Փետրվարին ԵԺԿ-ն դե յուրե կհաստատի հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը: Այսօր այս առնչությամբ «Պոստ Սկրիպտում» ակումբում, հարցին` եվրոպացիները ՀՀԿ-ի եւ ձեր հակասությունը նկատո՞ւմ են եւ երկու հակառակ բեւեռ նույն քաղաքական կազմի մեջ ինչպե՞ս եք պատկերացնում, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա իսկապես բարդ հարց է. «Հայաստանի նման փոքր երկրից կան 4 դիմող կուսակցություններ: Եթե, ի հեճուկս բոլոր սպասելիքների, Հայաստանում լինեն ազատ, արդար, իրավական ընտրություներ, «Ժառանգությունը» կդիտարկի ԵԺԿ-ի ներսում եւ Հայաստանում բնականոն համագործակցություն բոլոր կուսակցությունների հետ: Բայց եթե որեւէ ձեւով` ուղղակի թե անուղղակի, մեծ կամ մանր չափով հերթական անգամ կեղծվեն առաջիկա ընտրությունները, «Ժառանգությունը» կեղծողների հետ որեւէ կերպ չի կարող լինել ո’չ Երեւանում, ո’չ էլ Եվրոպայում: Եթե ընտրությունները կեղծվեն` ԵԺԿ-ում մեր տեսակետը շատ դիպուկ հայտարարելու ենք»:
Լրագրողները նաեւ հարցրեցին, թե ՀՀԿ-ն իսկապես պատրաս՞տ է այսօր գնալ ազատ եւ արդար ընտրությունների, թե՞ ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի եւ իշխանությունը պահի, ինչին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախագահին ուղղված իր նամակի նկատմամբ վերաբերմունքից էլ արդեն երեւում է, որ քաղաքական կամքը բացակայում է. «Մենք մոտենում ենք այս ընտրություններին հատվածապաշտ կուսակցապետական տեղեր պոկելու գավառական մտայնության հիման վրա եւ ոչ երբեք՝ բարձր ամբիոններից սրտանց արտահայտված բառերը քաղաքական իրականության վերագրելու հավատամքով: Ես ուզում եմ մարդկանց հավատալ, անգամ նրանց, ովքեր ամենամեծ սխալները թույլ են տվել իմ, իմ գործընկերների եւ ընտանիքի նկատմամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ