Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն Հայկ Գեւորգյանի

Փետրվար 04,2012 11:57

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է իրավապահ մարմինների գործողությունները, որոնք բերում են լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների և պահանջում անհապաղ ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանին և իրականացնել բազմակողմանի և անաչառ քննություն:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի հայտարարության՝ 2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այս ընթացքում Հայկ Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա խուսափում է քննությունից:

Հայկ Գեւորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել  կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ:

Հայկ Գեւորգյանը այս ընթացքում նաեւ մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ  քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաեւ Հայկ Գեւորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը եւ առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել:

Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:

Ս/թ հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հայկ Գեւորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր եւ այդ հարցուպատասխանի արդյունքում «Հայկական ժամանակում» հանդես եկել Վովա Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ: Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ (տես 2012 թվականի հունվարի 13-ի «Հայկական ժամանակը»):

Հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գեւորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գեւորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել:

Դրան հետեւած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը եւ շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել «Հայկական ժամանակի» 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829