Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում սպասվում էր, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես կհայտարարի` դաշինք ստեղծելո՞ւ են «Ազատ դեմոկրատների» հետ: Սակայն պարոն Հովհաննիսյանը միայն ասաց, որ այդ մասին պարզ կլինի մարտի 2-ի համագումարին:
Aravot.am-ի հարցին` համամասնական ցուցակն ի՞նչ սկզբունքով է կազմվելու, հատկապես, եթե «Ազատ դեմոկրատների» հետ միասնական դաշինք կազմեք` ովքե՞ր են լինելու առաջին տեղերում` պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ցուցակների մասին քննարկում դեռ տեղի չի ունեցել ո’չ «Ժառանգության» ներսում, ո’չ էլ ուրիշների հետ. «Մեր քննարկումները եղել են սոսկ սկզբունքների շուրջ: Իհարկե, ցուցակների կազմվելու կապակցությամբ լինում են ճնշումներ, որովհետեւ, օրինակի համար, ունենք իրենց կնիքը թողած պատգամավորներ, որոնք ճանաչում են գտել մեր հասարակության մեջ, ունենք շնորհալի երիտասարդներ, որոնք նույնպես պետք է դրսեւորման հնարավորություն ստանան, կան «Ժառանգությունից» դուրս մի մեծ բանակ երիտասարդներ, մտավորականներ, ակտիվիստներ, ովքեր կարծում եմ, որ շատ շահեկան ներդրում կարող են անել ԱԺ-ում: Ես ինքս հավակնություն չունեմ առաջին կամ ցանկացած այլ համարի: «Ժառանգությունը» միասնական հաղթական ցուցակ առաջ բերելու համար պատրաստ է փոխզիջումների»:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ ցանկացած անդամ կարող է ղեկավարել իրենց ցուցակը եւ ինքը չի սահմանափակում իր մոտեցումը կուսակցական շրջանում. «Արժանի շատ մարդիկ կան: Եթե խնդիրը հասնի նրան, որ մեկ անցողիկ տեղի համար պիտի պայքարեն ինձ հետ` ես պատրաստ եմ զիջել դա նրանց»:
Լրագրողները հետաքրքրվեցին, որ հաշվի առնելով ՀԱԿ-ի եւ «Ազատ դեմոկրատների» այսօրվա հարաբերությունները, եթե դաշինք լինի, մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ի վերաբերմունքից «Ժառանգությանն» էլ բաժին կհասնի` նա պատասխանեց.«Մեր հեղինակությունը հիմնավոր եւ շատ անգամ անհիմն այնքան հարվածների է ենթարկվել, որ ինձ համար դա նորություն չէ: Որքան էլ հույզերը շատ են, արդեն երկրորդական են դառնում, թե անցյալում ով ում մասին ինչ է ասել, ով ում չի մոտեցել, ում չի շնորհավորել: Հույս ունեմ, որ նախընտրական շրջանում այդ երկու ուժերը, որ ունեն երկար անցած ճանապարհ, փոխադարձ հաղորդակցության նորմալ եղանակներ կգտնեն»:
Կարդացեք նաև
«Ժառանգությունը», ի տարբերություն խորհրդարանական այլ ուժերի, շտաբի պետ ունենալու հարցում չի շտապում: Ըստ պարոն Հովհաննիսյանի, օրենքի նկատմամբ հարգանքը պետք է ստիպեր, որ բոլորը քայլեր չկատարեին այդ ուղղությամբ. «Բոլորի շտաբները գործում են, մենք չունենք շտաբ, պատրաստվում ենք համագումարի: Շտաբ չի լինի, մինչեւ համապատասխան ժամկետները, որոնք նախատեսված են օրենքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ