«Եղբորս նշանդրեքի հաջորդ օրը իր հետ գնացինք նշանածի տուն: Հավաքվել էին չամուսնացած երիտասարդները: Չգիտեի, որ ինչ-որ ավանդույթ է, մտածում էի՝ ուղղակի հավաքվում ենք, ուրախանանք: Հետո ինչ-որ հավ բերեցին: Եղբայրս պետք է այն ձեռքերով մաս-մաս աներ ու բաժաներ: Ճիշտն ասած, չհասկացա ինչի՞ համար էր կամ ի՞նչ էր խորհրդանշում: Հետո մի քանի անգամ եմ էլ եմ եղել ինչպես ասում են՝ «հավ ուտելու» ավանդույթին: Տեղ կար, որտեղ տղան հետը մատանի էր տանում, կամ հավի համար գումար էր տալիս, մի խոսքով՝ ամեն տեղ տարբեր ձև էին անում»,- պատմում է Արարատ քաղաքի բնակչուհի Հերմինեն:
Ազգագրագետ Գայանե Շագոյանն ասում է, որ միանշանակ չենք կարող ասել, որ սա հին հայկական ավանդույթ է կամ ինչ-որ առանձնահատուկ խորհուրդ ունի. «Դա հատուկ հավաքվելու ծես չէ, որոշ դեպքերում անում են հարսանիքի օրը՝ առավոտյան: Օրինակ Վայոց Ձորում դա ընդունված է, երբ հարսի տանն են լինում, բերում են լավ եփված հավը, և փեսան իր ձեռքերով պետք է մաս-մաս անի և տա քավորին, ինքն ուտի: Երբեմն, երբ փեսան ու հարսը առանձնանում են, այդ ժամանակ են ուտում: Այսինքն տարբեր տարբերակներ կան»: Ինչպես ասում է ազգագրագետը՝ կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, կախված նրանից, թե որ տարբերակի հետ գործ ունենք: Այն, որ փեսան պետք է հավը իր ձեռքով մասնատի, դա ցույց է տալիս նրա ուժն ու տղամարդկային որակները: Շատ անգամ հավը նույնացնում են կամ խորհրդանշում է հենց հարսին: «Կարելի է սա հարսի հետ և կապել, և չկապել, որովհետև, իրականում, հարսանիքում շատ ծեսեր կան, որտեղ փեսան պետք է իր խելքը, ճարպկությունը կամ ուժը ցույց տա»:
Օրինակ՝ Վայոց Ձորում հարսանիքի վերջին պարի ժամանակ փեսան ազապների (չամուսնացածներ) հետ բարձրանում էր տան երթիկը և երթիկի անցքի մոտ մեկը պահում էր սուրը, մյուսը մի զարկով պետք է հավի գլուխ կարողանար այնպես կտրել, որ այդ գլուխը ընկներ ներքևում շուրջպար բռնած հյուրերի կենտրոնում: Այնուհետև, այդ հավով չամուսնացածների համար ինչ-որ ուտեստ էին պատրաստում: Այն տղաներն, ովքեր կարողանում էին այդ փորձությունն անցնել, համարվում էին ավելի հասունացած և պատրաստ ամուսնությանը:
Լինում էին վիճակահանության տարբերակներ, որի ժամանակ ինչ-որ մեկը, ով հաղթում էր (օրինակ՝ Շիրակի մարզում) նրան ընկալում էին այնքան պատրաստ ամուսնությանը, որ քավորը, երբեմն փեսան, ուղեկցելով այդ տղային, կարող էին դիմել նրա ծնողներին, որ ինքը պատրաստ է ամուսնության և անհրաժեշտ է նրա համար որպես խնամախոս ինչ-որ խումբ ձևավորել և գնալ խնամախոսության:
Թե ի՞նչքանով է այս ծեսը իրականացվում մեր օրերում և կա՞ն արդյոք հատուկ վայրեր, որտեղ այս ավանդույթները պահպանվում են, Տիկին Շագոյանը պատասխանում է. «Գոնե 70, 80-ականներին Վայոց Ձորում, հիմնականում նոր հայերի միջավայրում, հավը մաս-մաս անելու սովորությունը դեռևս կար: Այս պահին ինչքանով որ ինձ հաջողվել է նյութ գրանցել, այդպես «մաքուր» ու «անաղարտ» ձևով իրականացնելիս չեմ հանդիպել»:
Լիլիթ Սարգսյան