դպիրը հույս հայտնեց, որ այս աշխատությունը գուցե առիթ դառնա նոր հարցադրումների, խորհրդածությունների ու քննարկումների, որին պատրաստ է մասնակցել ինքը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829