Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր բերետավորները» դպրոցներում կարգ են պահում

Փետրվար 03,2012 15:50

Վերջին շրջանում հանրապետության մի շարք դպրոցներում «կարմիր բերետավոր» ոստիկաններ են շրջում: Պարզվում է՝ նրանց հրավիրում են դպրոցների տնօրենները: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրան այս գաղափարը, սակայն, այնքան էլ դուր չի գալիս. «Ինձ համար ավելի ընդունելի է դպրոցներում տեսուչների ներդրման մոդելը, որի շնորհիվ շատ հանցագործություններ կկանխվեն»:

Նելլի Դուրյանի խոսքերով, անչափահասների գծով արդեն իրականացվում է բարեփոխումների ծրագիր: Ըստ նրա, ոստիկանապետի կողմից տրվել է հանձնարարական, լինել դպրոցներում, հանդիպումներ ունենալ երեխաների, ինչպես նաեւ մանկավարժների հետ եւ կանխարգելիչ աշխատանքներին ավելի շատ ուշադրություն դարձնել. «Նախկինում էլ ենք եղել դպրոցներում, սակայն հիմա ավելի շատ կլինենք»:

Նա ներկայացրեց, որ իրենք մասնավոր զրույցներ են ունենում աշակերտների հետ, պատասխանում նրանց հարցերին. «Նրանք, օրինակ, հարցնում են, թե որ հանցագործության դեպքում ինչ պատիժ է սահմանվում»: Նելլի Դուրյանի կարծիքով, երեխաները հաղորդակցվելու հետ կապված խնդիր ունեն. «Նրանք որեւէ խնդիր ունենալու դեպքում, անմիջապես բռունցքներն են գործի դնում, կամ օգտագործում ձեռքի տակ եղածը»:

Ըստ ոստիկանության պաշտոնյանի, Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է՝ 2011-ին արձանագրվել է 453 անչափահասների կողմից գործած 527 հանցագործություն, իսկ 2010-ին գրանցվել էր 452 անչափահաս երեխաների կողմից կատարված 509 հանցագործություն. «2010-ին  անչափահասի կողմից մարդասպանության դեպք չի արձանագրվել, իսկ 2011-ին գրանցվել է 3 նման դեպք»: Չնայած դրան, Նելլի Դուրյանը նշեց, որ անչափահասների գաղութում այս պահին պատիժ է կրում ընդամենը 16 անչափահաս. «Սրանք ծանր հանցագործներ են: Մյուսների պարագայում կիրառվում է համապատասխան հոդված, եւ նրանց արդարադատության նախարարության հսկողության ներքո տրվում է այլընտրանքային պատիժ»:

Խոսելով անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին՝ տիկին Դուրյանը նկատեց, թե չի կարելի ասել նման ոտնձգությունները, որ միայն իրականացվում են անապահով խավի երեխաների նկատմամբ. «Ուղղակի սեռական բնույթի նման դեպքերին լրատվամիջոցներն ավելի շատ են արձագանքում, դրանք պարտադիր չէ, որ անապահով ընտանիքներից լինեն»: Ըստ նրա՝ ավելացել են անչափահաս երեխաների ինքնասպանության փորձերի դեպքերը. «2010-ին 41 անչափահաս էր փորձել վերջ դնել իր կյանքին, որոնցից մահվան ելքով է ավարտել 13-ը, իսկ անցած տարի նման քայլի է դիմել 45 անչափահաս՝ մահվան 9 ելքով: Ինքնասպանության դեպքերի հիմնական մասը 16-17 տարեկան աղջիկ երեխաներն են՝ կապված, օրինակ, նրանց սիրահարվածության հետ: Ինքնասպանության փորձ կատարած անչափահասներից ամենափոքրը 14 տարեկան է եղել»:  

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829