Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում, Մեծամոր–Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ–ին իրար են բախվել Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 62ա տան բնակիչ, 43-ամյա Վարդան Նավասարդյանի վարած «Մերսեդես» մակնիշի 26 ՍՏ 940 համարանիշի և Մեծամորի 37 շենքի 38 տան բնակիչ, 38-ամյա Հովիկ Իբոյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 28 ՏԼ 457 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121» վարորդ Հ. Իբոյանն ու ուղևոր 35-ամյա Բասե Իբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես»–ի ուղևոր 50-ամյա Լիլիթ Գրիգորյանը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի քննչական խումբը՝ ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ, հետաքննիչ Էդգար Նազարյանն ու փորձագետը։ Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ։