2007 թվականի հունիսի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը, սեփական հարկի տակ, հաղթանակ տարավ Լեհաստանի հավաքականի նկատմամբ: Հենց այդ օրն էլ ստեղծվեց «FAF» ֆուտբոլային շարժումը: First Armenian Front-ը սկզբում ունեցել է 50 մասնակից:
«Մենք մեր ընկերներով, մտերիմներով, բայց անջատ խմբերով երկրպագում էինք մեր հավաքականին»,- ասում է շարժման ղեկավար խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը: Պարզվում է` համախմբման միջոց է դարձել ֆուտբոլային հայտնի կայքերից մեկի ֆորումը: Դրա միջոցով ծանոթացան իրար հետ ու մասնակիցների թիվն աճեց: Այսօր ունեն 300-ից ավել մասնակից: Նրանք տարբեր տարիքի են, բայց հիմնական կորիզը կազում են 18-30 տարեկան երիտասարդները: Մոտ 50-ը աղջիկներ են: Ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, ինչ տղաները: Նրանք էլ են ակտիվորեն մասնակցում բոլոր միջոցառումների կազմակերպմանը::
Անվանման անգլերեն տարբերակն ավելի շատ տարածում է ստացել: Էդգարն է ասում ու ավելացնում` նրանց ճանաչում են նաև որպես «Առաջին հայկական ճակատ»:
«FAF»-ի հիմնական նպատակն է` նպաստել Հայաստանի ազգային տարբեր տարիքային հավաքականների զարգացմանը, մարզադաշտում և մարզադաշտից դուրս կազմակերպել տարատեսակ միջոցառումներ: 2007 թվականից մինչ այսօր շատ միջոցառումներ են անցկացվել: Բոլորն էլ մեծ նշանակություն են ունեցել:
Էդգարը պատմում է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր ազգային հավաքականի տնային խաղերից 2-3 ժամ առաջ հավաքվում են Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ և շարժվում դեպի մարզադաշտ: Սակայն սրանով չէ միայն, որ «FAF»-ը սահմանափակվում է: Շարժման արտերկրի անդամների օգնությամբ նրանք կարողանում են դրսի հանդիպումների համար կազմակերպել միջոցառումներ: Շուտով Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի համաշխարհային գրանդ համարվող Իտալիայի հավաքականին: Այս հանդիպման անցկացման վայրի հետ կապված եղել են խնդիրներ: Ըստ խորհրդի անդամի՝ նաև «FAF»-ի շնորհիվ է, որ այն լուծվել է:
Ամեն հանդիպման համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրանց տրամադրում է որոշակի քանակության տոմսեր: Դրանք բաժանվում են այն անդամների միջև, ովքեր ունեն դրանց կարիքը:
«Ֆուտբոլի ֆեդերացիայի ցանկությամբ են այդ տոմսերը մեզ տրամադրվում, բայց դա չի նշանակում, որ մենք նրանցից կախում ունենք»,-ասում է Էդգարն ու հիշում, որ կազմակերպվել են նաև միջոցառումներ՝ ընդդեմ ֆեդերացիայի, դրանք կազմակերպվել են մեր ֆուտբոլի առաջընթացի համար: Կարծում է` այդ առաջընթացը կա: Ֆեդերացիայի հետ էլ կառուցողական հարաբերություններ ունեն և համագործակցում են միայն հայկական ֆուտբոլի զարգացման համար:
Արամ Արարատյան