Լրահոս
Օրվա լրահոսը

Պիեսներ գրողին գոնե «դրամատուրգուհի» չեն ասում

Փետրվար 03,2012 13:39

Արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Իմ դասականները» պիեսների ժողովածուն վերջերս արժանացել է ՀԳՄ նախագահության «Տարվա լավագույն գիրք»՝ Լեւոն Շանթի անվան մրցանակին: «Ինչ էլ լինի, ինչ հարված էլ գա՝ ես կենսասեր եմ: Այդ կենսասիրությունն ու կյանքը հաստատող համառությունն ինձ օգնում են, որպեսզի իմ՝ գրականությամբ սիրելու, ապրելու, դիմադրելու, ներելու, ինչու չէ՝ նաեւ վրեժխնդիր լինելու ուժ տամ ընթերցողին ու հատկապես կանանց»,- մեզ հետ հարցազրույցում անկեղծացավ տիկին Խոդիկյանը:

Իմ զրուցակցի համոզմամբ՝ հասարակական կյանքում կնոջը շատ նպատակասլաց քաղաքականությամբ փորձում են չեզոքացնել. «Այսօր պետականաշինության մեջ կնոջ դերը քիչ է: Երեւի մեր ազգային նկարագիրն է այդպես՝ մի տեղը փոխհատուցվում է մյուսով, այսինքն՝ կինը ինչքան ինքնիշխան է ընտանիքում, այնքան նրա իշխանության սահմանները նվազում են ընտանքից դուրս»: Որպեսզի կինն ավելի ազատ լինի, դրամատուրգի դիտարկմամբ, հարկավոր է այն քաղաքացիական հասարակությունը, որի նույնիսկ մատույցներում մենք չկանք: Իր դեպքում չի կարող ասել, որ գրող լինելը դժվար է հայ կնոջ համար, ինքն այդ դժվարությունը երբեւէ չի զգացել: Բայց կատակով հավելում է, որ նախընտրում է պիեսներ գրել, քանի որ «դրամատուրգուհի» չեն ասի:

Նա չի ընդունում, երբ ասում են, որ իր պիեսներում կանայք գերադիր են տղամարդու նկատմամբ: Չէ՞ որ այդ ուժեղ, երբեմն շատ ինքնավստահ կանայք սիրում են անձնուրաց, ամեն ինչ տալու պատրաստ մեծ սրտով, ուրեմն՝ իրենց արժանի տղամարդու: «Առաջինը ես չէ, որ պիտի ասեմ՝ Հայաստանը տղամարդկանց երկիր է,- կատակով ասում է Խոդիկյանը,- իսկ կինը Աստծո կողմից ստեղծվել է սիրո, ընտանիքի, մայրության եւ տղամարդկանց աշխարհը գոնե մի քիչ բարիացնելու համար»: Ինքը Ռոլան Բիկովի խոսքով է դիմակայում իրականության փորձություններին՝ «Ինձ մեկ անգամ էլ փորձեցին ոչնչացնել: Ես ամեն ինչ սկսում եմ սկզբից», իսկ մյուս կանանց օգնում է իր պիեսներով: Հիշում է, որ «Կինը անձրեւից հետո» պիեսի ներկայացումներից հետո կանայք մոտենում էին իրեն եւ ասում՝ «Դուք օգնեցիք, որ հավատամ ինքս ինձ, որ շարունակեմ ապրել»: Իսկ «Սիրային քառանկյունի» ներկայացումից հետո մի կին մոտեցել է ու մի քիչ էլ կռվարար տոնով ասել՝ «Դուք որտեղի՞ց գիտեք իմ կյանքը, Ձեզ ո՞վ է պատմել իմ մասին»:

Դրամատուրգն ինքնավստահ ժպիտով հավելում է. «Ես հասկանում եմ, որ կպնում եմ կանացի ցավոտ կետերին, եւ կարողանում եմ երբեմն նրանց ոչ միայն ցավը, այլեւ այդ ցավից ազատվելու ճանապարհը ցույց տալ»: Իրեն ֆեմինիստ չի համարում, քանի որ, ինչպես «Վերադառնում եմ, մոռացեք…» պիեսի հերոսուհին էր ասում՝ իր ժառանգական կոդի մեջ ֆեմինիզմ չկա. «Բնությունն այնպես է ստեղծել տղամարդուն եւ կնոջը, այնպիսի մի հավասարակշեռքի վրա է դրել, որ կինը պիտի լինի կին, տղամարդը՝ տղամարդ: Երբ նժարների հավասարակշռությունը թեկուզ աննշան խախտվում է, խախտվում է եւ կնոջ, եւ տղամարդու նկարագիրը»:

ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829