«Տիգրան Սարգսյանը բուն թեման, բուն իրական լծակները թողած փորձում է երկրորդական, երրորդական բաների վրա ուշադրություն դարձնել եւ առավել եւս մատուցել կառավարության անդամներին իր ողորմելի պատկերացումները աղքատության մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսպես մեկնաբանեց կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարևորագույն պայման է:
Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրին։ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ այս խնդիրը Հայաստանում ունի վիճակագրական բազա, որը նույնպես ապացուցում է ծրագրի խիստ կարևորությունը. «Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ։ Այսինքն, այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէ։ Այն պարագայում, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա այդ ընտանիքների 60 տոկոսն է աղքատ»։
Ըստ Հ. Բագրատյանի, Ուկրաինան եւ Լատվիան այն երկրներն են, որտեղ այսօր 100%-ով բարձրագույն կրթություն են ստանում. «Ուկրաինայում 10000 մարդուն 650 ուսանող է հասնում՝ Հայաստանի 340-ի դիմաց: Այնուամենայնիվ, Ուկրաինայում 20% աղքատություն կա: Ի տարբերություն Ուկրաինայի, Ճապոնիայում 10000 մարդուն 220 ուսանող է հասնում՝ 3 անգամ պակաս: Ճապոնիայում աղքատությունն ընդամենը 4% է: Այսինքն Տիգրան Սարգսյանի այդ մտքերը ուղղակիորեն գոյություն չունեն: Տիգրան Սարգսյանն իմ ասած թվերին պարզապես տեղյակ չէ: Աղքատության հաղթահարման միակ բանաձեւը պրոգրեսիվ եկամտահարկ մտցնելն է: Իբր թե կատարեցին 100 քայլի պահանջը, բայց այն ձեւով, որ իրենք մտցրեցին, պարզապես ծիծաղելի էր»:
Aravot.am-ը աղքատության հաղթահարման վերաբերյալ Երեւանի կենտրոնում հարցումներ անցկացրեց նաեւ մեր համաքաղաքացիների շրջանում: Տիգրան Սարգսյանի հետ շատ քչերն էին համամիտ, իսկ հարցված երեւանցիների մեծ մասը նշում էին, որ իրենք բարձրագույն կրթություն ունեն, բայց աշխատանք չեն գտնում կամ էլ ստացած աշխատավարձն իրենց չի բավարարում:
Կարդացեք նաև
«Ես բարձրագույն մանկավարժական կրթություն ունեմ, 5 առարկայի մասնագետ եմ, բայց հիմա փողոցում լիմոն եմ ծախում, որ կարողանամ իմ ընտանիքը պահեմ: Էլ ուրիշ խոսք չեմ ուզում ասել»,- նշեց 49-ամյա Կարենը:
Կարծիքների մասին մանրամասն՝ տեսանյութում:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ