Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի թռչնաբույծներն ահազանգում են-2

Փետրվար 04,2012 13:00

Հայաստանյան խանութներում վաճառվող տեղական մակնշմամբ հավերի մեջ կան ներկրված եւ քիմիական տարբեր նյութերով վերամշակված հավեր:

«Առավոտն» իր 31.01.12թ.-ի «Հայաստանի թռչնաբույծներն ահազանգում են» հրապարակմամբ ներկայացրել էր հայաստանյան թռչնաբուծության ոլորտի մի շարք ընկերությունների կողմից բարձրացրած՝ ոլորտում առկա բացասական երեւույթների մի մասը: Ինչպես խոստացել էինք, այժմ ներկայացնում ենք, թե ինչպես են դրսից ներկրված հավերը տեղում վերամշակվում եւ տեղի «քաղաքացիություն» ստանում:

Ինչպես տեղեկացրել էինք, ըստ թռչնաբույծների ներկայացրած տվյալների՝ Հայաստան ներկրվում է սպառվող թռչնամսի ավելի քան 70 տոկոսը, որի որոշ մասը շուկա է հանվում տեղական մակնշմամբ եւ տեղական արտադրության հավերից էժան գնով: Մենք արդեն անդրադարձել ենք երեւույթի բացասական ազդեցությանը տնտեսական առումով, թե ինչպես է դա վտանգում տեղական թռչնարտադրությանը: Այժմ անդրադառնանք «տեղայնացված» հավերի սննդային պարունակությանը:

Ցանկացած սառեցրած հավ, ըստ թռչնարտադրողների, հալեցվելով՝ կորցնում է կշռի մոտ 4-5 տոկոսը: Բայց մեր որոշ անբարեխիղճ գործարարներ այնքան էլ միամիտ չեն, որ կշռի վնասով առեւտուր անեն, նրանք տարբեր տեխնոլոգիաներով հավի կշիռը ավելացնում են մոտ 20 տոկոսով, այսինքն՝ եթե հանենք կորուստը, 15-16 տոկոս մեկ հավի մեջ արհեստական կշիռ են ավելացնում, ասել է թե՝ սպառողի վրա վաճառում են տարբեր բաղադրությամբ հեղուկ՝ հավի մսի գնով: Դա է պատճառը, որ տնային տնտեսուհիները հաճախ հիասթափություն են ապրում՝ գնելով փարթամ ու մեծ հավ, բայց տանը կանգնելով փաստի առջեւ՝ տեսնելով, որ այն իրականում  նիհար ու «տկար» է:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ բաղադրությամբ հեղուկներ են դրանք եւ ինչպես են հայտնվում հավի «մարմնի» մեջ: Ըստ թռչնաբույծների ունեցած տվյալների՝ հայաստանյան որոշ ֆիրմաներում գոյություն ունեն տարբեր տեսակի սարքավորումներ: Դրանցից մեկը միաժամանակ 250 հավ վերամշակող սարքավորում է, որի մեջ հավերը պտույտաձեւ շրջելով՝ ներարկվում են քիմիական տարրերով եւ հավելումներով հագեցած աղաջրով: Հավերը հագեցնելով այդ հեղուկով՝ ավելացնում են նրանց կշիռը: Որոշ դեպքերում հավերը «ասեղնաբուժության» են ենթարկվում: Սարքավորման վրա առկա են շատ մանր բազմաթիվ ասեղներ, որոնք մի քանի անգամ մխրճվելով հավի մեջ՝ աստիճանաբար ներարկում են վերոնշյալ հեղուկը եւ նորից ավելացնում հավի կշիռը: Բայց սա դեռ ամենը չէ. սրանից հետո հավերին այլ փորձություններ են սպասվում: Նրանք պետք է «մասնագիտորեն» թաղանթապատվեն, որպեսզի այդ ներարկված հեղուկը դուրս չգա, եւ հավը նորից «չնիհարի», այլ մի քանի օր պահպանի իր մեկ օրվա թարմության տեսքը: Եվ եթե իսկական թարմ հավերի թարմության ժամկետը 1-2 օր է, ապա այս փորձություններին ենթարկված հավերը կարող են պահպանել իրենց արտաքուստ թարմ տեսքը 4-5 օր: Իսկ դրանից հետո դրանց մեջ առկա նյութերը արդեն չեն կարող անվնաս լինել մարդու օրգանիզմի համար: Թաղանթը, որով պատվում է «արտասահմանցի» հավը, ունի գլիցերինի պարունակություն, E 450-E 451 ստաբիլիզատորները, հակաօքսիդանտ՝ E 301, էմուլգատոր՝ E 415, ցիտրին: Հազիվ թե որեւէ մեկը կարծի, թե նման նյութերը լիովին անվնաս են մարդու օրգանիզմի համար: Իսկ հավ արտադրող որոշ երկրներում հավի արտադրության մեջ կիրառում են մեծ քանակությամբ անտիբիոտիկներ:

Ուստի Հայաստանի որոշ թռչնարտադրողներ, որոնք նաեւ թռչնարտադրողների միության անդամ-կազմակերպություններ են, կոչ են անում պատկան մարմիններին խստագույնս հետեւողականորեն ստուգումներ անցկացնել բոլոր թռչնարտադրող ընկերություններում եւ խանութներում, բացահայտել եւ հրապարակել նման գործունեություն ծավալող ընկերությունների անունները: Առաջարկին միացել են Գետամեջի թռչնաֆաբրիկան, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Լուսակերտի հարություն»-ը, «ԼՂՀ Լուսակերտը», «Աշտարակ ձու»-ն, «Արզնու ԹՏԽ» ԲԲԸ-ն:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829