Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայլուրը»՝ որպես առաջին լրատվամիջոց, ինձ գերում էր». Աբրահամ Գասպարյան

Փետրվար 03,2012 17:59

 

 

Աբրահամ Գասպարյանին իր բազմազբաղ առօրյայից կտրելը բավականին դժվար էր, սակայն 2011-ի լավագույն մեկնաբանի հետ հարցազրույց անելու իմ մեծ ցանկությունը ավելի համառ գտնվեց ու «Քաղաքագիտություն» առարկայի իմ նախկին դասախոսը համաձայնվեց: Մինչ հարցազրույցը՝ նրան ոչ միայն եթերից էի տեսել, այլեւ, ինչպես արդեն գլխի ընկաք, լսարանում՝ դասախոսություն կարդալիս: Սակայն դժվար էր այդ ընթացքում իմանալ, թե շաբաթը մի քանի անգամ մեր տան «հեռուստատեսային հյուրը» իրականում ինչպես է հասել Նորքի ու ընդհանրապես հեռուստատեսային բարձունք: Մեր զրույցի ընթացքում իմացա և ոչ միայն այդ: Ու հիմա կպատմեմ նաև ձեզ:

 

«Այն է, ինչի դեմ չենք կարող գնալ: Առեղծվածային է: Գալիս է գեներով, կրում ենք գիտակցաբար»

8 տարեկան էր, ծննդավայրում՝  Սիրիայի Հալեպ քաղաքում, Հայ մարմնակրթական ընդհանուր միության ժողով էր, երեցներ էին հավաքված: Արցախի մասին քննարկում էր: Նա քննարկման սենյակի դուռը բացեց, բոլորը զարմացան, թե ով է այս երեխան եւ ինչ է անում այստեղ, իսկ երեխան ձեռք բարձացրեց եւ ասաց. «Հայաստանի 1-ին հանրապետությունը հռչակվել է 1918թ մայիսի 28-ին»: Մանկության այս դրվագը մնացել է Աբրահամ Գասպարյանի հիշողության մեջ, ասում է. «Բոլորը բնականաբար ապշում են, թե այս տարիքի երեխան ինչպես կարող է գիտակցաբար արտասանել այդ բառերը»: Քաղաքական մեկնաբանը պատմում է՝ ծնվել եւ մեծացել է ավանդական մի  ընտանիքում, այն ժամանակ, երբ սփյուռքում թափ էր առել ազգային ազատագրական պայքարի զինյալ  փուլը, ասում է մանկությունը համընկավ  համազգային վերազարթոնքի հետ: «Մեծացել եմ հենց այն գործիչների կենդանության ժամանակ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ պայքարին»,- պատմում է նա: Ազգային հարցերի շուրջ հետաքրքրությունն ու սրտացավությունը ավելանում է, երբ ընդգրկվում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության շարքերը. «Իմ ազգային դարբնոցն է եղել»,- ասում է: Հայրենիքի նկատմամբ սերն էլ բացատրում է այսպես. «Այն է, ինչի դեմ չենք կարող դուրս գալ: Առեղծվածային է: Գալիս է գեներով, կրում ենք գիտակցաբար»: Աբրահամ Գասպարյանը մանուկ հասակում եղել է հետաքրքրասեր, ճարպիկ, սկաուտական հավաքների ակտիվ անդամ է եղել, դրանցից ամենահիշարժանի մասին պատմում է. «1990թ օգոստոսի 23-ն էր, երբ Հայաստանում (դե ֆակտո քաղաքական կշիռ ունեցող) իշխանությունները հայտարարեցին, որ երկիրն անկախ է, անկախության հռչակագիրն ընդունվեց, մենք գտնվում էինք Քեսապում՝ հայաբնակ գյուղում, 9 տարեկան էի, հիշում եմ՝ ինչպես մեր ղեկավարությունը ծնկաչոք վերցրեց եռագույնը եւ սկսեց միաբերան աղոթել»:

 

Մեկ ամսում հրաժարվեց վարդագույն ակնոցից

«15 տարեկան էի, որ առաջին անգամ հատեցի սահմանը եւ պատիվ ունեմ ասելու, որ առաջին երկիրը, որ մտել եմ՝ իմ ծննդավայրից հետո, եղել է Հայաստանը»,- ասում է Աբրահամ Գասպարյանը: Պատմում է՝ 9-րդ դասարանում էր սովորում, ավարտական քննություններ պետք է հանձներ, հայրը տղային խոստացավ ցանկացած պարգեւ՝ քննությունից առավելագույն միավորներ հավաքելու դեպքում: «Իմ միակ պայմանը Հայաստան գալն էր, հայրս համաձայնվեց»,- հիշում է նա: Քննություններից անհրաժեշտ միավորները հավաքելով՝ 1996թ սեպտեմբերին առաջին անգամ ոտք դրեց Հայաստան. «Իմ գալն էլ զուգադիպեց 96 թվականի սեպտեմբերյան չարաբաստիկ դեպքերի հետ, երբ այն ժամանակվա իշխանությունը տանկերը եւ զրահատեխնիկան հանել էր ժողովրդի դեմ: Ինձ հետ մի ընկեր էր եկել, նա ապրում էր Մարիոթ հյուրանոցում (այն ժամանակվա՝ Արմենիան): Պայմանավորվեցինք, որ մեր առաջին հանդիպումը կլինի Հանրապետության հրապարակում: Երբ զանգահարեցի նրան, որ խոսեինք հրապարակում հանդիպման մասին, նա ինձ ասաց «Ի՞նչ ես ասում, տանկերն արդեն իմ առջեւով անցնում են, կա՜մ ռազմական շքերթ է, կա՜մ  չգիտեմ ի՞նչ»:  Եկավ-տեսավ հայրենիքը, հասկացավ, որ այն պատկերացումները, որ ուներ հայրենիքի մասին, այն «վարդագույն» Հայաստանը, որ սփյուռքում ներկայացնում էին՝ չկար. «Երբ գալիս ես այդ վարդագույն ակնոցով, 2 տարբերակ ես ունենում. կա՜մ պետք է համակերպվես իրականությանը, կա՜մ պետք է թողնես, գնաս»,- ասում է Աբրահամ Գասպարյանն ու ավելացնում՝ եկավ, ուսումնասիրեց երկիրը եւ որոշեց ապագան վերջնականապես կապել հայրենիքի հետ. «Գնացի Սիրիա, սկսեցի մերոնց «գլուխը տանել» (ծիծաղում է- Հ. Հ.) մերոնք բնականաբար ընդդիմացան, որովհետեւ ես այստեղ մենակ էի լինելու,  հետո 1999 թվականին եւս մեկ ստուգողական այցով եկա Հայաստան, արդեն պայմանավորվածություններ ձեռք բերելու,  ուսումս այստեղ շարունակելու համար, վերադարձա Սիրիա, նորից եկա Հայաստան՝ 1999 թվականի սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 9:20»,- հիշում Է Աբրահամ Գասպարյանը:

 

Առաջին հիասթափությունը՝ սեւազգեստ երիտասարդներից

 

«8 տարեկանից ասում էի՝ քաղաքագետ եմ դառնալու»,- հիշում է «Առաջին» լրատվականի մեկնաբանը: Իր խոսքով՝ երբ հասկացավ, որ պետք է մասնագիտական կրթությունը հայրենիքում ստանա, որոշեց համակերպվել իրականության հետ եւ հնարավորինս սթափ դատել՝ այդպես օգնելով երկիրին: «Ես տեսա ուսանողական կյանք՝ մի օր  միս ես ուտում, մի օր հաց ու սոխ, ե՜ւ լավ էր անցնում, ե՜վ վատ»,- հիշում է նա և պատմում է՝ հայրը որոշել էր Երեւանի կենտրոնում տուն վարձել նրա համար, բայց որդին մերժել էր.  «Ես ընտրեցի Երեւանի պետական համալսարանի հանրակացարանը, այն ժամանակ մի խուլ անկյուն էր, վերցրի 7-րդ հարկում մի սենյակ, որպեսզի կտրվեմ ամեն ինչից ու ինձ տամ դասերին»,- պատմում է նա՝ ասում՝ ուսանողական տարիները հիշեցնում են իր ամբողջ օրը գիրք կարդալը եւ ընկերների հետ հավաքույթները, նաեւ՝ հիշում է առաջին հիասթափությունը համալսարանից. «Մտա մեր ֆակուլտետի միջանքց եւ այնտեղ տեսա  սեւազգեստ երիտասարդների, ովքեր կքանիստ դիրք ընդունելով՝ աստիճանների վրա՝ մութ հարկում, նստած էին: Պատկերացումներս հօդս ցնդեցին: Մտածեցի՝ ես եկել եմ Հայաստան ուսում ստանալու, պետք է այստեղ էլ մարդիկ ուսումնատենչ լինեն, ցանկանան գիտելիքի զենքով հարստացնել արդեն պատերազմ ապրած երկիրը… Այդ հիասթափությունն իհարկե անցավ, որովհետեւ արդեն հետո այդ երեւույթը դարձել էր օրինաչափություն»: Իր եւ ներկա սերունդի միջեւ Աբրահամ Գասպարյանը տարբերություն տեսնում է. «Մեր սերունդը հետաքրքիր էր նրանով, որ իսկապես լավ սերունդ էր, մենք ունեինք հավաքական կերպար, ինչն այսօր չկա: Մենք նպաստեցինք, որ մի քանի դասախոսներ մեր ամբիոնից հեռացվեն՝ զուտ տարրական գիտելիքներ չունենալու պատճառով»,- պատմում է ԵՊՀ դասախոս Աբրահամ  Գասպարյանը:

 

Պրոֆեսիոնալիզմ եւ պատասխանատվության մեծ զգացում

 Աշխատանքի խնդիր էր իր առջեւ դրել եւ գտավ, իր մասին է պատմում Աբրահամ Գասպարյանը. սկզբից աշխատում էր ոչ իր մասնագիտությամբ, հետո աստիճանաբար ընդգրկվեց իր ոլորտ. «Ես սկսեցի իմ առաջին քայլերն անել «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում՝ 2003թ-ին: Կար թափուր հաստիք՝ արեւմտահայ լուրերի թարգմանությամբ զբաղվողի, ես էլ դիմեցի, 10-օրյա փորձաշրջանից հետո անցա աշխատանքի: Դարձա արեւմտահայերեն լուրերի թարգմանիչ եւ խմբագիր»,- պատմում է նա: Ժուռնալիստիկայում երթը «անխափան էր», անցավ աշխատանքի Հանրային հեռուստատեսությունում, վարում էր սփյուռքի լսարանի համար նախատեսված լրատվական հաղորդում, Հանրային ռադիոյում «ԼՍ» երիտասարդական ծրագրում քաղաքական լրագրող էր, հետո առաջարկ ստացավ լինել «Հայլուր» լրատվականի մեկնաբանը. «Ես բան ունեի ասելու իմ ուսանողական տարիներին, իմ շրջապատում, գուցե ի վերուստ էր տրված դա… Ես իմ ուսանողական տարիներից նաեւ դասավանդում էի:  Պիտի այնպես անեի,  որ էն, ինչ որ անում էի առօրյայում, ալտացոլվեր նաեւ էկրանին: «Հայլուրը»՝   որպես առաջին լրատվամիջոց ինձ գերում էր, աստվածային նախախնամություն էր, թե չգիտեմ՝ ի՞նչ, ես համաձայնվեցի աշխատել այնտեղ»: Առաջին եթերն էլ ամենահուզումնալիցն ու պատասխանատուն էր, Աբրահամ Գասպարյանը հիշում է. «Իմ ղեկավարությունն ինձ խաբեց, ասաց որ մի 20-25 րոպեանոց եթեր կլինի, բայց այդ օրը զուգադիպեց Բարաք Օբամայի ընտրության հետ, եւ մենք ստիպված էինք ուղիղ կապեր հաստատել, թե՜ Վաշիգթոնի հետ, թե՜ Մոսկվայի եւ թե՜ աշխարհի տարբեր անկյունների: Եթերը տեւեց 55 րոպե, առաջին անգամ ուղիղ եթեր մտնողի համար պատասխանատվության եւ ուժերի մեծ համախմբում էր ենթադրվում, որ դու չկորցնես քեզ եթերում, որովհետեւ ելույթ ես ունենում նվազագույնը 10 մլն մարդու առջեւ»: Լավ մեկնաբանն էլ, ըստ «Առաջին լրատվականի» մեկնաբանի՝ պետք է տիրապետի ամբողջ ինֆորմացիոն դաշտին, լուրը չկարդա: «Մենք պլոֆեսիոնալներ ենք, աշխատում ենք պրոֆեսիոնալ թիմով, մենք հայտնում ենք այն լուրերը, որ տեղի են ունենում: Իմ կուսակցական պատկանելությունը, իմ գաղափարական դավանանքը երբեք ու երբեք չի եղել խանգարող հանգամանք իմ մեկնաբանության ժամանակ, գուցե կզգացվի՝ կա ազգային ջիղ»,- ասում է Աբրահամ Գասպարյանը: Նկատում՝ պետք է տարանջատել գործունեության ոլորտը. «Երբ Աբդուլլահ Գյուլը եկել էր Հայաստան, ես եթեր ունեի, բայց եթերից հետո գնացի Կառավարության շենքի դիմաց բողոքելու»,- պատմում է մեկնաբանը:

 

«Այս մրցանակը պարտավորեցնող է. պետք է շնորհակալ լինես»

Լեդ Զեփլին, Բոբ Մառլին Աբրահամ Գասպարյանի սիրելի կատարողներն են, սիրում է լսել նաեւ՝ Sistem of a Down խմբի ավելի թեթեւ ռոք երաժշտությունը, բայց յուրահատուկ թուլություն ունի  ազգային ազգագրական երգերի նկատմամբ. «Ազատ ժամանակս հատկացնում եմ սպորտին, ձեռքս բասկետբոլի գնդակը կամ թենիսի ռակետն են, սիրում եմ լող, շատ եմ սիրում կարդալ»,- ասում է Աբրահամ Գասպարյանը: Երիտասարդներին խորհուրդ տալը համարում է սպանել նրանց մեջ ամեն ինչ, բայց կարծում է՝ երիտասարդը պետք է լինի նպատակասլաց եւ հետեւողական. «Ես անցել եմ դժվար ճանապարհ, հաջողությունների հասնելու համար անընդհատ տանջվել եմ, ինձ ոչինչ ոսկե սկուտեղին չի տրվել: Հասկացել եմ՝ տառապանքով նվաճվածը քոնն է, հնարավոր չէ ձեռքիցդ առնեն»,- ասում է նա: Որդուն առաջին հայրական խորհուրդը կլինի գիրք կարդալը. «Անգրագետ մարդը ամենավտանգավոր մարդն է»,- ասում է նա:

Աբրահամ Գասպարյանը  տարվա լավագույն մեկնաբան է ճանաչվել: Հանրային ռադիոյում և հեռուստատեսությունում Հասարակության կարծիքի ուսումնասիրման կենտրոնի մրցանակաբաշխության արդյունքում է որոշվել: Մեկնաբանն ասում է. «Մրցանակը պարտավորեցնող է: Նշանակում է, որ շնորհակալ պետք է լինես»: Նշում է՝ առաջիկա ծրագրերի մասին էլ ոչ ոք չգիտի. «Ժամանակը կգա, ամեն ինչ կբացահայտվի, ես փառք եմ տալիս Աստծուն,  եկել եմ այստեղ, ամեն ինչ ստեղծել եմ զրոյից, ոչ մեկին չեմ ապավինել: Առաջիկայում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա»,- ասում  է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829