«Դեբատ» ակումբում այսօր կայացած քննարկման ժամանակ՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին եւ Ֆրանսիայի սենատի ընդունած օրինագծին, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը տեղեկացրեց, որ ՀՀԱզգային ժողովը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի այն 127 սենատորներին, որոնք կողմ են քվեարկել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Տիկին Աճեմյանը Ցեղասպանության ճանաչման հարցը այսպես կարեւորեց.«100 տարվա մեր այս դեգերումներից հետո, երբ մենք անընդհատ պայքարել ենք, որպեսզի Ցեղասպանության հարցը ճանաչվի, եւ ընդհանրապես մեզ համար այս հարցը շատ կարեւոր է եղել եւ կա եւ կմնա, եւ մեկդարյա այս պատմությունը ցույց է տալիս, որ որեւէ հետընթաց մեր նախաձեռնություններից մենք չենք ցուցաբերել, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը սեւեռել այն հանգամանքի վրա, որ վերջին մի քանի տարվա ընթացքում այս դինամիկան այս գործընթացների, աշխատանքները դիվանագիտական եւ արձագանքները աշխարհում դրական առումով շատ փոխվել են, որովհետեւ եթե ե՛ւ Եվրոպայում ե՛ւ աշխարհում կային երկրներ, որոնք պարզապես Հայաստանի տեղը չգիտեին, որովհետեւ մենք շատ փոքր երկիր ենք, փոքրաթիվ բնակչությամբ, ապա այժմ իհարկե բոլորը գիտեն, գիտեն մեր խնդրի մասին, եւ դա կարծում եմ շատ կարեւոր հանգամանք է»:
Տիկին Աճեմյանը նաեւ «պատռեց» Թուրքիայի դիմակը.«Իհարկե, Թուրքիան իր եւ տնտեսական հզորությամբ եւ որպես բազմաբնակիչ երկիր շատ մեծ աշխատանք է տանում, եւ այդ ապարատը, որը հիմա գործի մեջ է դրված, որպեսզի կասեցնի այս գործընթացը, իհարկե, շատ ակտիվ աշխատում է: Բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ Թուրքիան, լինելով հզոր երկիր եւ ծեծելով Եվրամիության դռները, ամեն կերպ ջանալով պոպուլիստական քայլերով աշխարհին համոզել, որ ինքը այնուամենայնիվ ժողովրդավար երկիր է, իրականում իր նախնիներից չի որեւէ բանով տարբերվում, եւ փաստորեն, այս ժողովրդավարական արժեքները իրականում չի ընդունում, որովհետեւ չի ուզում մաքրվի, ոճիրը չի ուզում ընդունի, այսինքն ամեն կերպ մենք տեսնում ենք, որ պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները ինչ ելույթներով են հանդես գալիս, դրանք որեւէ կերպ չի կարելի ժողովրդավար երկրի ելույթներ համարել»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատի ընդունած օրինագծին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարում է.«Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան այն երկիրն է, կամ Ֆրանսիայի նախագահն այն նախագահն է, որը չիմանալով իր երկրի ժողովրդի դիրքորոշումը, այսպիսի քայլի կգնար, կամ իր հեղինակությունը կդներ նժարի վրա: Այսինքն, ինչ գործընթացներ էլ որ լինեն, ինչպես էլ որ զարգանա այս ճանապարհը, ուղին, այնուամենայնիվ, մենք լավատես ենք, եւ կարծում ենք, որ այնուամենայնիվ այս օրինագիծը ընդունվելու է: Եվ այդ առումով իհարկե նաեւ ուզում եմ շեշտել, որ շատ մեծ է մեր երկրի նախագահի դերակատարությունը, որովհետեւ եւ այցերը նախագահ Սարկոզիի Հայաստան եւ մեր նախագահի այցը եւ այն աշխատանքները միջազգային ասպարեզում, որ կատարվում են վերջին տարիներին, բոլորը նպաստում են այս հարցի դրական լուծմանը»:
Վերջում՝ ԼՂ հիմնախնդիրը Ցեղասպանության հետ կապելու մասին մի միտք.«Ինչքան էլ որ մենք փորձեցինք մեր երկու շատ կարեւոր, արտաքին աշխսրհի համար կարեւոր հարցերը՝ Ղարաբաղի ինքնորոշման եւ Հայոց ցեղասպանության, իրար հետ չկապել, ե՛ւ Թուրքիան ե՛ւ Ադրբեջանը դա հետեւողականորեն անում են եւ շարունակում են այս հարցերը իրար հետ կապել: Իհարկե, նաեւ մենք՝ քաղաքական դաշտում լինելով, հասկանում ենք, որ դա անխուսափելի է, որովհետեւ բովանդակային առումով դրանք մեզ համար համարյա նույն հարթության վրա են գտնվում»:
Կարդացեք նաև
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ