Ամերիկաբնակ, հայաստանցի բռնցքամարտիկ, WBC-ի արծաթե գոտու տիրակալ Վանես Մարտիրոսյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում միայն հաղթանակներ է տոնել, վաղը Սան Անտոնիոյում պետք է հանդիպի Թրոյ Լաուրիի հետ:
Նրանց մենամարտը, ամենայն հավանականությամբ, կայանալու է: Սակայն իրադարձությունների այնպիսի շրջադարձ է կատարվել, որ Վանեսի առջեւ ավելի կարեւոր ու հետաքրքիր հեռանկարներ կարող են բացվել: Բանն այն է, որ փետրվարի 11-ին նշանակված աշխարհի նախկին չեմպիոններ Անդրե Բերտոյի եւ Վիկտոր Օրտիսի միջեւ մենամարտն անորոշ ժամանակով հետաձգվել է, առաջինի՝ մարզման ժամանակ ձախ ձեռքի վնասվածք ստանալու պատճառով: Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ կտրվել է Բերտոյի ձախ թեւի երկգլուխ մկանը: Ստացվել է մի վիճակ, որը Վանեսի եւ Օրտիսի միջեւ «հարկադրական» հանդիպում կազմակերպելու առիթ կարող է հանդիսանալ: Այս կապակցությամբ Վանես Մարտիրոսյանն արդեն հասցրել է հայտարարություն անել. «Պատրաստ եմ Բերտոյին փոխարինել ցանկացած պահի ու դրա համար իջնել նաեւ կիսաթեթեւ քաշային կարգ: Վիկտորը գիտի, թե ինչ կլինի հետը, երբ ինձանից հարված ստանա»,- ասել է Հայաստանում ծնված Վանես Մարտիրոսյանը: Սակայն ԶԼՄ-ներն արդեն գրել են, որ աշխարհի նախկին չեմպիոնի թիմը մտածում է Ամիր Խանի հետ հանդիպում կազմակերպելու մասին: Եվ դա հայտարարել է Օրտիսի պրոումոթեր Ռիչարդ Շեֆերը:
«Առավոտ» օրաթերթ