Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Ֆրանսիայի Սենատում ընդունված, սակայն առայժմ չվավերացված եւ Սահմանադրական խորհուրդ ուղարկված օրինագծի մասին ասաց.«Մենք պետք է փաստենք, որ ֆրանսիական քաղաքական մեքենան, բարձրագույն քաղաքական իշխանությունները, նախագահը եւ իշխող կուսակցության մեծամասնությունը, ըստ էության, իրենց որոշումն ու դիրքորոշումը արդեն արտահայտել են: Այսինքն` անկախ Թուրքիայի ջանքերից` այս հարցը մտցնել իրավական ասպարեզ, ֆրանսիական քաղաքական բարձրագույն իշխանությունը իր վերաբերմունքն արտահայտեց հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մյուս կողմից, արդեն ակնհայտ էր, որ Թուրքիան, պարտվելով քաղաքական ասպարեզում, պետք է այս հարցը տաներ իրավական ասպարեզ, եւ ես կանխատեսում եմ, որ, անկախ Սահմանադրական խորհրդի որոշումից, Թուրքիան իրավաբանական այլ, ավելի ցածր ինստանցիաներում այս խնդիրը շարունակ փորձելու է շահարկել: Մյուս կողմից ուզում եմ նկատենք, որ սա նաեւ հայկական լոբբիի եւ հայկական արտաքին քաղաքականության որոշակի հաղթանակն էր, քանի որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից էր, եւ հայկական լոբբին, համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ, կարողանում էր հարցը առաջ տանել: Սա նաեւ թուրքական եւ հայկական լոբբիների պատերազմն էր, որտեղ թուրքական լոբբին ըստ էության պարտություն կրեց, եւ էրդողանի այն հուսահատ խոսքերը, որ ուղղված էին ԵԽ ֆրանսիացի պատգամավորներին, թե`Ֆրանսիայում թուրքեր, թուրք ընտրողներ եւս կան, սա այն արտահայտությունն էր, որով թուրքական իշխանություններն ընդունեցին իրենց պարտությունը»: