Այսօր առավոտյան ձերբակալված «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանին, որ կեսօրից հետո տեղափոխվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, զանգ կատարելու հնարավորություն չի տրվել: Բացի այդ, նա նաեւ որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել Հայկի գտնվելու վայրի մասին:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը Հայկի կալանավորման գործով բավականին հետաքրքիր բացահայտումներ արեց: Մասնավորաբար, որ Հայկ Գևորգյանն այս ընթացքում մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ և ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն ուղարկվի պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր :
Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն` դեռևս հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:Մինչդեռ հետախուզման ողջ ընթացքում Հայկի տեղը հայտնի է եղել. Նա ապրում է Երեւանում եւ աշխատում ՀԺ-ի խմբագրությունում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունվարի 13-ին Հայկի հետ մի միջադեպ է եղել: Երբ նա փորձել է մեքենան հանել կայանատեղիից, ինչ-որ մի մարդ անընդհատ փորձել է մեքենայից բավականին մոտ տարածության վրա մնալ եւ չհեռանալ: Ազդանշաններն էլ չեն օգնել: Հայկի բանավոր զգուշացումից հետո, անձը սկսել է բղավել, գոռալ` իբր մեքենան խփեց իրեն: «Հայկը հավաստիացնում է, որ այդ մարդու հետ իր մեքենան կոնտակտի մեջ չի մտել: Ես հավատում եմ Հայկի հավաստիացումներին»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Այնուհետեւ Նիկոլը եւս մեկ ուշագրավ մանրամասն պատմեց: Տուժածը հայտարարել է, թե մեքենան դիպչել է իր ոտքին, որի վրա «ինքը ջիլ ունի, որ եթե այդ ջիլին մատով էլ կպնեն, ինքը վատանում է»: Այդ մարդու հայտարարության համաձայն, հպման արդյունքում ինքը նստել է բորդյուրին ու գլուխը հարվածել է պատին:
«Բեմադրված վրաերթից» հետո, ինչն էլ Հայկի կալանավորման պատճառ է դարձել, ըստ թերթի խմբագրի իրենց թղթակիցը փորձել է զանգահարել ոստիկանություն, և ճշտել այդ օրը Գևորգյանի կողմից իբր վրաերթի ենթարկված մարդու ինքնությունը: Նրան տեղեկացրել են, որ այդ մարդը ծանր վիճակում պառկած է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այցելելով հիվանդանոց` «ՀԺ»-ի ներկայացուցիչները պարզել են, որ դա Հայկ Գևորգյանի դեպքի հետ որևէ կապ չունի և այդ անունով մարդը վրաերթի է ենթարկվել Մարտունիում:
«ՀԺ»-ի խմբագրակազմն ակնկալում է, որ լրագրողական համքարությունն իր ձայնը կբարձրացնի այս ակնհայտ շինծու գործի դեմ, քանի որ Հայկի «գլխին սարքված գործն» իրականում ճնշում է ազատ խոսքի եւ մամուլի նկատմամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ