Քաղցկեղը բուժելի հիվանդություն է, եթե այն վաղ է հայտնաբերվում: Եվ բոլորովին նշանակություն չունի նորագոյացությունը բարորակ է, թե չարորակ: Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը: Ասուլիսին ներկա, նույն կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանն էլ ավելացրեց, որ քաղցկեղը հենց այնպես չի առաջանում. «Կան հիվանդություններ, որոնք չբուժելու եւ չհետեւելու հետեւանքով կարող է մարդու մոտ քաղցկեղ զարգանալ: Դրա համար կինը պետք է մինչեւ 35 տարեկան տարին 2 անգամ ուլտրաձայնային հետազոտություն անցնի, իսկ 35 տարեկանից հետո՝ մամոգրաֆիկ հետազոտություն»:
Հայրապետ Գալստյանի խոսքերով, մեր երկրում ամենատարածվածը թոքի, արգանդի վզիկի եւ շագանակագեղձի քաղցկեղն է: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե դա պայմանավորված է մեր երկրում առկա ծխողների մեծ քանակով եւ սեռական կյանքի պակասով, պարոն Բազիկյանը պատասխանեց. «Ոչ միայն թոքի քաղցկեղն է ծխելու հետ կապված, այլեւ՝ կոկորդի, աղիների: Իսկ արգանդի քաղցկեղը բոլորովին կապ չունի սեքսի հետ»:
Հայրապետ Գալստյանը կանանց խորհուրդ տվեց երեխային կրծքով կերակրել, ինչը կկանխարգելի քաղցկեղը:
Խոսելով ծխելու դեմ պայքարի մասին, Հայրապետ Գալստյանն ասաց, որ մեր երկրում այն հավուր պատշաճի չի իրականացվում. «Իսկ ԱՄՆ-ում բոլոր հասարակական վայրերում ծխելն արգելվում է»: Ըստ Գագիկ Բազիկյանի, դա տվեց իր արդյունքը. «ԱՄՆ-ում 11-12%-ով նվազեց թոքի քաղցկեղը»:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը, վերջերս նկատել է քաղցկեղի անընդհատ աճող ցուցանիշի կայունացում. «1995-ին մենք ունեցել ենք 4705 հիվանդ, իսկ 2010-ին՝ 7584, 2011-ին՝ 7600»: Նա ասաց, որ ժամանակն է ունենանք ազգային պետական սքրինինգային ծրագիր:
Կարդացեք նաև
Նշենք, որ վաղը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ