Այսօր կայացավ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) կառավարման խորհրդի 2012թ. առաջին նիստը, որ վարում էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը հանդես եկավ ամենամյա հաշվետվությամբ, ներկայացրեց բուհի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Նա նշեց, որ բժշկականի ֆինանսական մուտքերը 2011-ին կազմել են 8 մլրդ 374,8 մլն դրամ, նախորդ տարվա 6 մլրդ 775 մլն-ի փոխարեն: Հավելեց նաեւ, որ նախորդ տարի տնտեսվել է 1 մլրդ դրամից ավելի գումար:
ԿԳ նախարարն էլ ի թիվս այլ հարցերի, փաստեց, թե կոռուպցիոն ռիսկերը բժշկական համալսարանում նվազել են: Aravot.am-ը Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել, թե արդյոք կոռուպցիոն ռիսկերի նվազումը պայմանավորում է նախկին ռեկտորի հեռանալով: Պարոն Աշոտյանն ասաց, որ դա նկատի չուներ. «Պետք չէ ասվածի տակ դետեկտիվային պատմություններ դիտարկել: Բժշկական համալսարանում հաջողվել է կտրուկ միջոցների հաշվին բարելավել կրթական գործընթացը, քննությունները, հաշվետվողականությունը… Ես քաղաքից էլ եմ այդ լուրերը լսում, հասարակ մարդկանցից, ուսանողներից: Երեք օր առաջ մի խումբ ուսանողներ էին եկել, եւ նրանք էլ խոստովանեցին, որ այդ առումով նկատում են առաջընթաց, սա շատ լավ է, եւ պետք է ուրախանալ, մանավանդ կոռուպցիան գալիս է ԽՍՀՄ-ի ժամանակվանից»:
Նախարարի համոզմամբ, եթե բուհում կա որակ եւ միաժամանակ լավ բյուջե, դա տանում է կոռուպցիոն ռիսկերի նվազման. «Բժշկական համալսարանի բյուջեն 2011-ին հատել է 8 մլրդ դրամի սահմանը, իսկ 2012-ի համար ավելի ամբիցիոզ նշաձող է մատնանշվել՝ 10 մլրդ դրամ, սա աննախադեպ բյուջե է Հայաստանի բուհական պատմության մեջ: Շուրջ 4,5 մլրդ դրամ ակնկալվում է կրթագիտական հատվածից, 5,5 մլրդ՝ առողջապահական ծառայություններից: Կրթական հատվածում ուզում եմ հատուկ շեշտել, որ բժշկական համալսարանը նաեւ առաջատարն է Հայաստանում արտասահմանցի ուսանողների թվով, ինչն ինձ ուրախացնում է»:
Մեր դիտարկմանը, որ դրանք ոչ թե հզոր եվրոպական, այլ ընդամենը ասիական ոչ այնքան զարգացած երկրների քաղաքացիներ են, նախարարը չհամաձայնեց՝ ասելով. «Հայաստանի Հանրապետությունը մատուցում է այնպիսի կրթական ծառայություններ, որոնց պարագայում որակ-գին հարաբերակցությունն օպտիմալ է, եւ ավանդաբար մեր շուկաները հենց այդ երկրներն են: Ի դեպ, Ձեզ հետ համաձայն չեմ, թե դրանք ոչ զարգացած են, խնդրում եմ տեսեք՝ Հնդկաստանի վերջին տարիների հաջողությունները՝ տնտեսության, միջուկային զենքի,. գիտության եւ այլ բազում հարցերում»: Պարոն Աշոտյանը, այնուամենայնիվ, բժշկական համալսարանը դասում է երկրի բրենդների շարքում, որոնց թվում են, ըստ նրա՝ Մայր բուհն ու շախմատը դպրոցում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ