Լրահոս
Օրվա լրահոսը

Մուտք էր գործել առանց մարմնական վնասվածքների

Փետրվար 04,2012 13:05

Եվ ժամանակավոր մեկուսարանից դուրս էր եկել մարմնական վնասվածքներով

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճիռն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության:

Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ է թողել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա նոյեմբերի 29-ի որոշումը, որով դատարանը օրինական է համարել ՀՀ Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Ս. Սաղաթելյանի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն ու մերժել ՀՔԱՎ-ի՝ այն վերացնելու պահանջը:

Գողություն կատարելու համար իր պատիժը կրած եւ այժմ ազատության մեջ գտնվող գյումրեցի Վլադիմիր Տոնոյանը դեռ 2009 թվականի նոյեմբերի 8-ին «Վանաձոր» ՔԿՀ այցելած իրավապաշտպան Արթուր Սաքունցին հայտնել էր, որ 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժնում քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով կիրառել են բռնություններ, մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները ռետինե մահակներով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածների, ինչի արդյունքում ինքը մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:

«Քրեական գործի վարույթը կարճելով՝ նախաքննական մարմինը խախտել է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3- րդ հոդվածը»,- բացատրում է Արթուր Սաքունցը:

Նա նշում է, որ նախաքննական մարմինը Վլադիմիր Տոնոյանին ծեծի ենթարկելու փաստի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի կատարել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումն էլ չունի պատճառաբանական մաս:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Տոնոյանի վրա անձնական զննությամբ հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ այտուց ձախ արմնկային հոդի շրջանում: Վնասվածքները հասցված են բութ, կոշտ առարկայով, Տոնոյանի ձախ ձեռքի արմնկահոդի ներսային հատվածում հայտնաբերվել է 4-5 սմ լայնության, 8-9 սմ երկարության կապտուկ:

Հետագայում Վլադիմիր Տոնոյանը հայտարարել է, որ հայտնաբերված կապտուկը ստացել է գողություն կատարելուց հետո՝ վայր ընկնելու հետեւանքով: Տոնոյանը բացատրել է, որ Սպիտակի բաժնում ոչ ոք իրեն չի ծեծել, այդպես է ասել, որպեսզի խուսափի պատասխանատվությունից ու ազդի քննության վրա:

«Քննիչը բավարարվել է այդ հայտարարությամբ: Ավելին, քննիչի կողմից որեւէ կերպ չի ներկայացվել հիմնավոր ապացույց այն մասին, որ Վ. Տոնոյանը ոստիկանության Սպիտակի բաժին տեղափոխվել է նշված մարմնական վնասվածքներով: Տոնոյանին ձերբակալելիս կատարած մարմնական զննության եւ դրա հիման վրա կազմված արձանագրությունը, որպես փաստ, սույն գործում ներկայացված չեն»,- ասում է Սաքունցը՝ պարզաբանելով, որ անձը ձերբակալվածների պահման վայր է մուտք գործել առանց մարմնական վնասվածքների եւ այնտեղից դուրս եկել մարմնական վնասվածքներով:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829