Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ, 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանին հունվարի 20-ին դատապարտեց 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հիմնավորված համարեց այն, որ Ա. Տեր-Մինասյանը, ի պաշտոնե հսկողություն իրականացնելով հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ, 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վ. Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ. Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ:
Լաիշյանի կողմից ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Ա. Տեր-Մինասյանը եւ Վ. Չիլինգարյանը նրանից պահանջել են նախ 5000, ապա՝ 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Ըստ գործի նյութերի, 2010թ. ապրիլի 6-ին Երեւանի Նալբանդյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում Ա. Տեր-Մինասյանը հանդիպել է Ռ. Լաիշյանին եւ ԱԱԾ վարչական շենքի թիվ 2 մուտքի մոտ նրանից անձամբ ստացել 1 206 030 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Մինչ հանդիպման վայր գնալը՝ Ռ. Լաիշյանը ապրիլի 6-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ապօրինի հեռախոսակապ իրականացնելու վերաբերյալ նյութերին ընթացք չտալու համար Ա.Տեր-Մինասյանի եւ Վ.Չիլինգարյանի կողմից իրենից 3000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մասին: Ռ.Լաիշյանը Ա.Տեր-Մինասյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս է տվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից, մասնագետի մասնակցությամբ, հատուկ քիմիական փոշով մշակված 30 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամները:
«Առավոտի» տեղեկություններով, ԱԱԾ աշխատակցի պաշտպան Ռուբեն Սահակյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան:
Կարդացեք նաև
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ