Մարտի 18-ին հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ անցկացվելիք Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը: Մրցանակաբաշխությանը ներկայացվել է շուրջ 102 լիամետրաժ, կարճամետրաժ, անիմացիոն եւ վավերագրական ֆիլմ: Մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ: Երեկ կայացած գաղտնի քվեարկության առաջին փուլում յուրաքանչյուր անվանակարգի համար ժյուրիի կողմից ընտրվեց 2-3 ֆիլմ: Իսկ երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները: Ինչպես նշեց ժյուրիի անդամ, արվեստաբան Նարեկ Թովմասյանը, ազգային կինոյի մրցանակաբաշխությունն անչափ կարեւոր նախաձեռնություն է եւ պահանջում է մեծ պատասխանատվություն: Բոլոր ֆիլմերը դիտած արվեստաբանի կարծիքով՝ կան հաջողված եւ չհաջողված աշխատանքներ. «Մեր հեռուստատեսությունները քիչ ուշադրություն են դարձրել հայկական ֆիլմերին, գերիշխում են ավելի պոպուլյար ֆիլմերը, մինչդեռ հայկական կինոն պետք է հասանելի լինի հայ հասարակությանը»: Ժյուրիի մեկ այլ անդամ՝ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանը նշեց, որ ներկայացվող ֆիլմերի առավելությունը դրանց քանակն է, իսկ բացթողում ռեժիսորը համարեց դրամատուրգիայի պակասը. «Տեսնում ես ռեժիսորի եւ դերասանի շնորհք, բայց չկա կազմակերպված նյութ: Ընդհանուր առմամբ՝ աչքի ընկնող ֆիլմի կարծես թե չեմ հանդիպել»:
Մրցանակաբաշխությանը, բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվի նաեւ չորս հատուկ մրցանակ՝ հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ