Այսօր՝ փետրվարի 3-ին, ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց 4 շենքի մոտ մահացած անձ կա։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին այդտեղ է ժամանել ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ Քանաքեռ–Զեյթունի ոստիկանության պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև փորձագետը և դատական բժիշկը։ Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա բռնության հետքեր չկան, իսկ ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժնի քննչական բաժանմունքի քննիչն ընթերականների ներկայությամբ առգրավել է մահացածի մոտ եղած անձնական իրերն ու դրամապանակը։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը 73-ամյա Յաշա Վարդապետյանն էր, ով Ռուբինյանց փողոցի վրա գտնվող բիլիարդի սրահում դասեր էր տալիս, քանի որ մասնագիտությամբ բիլիարդի մարզիչ է եղել. պարապմունքից հետո դուրս է եկել բիլիարդի սրահից, որից հետո փողոցում հանկարծամահ է եղել։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում։