Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերատիվ հետախույզների կյանքից

Փետրվար 04,2012 12:47

Երբ ոստիկանությունն իր պաշտոնական հաղորդագրությունների մեջ գրում է՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսինչ քաղաքացին չի հայտնաբերվել», ես դա պատկերացնում եմ մոտավորապես այսպես. ոստիկանության մի դասակ դարանակալվում է փնտրվողի տան մոտ եւ սպասում է, թե երբ է նա  երեւալու այդ տարածքում: Միաժամանակ երկու խորաթափանց դետեկտիվներ, ցանկալի է՝ մեկը սպիտակամորթ, մյուսը՝ սեւամորթ, զգուշորեն պրպտում են տարբեր սրճարաններում եւ ժամանցի այլ վայրերում, թե՝ վերջին անգամ երբ եք դուք տեսել այդ անձնավորությանը: Եվ այլն: Հետո այդ բոլոր խմբերը գալիս են իրենց պետի մոտ եւ զեկուցում են՝ «օբյեկտին հայտնաբերել չի հաջողվել»: Եթե մարդը (ընդ որում՝ ոչ ցածրահասակ) ամեն օր գնում է աշխատանքի եւ վերադառնում է տուն, ապա նախ՝ պարզ չէ օպերատիվ-հետախուզական աշխատանքների իմաստը, երկրորդ՝ հասկանալի չէ, թե ինչու այդ աշխատանքները չէին պսակվել հաջողությամբ: Խոսքը, ինչպես հասկանում եք, «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի մասին է:

Ոստիկանությունը գրում է. «Հունվարի 23-ին Գեւորգյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեւորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը  (այսինքն՝ հունվարի 23-ին – Ա. Ա.) որոշում է կայացվել Հայկ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Փետրվարի 3-ին Հայկ Գեւորգյանը հայտնաբերվել, կալանավորվել եւ ուղարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ»: Այսինքն՝ մեկ շաբաթից ավելի՝ հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 3-ը, ոստիկանությունը «փնտրում էր» «հետախուզման մեջ գտնվող» Հայկին եւ չէր գտնում՝ չնայած լրագրողը շարունակում էր աշխատել իր սովորական ռեժիմով:

Մեկ այլ դրվագ ոստիկանության հաղորդագրությունից: Ըստ «տուժող» Ֆրանգուլյանի՝ իրեն վրաերթի ենթարկած վարորդը (այսինքն՝ Հայկը- Ա. Ա.) «կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն («տուժող» Ֆրանգուլյանին- Ա. Ա.), ապա նստել մեքենան եւ իրեն անօգնական վիճակում թողնելով՝ դիմել է փախուստի»: Մի կողմ թողնելով, որ Հայկը, իմ կարծիքով, ընդունակ չէ անօգնական թողնել նեղության մեջ գտնվող որեւէ մարդու, դիմենք տրամաբանությանը: Ասացեք խնդրեմ, որտե՞ղ եք դուք տեսել, որ վրաերթ կատարած վարորդը, որը պատրաստվում է դեպքի վայրից փախուստի դիմել, դրանից առաջ կանգնեցնի մեքենան եւ բացահայտելով իր անձը՝ զրույցի բռնվի տուժածի հետ:

Տեղի սղության պատճառով չեմ անդրադառնում ոստիկանության վարկածի այլ կասկածելի դրվագներին: Գործը, ներեցեք ռուսերենից բառացի թարգմանության համար, կարված է սպիտակ թելերով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829