Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ տատի ոչ պաշտոնական պատմությունը…

Փետրվար 04,2012 13:09

Հայ Նանչոյի այգուց սալոր թռցրած տատս ու իր չորս եղբայրները իրենց մայրերի՝ «անհավատների լեզվով» խոսելու մասին իմացել են սալորի պատճառով ծագած վեճի ժամանակ։ Խլաթ-Դիարբեքիր գաղթով Ստամբուլի հետ կապված մեծ տատիկիս ոչ պաշտոնական կյանքը պաշտոնական պատմությանը ծամածռվում է…

Նոր էի հինգ տարեկան, երբ Ստամբուլ գնացած տատս վերադառնալուց հետո շատ տխուր ու կոտրված էր։ Ես չէի հասկանում տխրությունը, կոտրված լինելը։ Փոքր էի։ Սակայն միշտ ժպտերես տատիկիս երեսի ստվերը յուրահատուկ էր։ Մորն էր կորցրել։ Մի տարի հետո՝ արձակուրդների ժամանակ, գնացինք Ստամբուլ, Էյուփում գտնվող (թաղամաս Ստամբուլում– ծնթ. թարգմանչի) այդ վիթխարի տան պատշգամբից նայեցինք Ոսկե Եղջյուրի ծոցին։ Հետո գնացինք միասին ու լացեցինք գերեզմանատանը, որի դռներին այսօր գրված է՝ «Ամեն կենդանի էակ մի օր առնելու է մահվան համը»։ Ես չգիտեի, թե ինչու եմ լաց լինում, նա լացում էր, ես էլ էի լալիս։ Հետո տարիներ անցան, ես մեծացա, կրկին գնացինք Ստամբուլ։ Երբ կրկին Էյուփի տան պատշգամբում նստած էինք, տատիկս ցույց տվեց մեր մեծ այգու հետեւում գտնվող մի ավելի մեծ այգի ու ասաց. «Սա Նանչոյի հողամասն է, որ տվել է պատրիարքարանին»։

Մի օր Նանչոն, որի այգուց սալոր էին թռցրել, հետեւներից բղավել է՝ «ավանակ»։ Սրա վրա բորբոքված մեծ տատս դուրս է եկել ու տատիկիս համար անհասկանալի մի լեզվով ինչ-որ բաներ է ասել։ Բարկացած վերադառնալով՝ արգելել է տատիս ու նրա եղբայրներին ընկերություն անել Նանչոյի երեխաների հետ։

Այդ սալորների խնդիրը այդպես չի մնացել, ուռճացել է։ Պարզվում է, որ Նանչոն նրանց հայերենով «ավանակ» է ասել, մեծ տատս դրա վրա է բարկացել։ Տարօրինակն այստեղ հայերենն էր, որ մեծ տատս ջրի նման հասկացել էր, ու նույնիսկ լեզվի գիտելիքը նրան բավարարել էր հարձակվել Նանչոյի վրա։ Իրենց մոր «գյավուրերենի» վրա զարմացած տատս ու չորս եղբայրները որոշ ժամանակ ազգակից էին համարում իրենց մյուս հայ ընկերներին…

Կամակորությունից մինչեւ 96 տարեկան ծխախոտից չհրաժարված, մեկ ու ութսուն հասակով, բարդու պես բարակ մեծ տատիկիս ոչ պաշտոնական կյանքը պաշտոնական պատմության համար մտահոգության առիթ է։

Վանի Խլաթ շրջանում ծնված այս թրքուհին մեծացել է որպես մի մեծ ընտանիքի սիրված մանուկ, պարտեզի վարդ։ Ժամանակից վաղ ուսուցիչ հայրը դստերը սովորեցրել է ոչ միայն կարդալ-գրել, այլեւ գեղեցիկ խոսել ու լողալ։ Ընտանիքը մեծ էր. մորաքույր, հորաքույր, քեռի, հորեղբայր։ Մի մեծ տան մեջ էին ապրում։ Դեռ սպասավորներ էլ ունեին։

Այս ընտանիքի նախնիները դեռ այս հողում էին արմատներ գցել, ու ընտանիքը թափառական պատմություն չուներ։ Այդ աստիճանի տեղացի էին։

Գեղեցիկ պատմություն է, այդպես չէ՞։

Ոչ… Ես հասկացել էի, որ մեծ մորս պատմությունը գեղեցիկ չէ, երբ տեսնում էի, թե ոնց է լալիս տատս, երբ լսում է «Դուրսը ձյուն է գալիս, աման, մայրիկս, հոգիս մղկտում է» ժողովրդական երգը։

Խլաթում մինչեւ 13 տարեկան ապրած այս աղջնակի՝ հետագայում Նանչոյի հետ վիճելու չափ «գյավուրերեն» իմանալու պատճառը հայ ընկերներն էին… Ոնց ընթացավ ճակատագիրը, որ այն ժամանակ երեւի «բռնոցի» խաղալիս օգտագործած բառերը Խլաթից իր հետ բերեց Ստամբուլ։

Ոչ պաշտոնական կյանքն ապրող մեծ մորս «կենսահամակարգը» խախտողը Առաջին համաշխարհային պատերազմն էր։ Մինչեւ իրենց ավանը հասած ավազակների ոտքերի տակ փոշիացած ու կարծես թե թունավորված հողը կուլ տվեց սեւ գլխարկ կրող հայերին։

Մեծ տատիկիս հայրը իր այդ հին ընկերներին, որոնց հետ միասին իր ողջ ընտանիքի պատմության ընթացքում հաց են կիսել, նստել-վեր կացել, իրար հասնող բարեկամներ եղել, թաքցրել է իր տների մառաններում, ախոռներում, ջրհորների հատակներում։ Այսպիսով, փոշու կուլա կապած հողին մեծ տատիկիս տանը բնակվող հայերի արյունը չի խառնվել։

Որոշ ժամանակ անց նրանք ամեն դեպքում իրենց կենդանիներին բեռնեցին ու ընկան անհայտ վերջնակետով ճանապարհորդության…

Այս ամենից շատ չանցած՝ հողը թույնի նման բարձրացնողները վերադարձան՝ գնացածների տները, թողած իրերը ապրանքագրելու ու մեկ էլ թողած պարտքերը հավաքելու։ Թողած պարտքերի մեջ կար նաեւ «գյավուրի ծնունդներին» պատսպարած մեծ տատիկիս ընտանիքի հաշիվը։ Հայերին թաքցրած ախոռներն այրեցին, մառանները քանդեցին, ջրհորներ արյուն հոսեց։

Այս անգամ անհայտ վերջնակետով ճանապարհորդություն ընկնելու հերթը մեծ տատիկիս ու նրա ընտանիքինն էր։ Ճանապարհորդության հենց սկզբում նախ հայրը, մի քիչ հետո էլ մայրը մահացան։ Դիֆտերիայի, դիզինտերիայի ժամանակն էր։

Ընդամենը երեք հոգով կարողացան հասնել Դիարբեքիր։ Մեծ տատիկիս մնացել էին միայն թաքցրած մի քանի կտոր ոսկին, արծաթե գոտին, մեկ երկու ընտանեկան մասունք, քույրն ու եղբայրը։ Եղբոր՝ բանակում ծառայելու ժամանակն էր եկել, ու զինվորագրելու համար եկած սպան մեկ եղբորը նայեց, մեկ էլ Զեյնեբին, որ դառնալու էր իմ մեծ տատը։ Մինչ եղբայրը գնաց կռվելու Սաուդյան Արաբիայի անապատները, Զեյնեբը գնաց Ստամբուլ որպես Շեւքեթի կին։

Շեւքեթը, ով բանակի արկածախնդրության էր գնացել, քանի որ նեղացել էր գինարբուքների համար նախատող հորից ու որոշել էր պատժել իր ընտանիքին, վերադարձավ բարձրահասակ, նրբիրան, նեղացկոտ ու կամակոր մի աղջկա եւ նրա քրոջ հետ միասին։ Այդ աղջիկը հետո հինգ երեխա ունեցավ, դարձավ տատիկ, ապա մեծ տատ։

Ստամբուլի հետ համաքայլ ապրելու մեջ բարդություն չտեսնող մեծ տատիկիս տարօրինակությունների մասին լուրերը կարճ ժամանակում տարածվեցին։ Անատոլիայի չգիտեմ որտեղից եկած այս փոքր կնոջ՝ ուտեստի նկարագրությունը հասկանալու չափ հայերենի իմացությունը կասկածի տեղիք էր տալիս։ Սեւ գլխաշորը, փաթաթովի ծխախոտը, նվիրվածությունը Ֆեներբահչեին, լողալ սիրելու պատճառով գիշերները Սեւ ծովի ցասումնալի ալիքների մեջ նետվելը միշտ նրա «ինչ են ասում կոտորածին» ականատես լինելու նշան էր, ինչ էր…

Երբ մեծ տատս արդեն հասել էր չորրորդ զավակի քայլելու ժամանակաշրջանին ու Նանչոյի հետ սալորի վեճ էր արել, ոչ մի կերպ բանակից չվերադարձող եղբոր հետեւից երգում էր «Դուրսը ձյուն է գալիս» ժողովրդական երգն ու հոնգուր-հոնգուր սկսում էր լաց լինել, հասկանում էինք, որ կարոտախտ է։ Նա լալիս էր, Նանչոյի կինը սրբում էր արցունքները։ Միասին երեւի լալիս էին գնացածների, գուցե եւ մնացածների համար…

Հետո պատմեց տատս, որ իր մայրը շատ նեղված էր թե՛ որովհետեւ կարծում էին, որ ինքը հայ է, թե՛ որ ինքը վատ էր զգում հայ լինելու կասկածանքից։ Նա ընդհանրապես անտեսեց, որ իր ողջ ընտանիքի կորստի պատճառը հանդիսացող «սեւ պատմությունը» բաժանեց «մեզ»-ի ու «ձեզ»-ի։ Այնպես որ, բոլոր երեխաներին սովորեցրեց ոչ միայն հայերեն, այլեւ հասկանալու չափ հունարեն։

Այդ պատճառով է, որ երբ տատս հանդիպեց արդեն հեռավոր երկրներում ապրող իր ընկերների հետ ու «գյավուրերեն» զրուցեց իրենց հետ, որոշ ժամանակ հույներին իմ ազգակիցն էին կարծում…

Թող պաշտոնական պատմությունը որքան ուզում է գրվի, ես իմ տատիկի ոչ պաշտոնական պատմությունից սովորեցի «ավանակ» ու «կալիմերա» «կալիսպերա» (բարի առավոտ, բարի երեկո հունարեն– ծնթ. թարգմանչի) ասել ու, երբ լսում եմ «Դուրսը ձյուն է գալիս» ժողովրդական երգը, հոգիս մղկտում է…

ԱՅՉԱ ՕՐԵՐ
«Ռադիքալ» օրաթերթ

 

Տպագրվել է «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829