Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանում որոշվեց լրագրողի դեմ դատաքննության օրը

Փետրվար 03,2012 16:33

Իջեւանի հեռուստաընկերության եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ հայցով դատը շուրջ կես տարի շարունակվում է, դրա ավարտն էլ դեռ հեռու է:

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւանի ստուդիա» ՍՊ ընկերության եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ`պահանջելով պարտավորեցնել Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիային» հրապարակավ ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի, Ն. Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես փոխհատուցում, եւս 264 հազար դրամ (որպես դատական ծախս), որից 200  հազար դրամը` փաստաբանին վճարած վարձատրության գումար եւ 64 հազարը` որպես վճարված պետական տուրքի գումար:

Հայցադիմումի մեջ նշված է, որ 2011թ. հունիսի 21-ին, Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավն արատավորող կեղծ տեղեկություններ:

Դատը սկսվել էր 2011թ. օգոստոսի 18-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Կայացել էին մի քանի նիստեր, սպասվում էր, որ նոյեմբերին դատավոր Արշակ Շահոյանը կհրապարակի վճիռը: Սակայն դատը գրեթե ավարտված` դատավորը փոխվեց:

Հունվարի 20-ին Իջեւանում դատավոր Արման Կուրեխյանը «նոր տողից» սկսեց դատը: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի շահերի պաշտպանությամբ հանդես է գալիս փաստաբան Նաիրա Խաչատրյանը, Նաիրա Խաչիկյանի շահերը պաշտպանում է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Նաիրա Խաչիկյանը նախկինի նման դատին չի ներկայանում: «Իջեւան ստուդիան» դատարանում ներկայացուցիչ, փաստաբան չունի, հեռուստաընկերության ներկայացուցիչները երբեւէ չեն մասնակցել նիստերին:

Փետրվարի 3-ի նիստին Գարիկ Գալիկյանը փաստաթուղթ չէր ներկայացրել, թե Նաիրա Խաչիկյանը «Իջեւան ստուդիայում» ինչ կարգավիճակ ունի: Գալիկյանը միջնորդեց, որ հայցի ապահովման համար որպես խափանման միջոց ընտրված Նաիրա Խաչիկյանի բնակարանի եւ դրամական միջոցների վրա դրված դատական արգելանքը մասամբ փոխվի, մնա միայն բնակարանի վրա դրված արգելանքը: Հայցվորի ներկայացուցիչ Նաիրա Խաչատրյանը դրան հակադարձեց, որ դատարանին հայտնի չէ` լրագրողն այդ բնակարանի ո՞ր մասի սեփականատերն է, արգելանքն էլ դրված է միայն 3 միլիոն դրամի չափով: Դատարանը ավարտեց նախնական նիստերը եւ դատաքննության առաջին նիստը նշանակեց փետրվարի 24-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829