Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը չունի բալետմայստերներ պատրաստող հաստատություն

Փետրվար 03,2012 13:47

Հայաստանում մինչ օրս գոյություն չունի բալետմայստերական կրթություն ապահովող ուսումնական հաստատություն, չնայած Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) 1999-2000 ուստարուց գործում է պարարվեստի ռեժիսուրայի բաժինը, որը պատրաստում է պարուսույց-բեմադրիչներ՝ դրամատիկական ներկայացումներում պարային տեսարաններ «ապահովելու» համար: Ռուսաստանի թատերական արվեստների ակադեմիայում ժամանակին համապատասխան կրթություն են ստացել բալետի անվանի արտիստներ Վիլեն Գալստյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի համապատասխան բաժնում՝ Աշոտ Ասատրյանը:

Հայաստանում բալետմայստերական կրթության անհրաժեշտության մասին անվանի բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ կիսեց իր մտահոգությունը, ասելով, թե մշակույթի եւ կրթության նախարարությունները պետք է վաղուց զբաղվեին այդ հարցով:

«Առավոտը» զրուցեց նաեւ մասնագիտական շրջանակներում ճանաչված ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրայի ուսանողներ Ռիմա Պիպոյանի եւ Արա Ասատրյանի հետ: Երիտասարդ պարուսույց-բեմադրիչները, որ ժամանակին մասնակցել են հայաստանյան «Հայֆեստ» եւ «Գիսանե» միջազգային փառատոներին, ասացին, որ բեմադրություններ են իրականացրել տարբեր թատրոններում, հեռուստանախագծերում: Հարցին՝ երբեւէ փորձե՞լ են անդրադառնալ բալետային արվեստին, մեր զրուցակիցները պատասխանեցին, թե դասական բալետում ամեն ինչ ասված է, եւ դա է պատճառը, որ իրենք հիմնականում փորձում են էքսպերիմենտալ ներկայացումներ բեմադրել: Արան հավելեց, որ իր աշխատանքներում օգտագործում է նաեւ խոսք, դա բացատրելով աշխարհում պարային սինթետիկ արվեստի նոր միտումներով: Ռիման էլ հայտնեց, թե ինքը հետաքրքրված է արեւելյան մարզարվեստով (ուշու եւ այլն) եւ դա է պատճառը, որ «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծում բեմադրել է պար՝ ժամանակակից contemporary ոճում, ինչը տարբերվում է մոդեռնից:

Իսկ հնարավո՞ր է մի օր, այնուամենայնիվ, բալետային համարներ բեմադրեն: Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում վերապատրաստված Արան տեղեկացրեց. «Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանն ինձ եւ Ռիմային հրավիրել է թատրոն՝ բալետային համարներ բեմադրելու, ինչի առիթով ոգեւորված ենք»: Ռիմայի խոսքերով էլ՝ թեմայի ընտրությունից շատ բան է կախված. «Եթե հայ կոմպոզիտորի երկի հիման վրա ստեղծված պար լինի, կփորձենք մեր ազգայինը համադրել դասականի հետ, եթե ժամանակակից կամ մոդեռն պար՝ նույն ձեւով կաշխատենք, դարձյալ զուգորդելով դասականի հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829