Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում 36-ամյա Արման Բաղդասարյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 23 ԼՍ 858 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ–ին, կտրուկ շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։
Վթարի հետևանքով Ա. Բաղդասարյանն ու ուղևորուհին 28-ամյա Լիլիթ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի փաստով քննությունը վարում է ռազմական ոստիկանության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ասպուր Ավետիսյանը, քանի որ Ա. Բաղդասարյանն աշխատում է ռազմական ոստիկանության Եղեգնաձորի կայազորի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով կապիտան է։