Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեցցե մանուշակների հեղափոխությունը»

Փետրվար 04,2012 12:56

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ խորհրդարանական ընտրությունների եւ «բարետես ու փամփլիկ տղաների» մասին

– Վերջերս մամուլի ակումբներից մեկում Դուք հայտարարել էիք, որ ՀՀԿ ցուցակներով խորհրդարան են գալու «մինչեւ 35 տարեկան բարետես երիտասարդներ»: Ի՞նչ նկատի ունեիք, Սերժ Սարգսյանը փոխո՞ւմ է իր թիմը:

– Հիշեցնեմ Հանրապետական կուսակցության պատմությունը. երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանը թողել էր մի փոքրիկ կուսակցություն, որը մեկ գիշերվա ընթացքում դարձավ հզորագույն կուսակցություններից մեկը: Ինչպես մեկ գիշերվա ընթացքում դարձավ, այնպես էլ մեկ գիշերվա ընթացքում կփլուզվի: Կյանքի օրինաչափությունն է այդպիսին:

Ինչ մնում է իմ հայտարարությանը, այո, իմ ունեցած տեղեկություններով՝ այս անգամ ՀՀԿ ցուցակում մոտ 80 տոկոսը կլինեն բարետես, ինչու ոչ՝ նաեւ փամփլիկ երիտասարդներ, գելած մազերով: Կարծում եմ՝ այսօր Հայաստանում կրկնվելու է վրացական սցենարը:

– Իսկ ո՞րն է վրացական սցենարը:

– Ժամանակին Շեւարդնաձեին բերեցին իշխանության: Նա չուներ ժողովրդի աջակցությունը, եւ առաջին հայացքից անհասկանալի էր, թե այդ պարագայում ի՞նչ պետք է նա անի Վրաստանում: Քաղաքացիական պատերազմը, Շեւարդնաձեի կոմունիստական անցյալը եւ մի շարք այլ հանգամանքներ նրա համար գործունեության որեւէ դաշտ չէին թողնում: Ավելի ուշ հասկանալի դարձավ, որ Շեւարդնաձեն պետք է ապահովեր, այսպես ասած, բարետես երիտասարդների մուտքը դեպի Ազգային ժողով, ինչը եւ արեց: Նույն Ժվանյան, Սահակաշվիլին եւ այսօրվա իշխող կուսակցությունն ամբողջապես գտնվում էին Շեւարդնաձեի հովանու ներքո: Շեւարդնաձեն էր նրանց ուսման ուղարկում ԱՄՆ, եվրոպական երկրներ: Արդյունքում, նրանք եկան ու մտան Վրաստանի Ազգային ժողով, որտեղ ստեղծեցին թիմ: Այդ թիմը հետագայում «Տրոյական ձին» դարձավ, որը ավելի ուշ ԱԺ-ն գրավող Սահակաշվիլու առաջ բացեց դռները, զինաթափեց ոստիկաններին, եւ ցուցարարները գրավեցին Ազգային ժողովը:

– Ի դեպ, Դուք նաեւ մի առիթով հայտարարել եք, որ զզվում եք ժողովրդավարություն բառից:

– Ավելին, խորշանք եմ ապրում: Որ լսում եմ՝ թափանցիկ, արդար եւ ժողովրդավար, անմիջապես Պրեսկոտին եմ հիշում: Ուզում եմ Արեւմուտքի երկակի ստանդարտներից խոսել: Արեւմտյան պետություններին Հայաստանում պետք էր թույլ, չընտրված նախագահ: Արդյունքում մենք ստացանք մարտի 1, անմեղ զոհեր, ու տարիներ անց, տարօրինակ պայմաններում, ինչ-որ չինովնիկներ եվրոպաներում այդ էջը փակված համարեցին: Որպեսզի երկակի ստանդարտները ավելի ցայտուն լինեն՝ տեսեք, թե միեւնույն արեւմտյան երկրները եւ ԱՄՆ-ն ինչպես արձագանքեցին վերջերս ՌԴ Դումայի ընտրություններին: Դրանց ժամանակ վստահված անձանց չէին առեւանգել, կանանց, աղջիկների չէին ծեծել ու խոշտանգել, ընդդիմադիրներին նկուղներ չէին գցել եւ սադիստական փորձեր դրել նրանց վրա: Այն էլ այն դեպքում, երբ ՀՀ-ում երկու հազար ընտրատեղամաս էլ չկա, իսկ ՌԴ-ում գործ ունենք 100 հազար տեղամասերի հետ: Այս պարագայում անգամ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը՝ Քլինթոնի մակարդակով, չեն ընդունում ՌԴ Պետդումայի ընտրությունները: Մեզ մոտ ուղարկում են Պրեսկոտին, դիտորդների աչքի առաջ տեղի են ունենում այլանդակություններ, ծեծ, ջարդ, բայց ասում են, որ ընտրությունները եղան քայլ առաջ՝ դեպի համաեվրոպական արժեքներ:

Այ ժողովրդավարներ ջան, թափանցիկի եւ արդարի ջատագովներ ջան, էդ ամենի տանդեմներ ջան, բա մարտի 1-ի ողբերգությունից հետո, քառասունքի օրն ինչպե՞ս ընդունեցիք Սերժ Սարգսյանի ինագուրացիան: Այսինքն՝ Հայաստանում ձեզ հարկավոր էր թույլ նախագահ, իսկ Ռուսաստանում ուժեղը հարկավոր չէ: Դումայում մեծամասնություն ստացավ Պուտինի կուսակցությունը: Արեւմուտքը սարսափում է Պուտինից: Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, որ ՌԴ-ում կդրվի Պուտինի ոսկե արձանը: Նա միգուցե երկրորդ քաղաքական դեմքն է ՌԴ պատմության մեջ, որը օրհասական մահից փրկեց Ռուսաստանը՝ կանգնեցրեց քաղաքացիական պատերազմը, վերականգնեց տնտեսական հնարավորություններն այն ՌԴ-ի, որը խորը տնտեսական ճգնաժամի մեջ էր, ապրում էր ամերիկյան տրանշներով: Պուտինը կանգնեցրեց երկրի փլուզումը, այլապես այսօր ՌԴ-ն կբաժանվեր հարյուրավոր փոքր գուբերնիաների, եւ դա այն երկիրը, որը միջուկային զենք ունի: Դա ողջ աշխարհին էր վտանգի առաջ կանգնեցնելու: Պուտինը միակ մարդն էր, ով իր երկաթե կամքով կանգնեցրեց այդ արհավիրքը:

Ոչ մեկին ՌԴ-ում ուժեղ նախագահ հարկավոր չէ: Ուժեղ նախագահը լրջագույն դիմադրություն է, Արեւմուտքին պետք է թույլ եւ կառավարելի նախագահ: Նույնիսկ ամերիկյան քաղաքագետները չեն խորշում ասել, որ ՌԴ-ն պետք է օգտագործել որպես նյութական բարիքների կցորդ: Ու արդեն հայտարարում են, որ եթե Պուտինն առաջին փուլում նախագահ դարձավ, ուրեմն ընտրությունները կեղծված են, այն դեպքում, երբ Պուտինը վայելում է ժողովրդի հարգանքը՝ 80+1 հարաբերակցությամբ: Իսկ Սերժ Սարգսյանին ընդամենը ԱՄՆ նախագահը չշնորհավորեց: Անգամ ՀՀ-ում ամերիկյան դիվանագետները արձանագրել էին, որ Ս. Սարգսյանն ընտրված չէ: Ի՞նչ է, ԱՄՆ-ի այդ փայլուն հետախուզությունը չի՞ իմանում՝ ով է ընկեր Պրեսկոտը: Մենք էստեղ գիտենք բրիտանական մամուլից, որ կաշառակերության հետ կապված քրեական գործ է հարուցված եղել Պրեսկոտի դեմ, ինչո՞ւ են նման մարդուն ուղարկում Հայաստան: Ի՞նչ է, ԱՄՆ դեսպանը չգիտե՞ր, թե Դավիթ Հարությունյան-Սերժ Սարգսյան-Պրեսկոտ եռանկյունը ինչ հարաբերություններ ունի: Իհարկե, գիտեր. այս ամենի նպատակը «վրացական մատրիցան» Հայաստանում տեղադրելն է:

– Կմանրամասնե՞ք:

– Հայաստանում իշխանափոխությունը կլինի այլ խորագրի տակ՝ «Կեցցե մանուշակների հեղափոխությունը»: Կգրավեն ԱԺ-ն, հետո արդեն Սերժ Սարգսյանը ոչ մեկին հարկավոր չի լինի: Կգա այն փամփլիկ եւ բարետես երիտասարդը, որը կծառայի ամենքին՝ բացի Հայաստանի Հանրապետության ժողովրդից:

– Իսկ ինչո՞ւ «մանուշակագույն»:

– Մանուշակը որ ծաղկում է, սկզբից երկնագույն է լինում, հետո է դառնում մանուշակագույն:

– Կոնգրեսի ցուցակում էլ հնարավոր չէ՞, որ էդպիսի երիտասարդներ լինեն:

– Մի երկուսը կարող է սողոսկեն:

– Նրանց ճանաչո՞ւմ եք:

– Ասենք թե, բայց դա ոչինչ չի փոխում: 40-ի մեջ երկուսը թիվ չէ:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829