Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հարցրին, թե որքանո՞վ է հավանական, որ կհամագործակցեն նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Պարոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ մամուլում տարածված լուրը, թե նախկին արտգործնախարարներն իրար հետ հանդիպում են ունեցել, ճիշտ չէ. «Մեր դռները բաց են, եթե նա, կամ այլ շահագրգիռ ցանկացած քաղաքացի ուզում է միասին քննարկել համագործակցության եզրերը՝ մենք բաց ենք դրա առջեւ, եւ ես կոնկրետ մեծ հաճույքով կհանդիպեի նրա հետ»:
Լրագրողները հուշեցին, որ Օսկանյանը համարվում է Քոչարյանին մոտ կանգնած մարդկանցից մեկը եւ հարցրին, թե այդ տեսանկյունից՝ նրա հետ համագործակցության եզրերն ինչպե՞ս եք պատկերացնում: Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, որ իրենք հիշաչար չեն. «Համարում ենք, որ Հայաստանի ազատության եւ ինքնիշխանության ապագան գտնվում է նոր բանաձեւի որոնման միջոցով: Գնահատելով հանդերձ բոլոր նախագահներին` մենք մտել ենք այնպիսի փուլ, որտեղ կեղծ լուրեր են, տարբեր տեսակի շանտաժային առաջարկներ են: Սա այն փուլն է, թե’ միջկուսակցական, թե’ ներկուսակցական առումով ճնշումները շատ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ