ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը լուսաբանելու պատիվը հունվարի 31-ին ունեցան միայն հեռուստաընկերությունները:
Բնականաբար, եղան անակնկալներ, մասնավորապես, կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանության 15 բաժնի, վարչության ու բաժանմունքի պետեր ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության, ազատվեցին աշխատանքից, զգուշացվեցին, իսկ 12-ն էլ խրախուսվեցին նույն նիստի ժամանակ:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Վարդան Եղիազարյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ իր կողմից ներկայացվել է ոստիկանության մարտավարության եւ բարեփոխումների ծրագիրը: Ուշադրություն է հրավիրվել մի շարք ոլորտների վրա: Նրա կարծիքով, ոստիկանությունում այս պահին կատարվող փոփոխությունները հեղափոխական են: Փոխվել են կադրերը, իսկ կենտրոնական ապարատը կրճատվել է 10 տոկոսով: «Հաստիքների կրճատումն ինքնանպատակ չէր: Ոստիկանությունը գերծանրաբեռնված էր հաստիքներով, որոնց մի մասը զբաղվում էր ոչ իրեն բնորոշ գործառույթներով: Հաստիքները կօգտագործվեն տեղերում, ուժեղացնելով առաջին ճակատում գտնվող ոստիկանների շարքերը: Այն ավելի ռիսկային գոտի է, եւ անհրաժեշտ են ուժեր: Կաբինետային հաստիքները վերացվում են»,- տեղեկացնում է Վ. Եղիազարյանը:
Կարդացեք նաև
Վարդան Եղիազարյանի մատուցմամբ, աշխատանքներ են տարվում, որպեսզի ոստիկանի նկատմամբ հասարակական կարծիքը փոխվի, եւ կադրային փոփոխությունները միտված են նաեւ «նոր ոստիկանի» կերպարի ձեւավորմանը: Գնդապետն ասում է, որ փողոցներում հերթապահություն անող ոստիկաններն արդեն ժպտում են, իսկ ոստիկանության կրթահամալիրն ավարտած ոստիկանը ոչ միայն տիրապետում է այլ լեզուների, համակարգչի, այլ ունի մարզական պատրաստվածություն:
Ոստիկանապետի կողմից կոլեգիայի ժամանակ ցուցում է տրվել օպերատիվ հետախուզական գործունեության խնդիրների կարգավորման նպատակով ապահովել քանակով ոչ մեծ, բայց գործուն «համագործակցող անձանց» համակարգը կամ «ցանցը»: Խոսքը գործակալների մասին է: «Հատուկ ուշադրություն պիտի դարձվի, որպեսզի նրանք օգնեն, աջակցեն օպերատիվ- հետախուզական գործունեության մեջ՝ հանցագործների հետախուզման, բացահայտման աշխատանքներում»,- ասում է Վ. Եղիազարյանը:
Ոստիկանության շտաբի պետը «Առավոտի» հարցին, թե ի՞նչ է սպասվում 50-55 տարեկան պրոֆեսիոնալներին, որոնք ներկայումս զբաղեցնում են «պահեստային նստարանը», պատասխանեց. «Հավանաբար նկատի ունեք կենսաթոշակի անցածներին: Ոստիկանապետի ցուցումով շատ շուտով կձեւավորվի խորհուրդ կամ կառույց, որտեղ հավաքվելու են նախկին պրոֆեսիոնալները, վերլուծաբանները, օպերատիվ աշխատանքի մեծ փորձ ունեցողները: Նրանք խորհրդատվական-մեթոդական լուրջ դերակատարում կունենան ոստիկանության բոլոր բնագավառներում: Այդ խումբը մշակելու է ռազմավարություն, նույնիսկ նրանց հնարավորություն կտրվի մասնակցելու ամենօրյա աշխատանքներին»:
Վ. Եղիազարյանը հավելեց, որ կային ծառայություններ, որոնք նույն գործն էին զուգահեռ կատարում, մասնավորապես, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունն ու քրեական վարչությունը: Ըստ զրուցակցիս, արդեն տարանջատվել են նրանց գործառույթները:
Վ. Եղիազարյանը հայտնեց, որ մինչ այս տարվա հունիս, չափագրող արագաչափիչները, խախտումն արձանագրող սարքերն ի վերջո կհանգեցնեն նրան, որ ճանապարհային ոստիկանության բավականին լուրջ բանակ, աշխատակիցների քանակ կազատվի ծանրաբեռնվածությունից: Նրանց ու պարեկապարետային ուժերի հաշվին կստեղծվի արագաշարժ պարեկային ծառայություն: Քաղաքը կբաշխվի միկրոտարածքների եւ ամեն տարածքում կլինեն անվերջ հսկող ոստիկանական ուժեր. «Ոստիկանությունն անվերջ կլինի ձեռքի տակ»:
Ի դեպ, ոստիկանապետի առաջին իսկ հրամանով ստեղծվել է «գիշերային միլիցիա» եւ, ըստ էության, Երեւան քաղաքը փակված է գիշերային ժամերին:
Վ. Եղիազարյանը չի բացառում, որ այս փորձը կտարածվի նաեւ մարզերում:
Ինչ վերաբերում է «նոր ոստիկանի» կերպարի ձեւավորմանը, ապա կոլեգիայի ժամանակ կարեւորվել է, թե ինչպես պատրաստել նոր կադրեր: «Մենք ունենք ոստիկաններ, որոնք ոչ միայն գիտելիքներով են պատրաստ, այլ պատրաստ են իրենց վարժվածությամբ, գիտեն կրակել, վազել, տեսքն անգամ փոխվել է: Հազվագյուտ բան է, երբ մեր ոստիկանները փողոցում ժպտում են»,- ասում է զրուցակիցս:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Վ. Եղիազարյանը հավելեց, որ կատարողական կարգապահության հետ կապված ստուգումներ են անցկացվելու:
«Առավոտ» օրաթերթ