Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրանեսթում» խոսվել է նաեւ փակ սահմանների մասին

Փետրվար 04,2012 12:51

Իսկ Եվրախորհրդարանում պատրաստվում են քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները

Հունվարի 23-31-ը Բրյուսելում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը, որին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը: Վեհաժողովի շրջանակներում տեղի են ունեցել տնտեսական ինտեգրացիայի, էներգետիկ անվտանգության եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերը: Իսկ ահա սոցիալական, մշակութային եւ կրթական հարցերի հանձնաժողովի նիստը երեք շաբաթ անց տեղի կունենա Երեւանում եւ կլինի բավականին ներկայացուցչական: Այդ մասին երեկ խորհրդարանում հրավիրած իր ասուլիսում հայտարարեց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, թե դա լինելու է «Եվրանեսթի» առաջին արտագնա նիստը, որն անցկացվելու է Եվրամիության սահմաններից դուրս: Նա գոհունակություն հայտնեց ԽՎ-ում հայկական պատվիրակության ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության առնչությամբ, նաեւ բարձր գնահատեց եվրոպական խորհրդատվական առաքելության աշխատանքը, որը, նրա գնահատմամբ, բավականին դրական դեր ունի Հայաստանի համար: Ինչպես միջազգային այլ կառույցներում, այստեղ էլ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ջրերը մի առվով չեն հոսել: Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ «Եվրանեսթի» տնտեսական ինտեգրացիայի հանձնաժողովում ադրբեջանցի պատգամավորները փորձել են ապացուցել, որ Հայաստանի տնտեսական բոլոր դժվարությունները պայմանավորված են Ադրբեջանի հետ փակ սահման ունենալու հանգամանքով, ինչպես Հովհաննիսյանն ասաց՝ «կրկնելով հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի մոտեցումը, թե Հայաստանի բոլոր դժվարությունները ղարաբաղյան հակամարտության եւ սահմանի փակ լինելու հետեւանք են»: «Մենք պարտավորված եղանք ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ բացատրել, որ Հայաստանի տնտեսական վիճակի պատճառը դա չէ, եւ որ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի բնակչության կենսամակարդակը մոտավորապես նույնչափ վատ է, ու թեեւ այդ երկրներից մեկը նավթ ունի, մյուսը՝ ծով, բայց նրանց ժողովուրդները հայ ժողովրդից ավելի լավ չեն ապրում, թեեւ սա չի արդարացնում մեր երկրում վարվող քաղաքականությունը, որի հետեւանքով մեր ժողովուրդն է վատ ապրում»,- ներկայացրեց ՀՀ պատվիրակության ղեկավարը: ՀՀ ներկայացուցիչները հանձնաժողովում շեշտել էին, թե անհնարին է գնալ խորացված եւ ազատ առեւտրի համաձայնագրի՝ փակ սահմաններ ունենալու պայմաններում: Այսուհանդերձ, Հովհաննիսյանն ընդգծեց, որ խոսքը տվյալ դեպքում ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փակ սահմանի մասին է, ինչը, ըստ նրա, բացարձակապես ՀՀ տնտեսության համար նշանակություն չունի, այլ սահմաններն այն երկրների հետ, որոնք «Եվրանեսթում» չկան՝ Ռուսաստանի ու Թուրքիայի, եւ ինչը իսկապես վնասում է ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանին: «Հայաստանի համար այսօր ամենալուրջ խնդիրը վրաց-ռուսական սահմանի փակ լինելն է»,- եզրակացրեց ՀՅԴ ներկայացուցիչը: Նրա մատուցմամբ՝ այս հանձնաժողովի նախագահը հաստատել է, որ սահմանների բացումը եւ հակամարտող կողմերի միջեւ մերձեցումը պետք է նախորդի ԼՂ հարցի լուծմանը: «Դա այն է, ինչ տարիներ շարունակ պնդում է հայկական կողմը»,- ասաց պատգամավորը: Համանման մի հաստատում եղել է նաեւ այս հարցերով հանձնակատար Կարլ Դեգուխտի կողմից: Քաղաքական հանձնաժողովի նիստում էլ հայտարարվել է, որ անընդունելի է, երբ էներգետիկ նշանակության հարցերը սկսում են գերակշռել արժեքային համակարգերի նկատմամբ: Հովհաննիսյանը նկատեց, թե ակնհայտորեն սա շեշտելով՝ նկատի էր առնվում Ադրբեջանը: Հովհաննիսյանի ասելով՝ երբ համեմատություն է կատարվել հարավկովկասյան երկրների միջեւ, Հայաստանում նշվել է ժողովրդավարության դանդաղ զարգացումը, կոռուպցիայի խայտառակ բարձր մակարդակը, իսկ ահա Ադրբեջանի վերաբերյալ ասվում էր, որ այդ երկրում ընդհանրապես մարդու իրավունքների հիմքերն են խարխլված: Ընդհանուր առմամբ, ՀՅԴ-ականի ասելով, Հայաստան-Ադրբեջան համեմատությունը հօգուտ Հայաստանի է եղել, որից, սակայն, շատ ոգեւորվել պետք չէ:

Բացի այս, Բրյուսելում հայկական պատվիրակությունը հասցրել է մասնակցել նաեւ մեկ այլ միջոցառման՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանին ներկայացվելիք զեկույցների նախնական քննարկումն է տեղի ունեցել: Վ. Հովհաննիսյանի մատուցմամբ՝ Յա Տեմյակին ներկայացրել է Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը, Հայաստանի մասին զեկույցը՝ Թոմաշ Պորեբան: «Պետք է ասել, որ Հայաստանի մասին զեկույցը բավական դրական ներկայացվեց, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն, իհարկե, առաջացրեց պրոադրբեջանական լոբբիստների զայրույթը»,- ներկայացրեց Վահան Հովհաննիսյանը: Վերջիններս իրենց դժգոհությունն էին հայտնել Հայաստանի վերաբերյալ զեկույցի առնչությամբ, որի առանցքում իրավական համակարգի խնդիրներն են եղել եւ այն, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: «Այսինքն՝ կան պատգամավորներ, որոնք այնքան կենդանական ատելություն ունեն Ռուսաստանի նկատմամբ, որ այդ ատելության ստվերն ընկնում է նաեւ Հայաստանի վրա: Սա պետք է հաշվի առնեն մեր քաղաքական գործիչները: Այդպիսի վայրագ ատելությամբ աչքի ընկնող էր Վիտաուտաս Լանդսբերգիսը՝ լիտվացի պատգամավորը: Մենք այնտեղ ելույթ ունենալու հնարավորություն չունեինք, բայց, կարծում եմ, պատասխանը չի ուշանա: Ակնհայտ հակահայկական էլեմենտներ կային նրա ելույթում: Բայց ուրիշ շատ այլ պատգամավորներ, այդ թվում՝ «Եվրանեսթի» նախագահը, բրիտանացի, իսպանացի պատգամավորներ շատ դրական են վերաբերվել Հայաստանի վերաբերյալ զեկույցին»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե պրոադրբեջանական կողմի պահանջը՝ ղարաբաղյան հակամարտությունն անպայման արտացոլել փաստաթղթի մեջ, փաստորեն հանդիպել է դիմադրության եւ առնվազն այս փուլում չի անցել: Հովհաննիսյանի ասելով՝ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հարցով զեկուցողները հայտարարել են, թե դա կնշանակի Պանտորայի արկղ բացել, եւ որ Եվրախորհրդարանն այս հարցին չպետք է միջամտի:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829