Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գեւորգյանի կալանավորման հիմքերը շինծու են

Փետրվար 04,2012 13:08

2012թ. փետրվարի 3-ին ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ոստիկանության պաշտոնական բացատրությունն այն է, թե, իբր Հայկ Գեւորգյանը հունվարի 13-ին վրաերթ է կատարել, քաղաքացուն թողնելով դեպքի վայրում, հեռացել տարածքից ու ոստիկանությունը 10 օր շարունակ որոնել է նրան:

Մեզ համար անհասկանալի է մնում, թե.

*ինչպես ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ խժռող ու մի քանի տասնյակ հազար աշխատակից ունեցող ոստիկանությունը չի կարողացել 10 օր շարունակ գտնել «հետախուզվող» Հայկ Գեւորգյանին;

*ինչ հիմքերով է հայտարարվել Հայկ Գեւորգյանի հետախուզումը, երբ նրա գտնվելու վայրը հայտնի է եղել. նա ամեն օր աշխատանքի է գնալ նույն ավտոմեքենայով, ամեն օր հոդվածներ է հրապարակել թերթում եւ խմբագրել թերթը, հավատարմագրով ելումուտ է արել պետական հիմնարկներ եւ մասնակցել կառավարության նիտերին:

*ինչու որեւէ կարգավիճակով ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ուղարկվել Հայկ Գեւորգյանին:

Մենք հիմնավոր ենք համարում «Հայկական Ժամանակ» օրաթերթի թերթի խմբագրակազմի մտահոգություններն առ այն, որ օրաթերթի առաջատար լրագրողի նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսով հայտարարում է, որ իր վերլուծական հոդվածներով իշխանություններին տարիներ շարունակ հիմնավոր կերպով քննադատած լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հիմքերը շինծու են, նման են վրեժխնդրության, եւ նպատակ ունեն այլ լրագրողների ահաբեկմամբ հերթական անգամ սահմանափակել խոսքի ազատությունը Հայաստանում:

Չնայած այն ամենահնարավոր հանգամանքին, որ ոստիկանության այս հարձակումը նպատակ ունի խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, խորացնելու վախի միջավայրը հայաստանյան լրատվական դաշտում, «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ այս հերթական հարձակումն անպտուղ է լինելու. ոստիկանության հաշվարկը հերթական անգամ սխալ է, արդյունքում հերթական անգամ տուժելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

Մենք, միանալով ազատ լրագրողական հանրության պահանջներին, պահանջում ենք փոխել Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ անհապաղ ազատ արձակել նրան:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել