Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ զիբիլ ասես՝ սպունգի պես քաշել ենք»

Փետրվար 03,2012 13:33

Ըստ երգահան Ռուբեն Հախվերդյանի, մենք կորցրել ենք մեր ազգային խոհանոցը, շոու-բիզնեսն էլ «հեծնել» է արվեստը

«Վերջին 20 տարիների ընթացքում տղամարդիկ սկսել են իրար հետ պաչելով խոսել, որը եկել է վրացիներից: Եվրոպայից էլ վերցրեցինք այն, որ կանացի կիսաշրջազգեստներով ու շրջազգեստներով տղաներ հայտնվեցին Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ: 180 աստիճանով շուռ եկան չափանիշները, եւ բոլորից ինչ զիբիլ ասես՝ սպունգի պես քաշեցինք: Դրա փոխարեն, շատ կուզեի, որ մեր դպրոցներում մի փոքր յոգա անցնեին, որպեսզի ճիշտ շնչեին, ճիշտ սնվեին ու ճիշտ երգեր լսեին»,- երգահան Ռուբեն Հախվերդյանն «Առավոտի» հետ այսպես սկսեց իր զրույցը: Նրա խոսքերով, վերջերս հեռուստա եւ ռադիոեթերներով հնչում է ինչ-որ անհասկանալի ոճի երաժշտություն, որը այն բանի հետեւանք է, որ Բաքվից եկած շատ երաժիշտներ կան մեզ մոտ. «Իրենք այդ Բաքուն մտցրեցին երաժշտության մեջ: Բայց կա էդ երաժշտության ճաշակով եւ անճաշակ տեսակները: Երբ շատ են կլկլացնում ու զզվացնում, լրիվ է դառնում ադրբեջանական, իսկ նախկինում գոնե քաղաքային ինչ-որ բան կար մեջը… Ցավոք, տաշի-տուշի երաժշտությունն այսօր տիրում է երեւի թե ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում: Եվրոպայում դեռ կան էլիտար եւ լուրջ երգիչներ, մինչդեռ Ռուսաստանը մեծ աղբանոց է ներկայացնում իրենից՝ Ա-ից մինչեւ այբուբենի վերջին տառը: Վերջին աբսուրդն ինձ համար այն էր, որ Մեսրոպ Մաշտոցի կոչում տվեցին ինձ համար անհանդուրժելի երգչուհի Ալլա Պուգաչովային՝ պոպսայի հիմնադրին: Նա անգամ իր մասին ասում է՝ ԻպվՔՌվՈ, ՍՏՑՏՐՈÿ տՏպՑ: Իրականում այդպիսի կին եղել է Էդիթ Պիաֆը, ուղղակի Պուգաչովան իրեն իր երազած կնոջ տեղն է դնում: Արետա Ֆրանկլինը, Ջանեթ Ջոփլինը, Թինա Թըրները, նրանք կանայք են, որոնք երգում են, իսկ Ալլան չի երգում, նա էժանագին բառերով, էժանագին մեղեդիներ է ներկայացնում մարդկանց»: Մեր այն դիտարկմանը, որ հայկական երգարվեստում շատերի կողմից Ա. Պուգաչովային համարժեք մեծարվում են Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը, Հախվերդյանը պատասխանեց. «Ես կգերադասեի այդ «մասով» լռել: Մի քանի լավ երգ կա Շուշանի մոտ, օրինակ՝ «Իմ անուշ հայրենիքը»: Շուշանն իր երգացանկում լավ երգեր մի քանի հատ ունի, բայց այդ «ուռա» հայրենասիրական երգերը… Ես բոլորովին ուրիշ ձեւ եմ նայում հայրենասիրություն ասվածին: Այդպիսի բառ գոյություն չունի աշխարհում, դա սովետի ժամանակ հնարած բառ է: Իմ կարծիքով, հայրենասիրական երգը լավ երգն է, իսկ հակահայրենասիրական երգը՝ վատը, որովհետեւ հայրենիքը նաեւ մեր լեզուն է, ու եթե դու փչացնում ես այդ լեզուն, ուրեմն դա հակահայրենասիրական է, ինչքան էլ Աղբյուր Սերոբի մասին կամ «Անդրանիկ, ելիր գերեզմանից» երգես»:

«Առավոտի» դիտարկմանը, որ փոփ-արվեստին դեմ լինելով հանդերձ՝ ինքը զուգերգեր ունի փոփ-երգչուհի Սիրուշոյի հետ, երգահանը պատասխանեց. «Հա, ես շատ սիրում եմ իրեն բեմում, շատ եմ սիրում իր արտաքինը, իր աղջկականությունը: Բարկանում եմ, երբ շատ են շպարում իրենց, դարձնում տյոտյա: Սիրուշոն իր աղջկական հմայքը չի կորցնի անգամ 90 տարեկանում: Արտիստիկ երեւույթ է: Ճիշտ է, ձայնի մեծ դիապազոն չունի, բայց փաստը մնում է փաստ, որ անգամ «Եվրատեսիլը», որը փող լվալու տեղ է ուղղակի, գնահատեց նրան ըստ արժանվույն»:

Համամի՞տ է այն մարդկանց հետ, որոնք իր եւ Արթուր Մեսչյանի միջեւ ընդհանրություններ են տեսնում, Ռ. Հախվերդյանը պատասխանեց. «Մի քանի անգամ ասել եմ, որ ես գրում եմ իմ կենսագրությունն իմ խոսքերով, ինքը գրում է ուրիշի կենսագրությունը՝ ուրիշի խոսքերով: Կարող է մի 2 երգ ունի, որ ինքն է գրել, շատ չեմ խորացել իր արվեստի մեջ, որովհետեւ ոչ ինքն է հետաքրքրում, ոչ էլ իր արվեստը: Ինձ բացարձակ չեն հետաքրքրում կարծիքները, թե իմ երգը ինչ տպավորություն թողեց: Ես ուղղակի փոստատար եմ, առհասարակ արվեստագետը փոխանցող է, հնարող չէ: Արարելու մենաշնորհը միայն արարչին է վերապահված»:

Հարցին, թե երգահանն ի՞նչ երաժշտություն է նախընտրում լսել, նա պատասխանեց. «Ես առհասարակ վերջերս համարյա ոչինչ չեմ լսում, որովհետեւ ինձ ինչ որ պետք է եղել լսեմ, լսել եմ մի տասը տարի առաջ: Մենք մեծացել ենք «Բիթլզի» երգերով: Մեր բախտը բերել է, որ արվեստը դեռ շոու-բիզնեսի տակ չէր մտել, ինքը շոու-բիզնեսին հեծած էր, ձին էլ շոու-բիզնեսն էր, իսկ հետո ձին նստեց արվեստի վրա, ինչին դեմ էր Ջոն Լենոնը, եւ շատ էր խոսում այն մասին, որ շոու-բիզնեսն այլանդակում է արվեստը …Շոու-բիզնեսին շան տեղ չէին դնում ոչ Վլադիմիր Վիսոցկին, ոչ Վիկտոր Ցոյը: Իսկական արվեստագետի համար արվեստ ստեղծելու պրոցեսն է հետաքրքիր, այլ ոչ թե՝ ավարտը: Երգը լեզվամտածողություն է, եթե դու հայերեն ես երգում, ուրեմն հայերեն ես մտածում: Մեզ մոտ ռուսական կրթությամբ մարդիկ կան, որոնք չեն կարող ուղղակի հայերեն երգել, նրանց մոտ ռուսերեն է մտածած, հայերեն՝ գրած»:

Ի թիվս երգարվեստում եղած այլ խնդիրների, Ռուբեն Հախվերդյանին մտահոգում է նաեւ այն, որ մենք կորցրել ենք մեր ազգային խոհանոցը. «Սա նաեւ կապ ունի ուտել-խմելու հետ, լավ իմաստով՝ նորմալ հաց ուտես, գինի խմես…Ցավոք, գինին ռուսների շնորհիվ 19-րդ դարի վերջում փոխարինվեց օղիով: Չես էլ ուզում գնալ ռեստորան, քանի որ ռեստորանը ուտելու տեղ էր, իսկ հիմա՝ ոռնալու: Արտասահմանում երաժշտություն չի լսվում ռեստորաններում, այն լսվում է պարահրապարակներում կամ այնպիսի տեղերում, որտեղ մարդիկ պետք է գնան պարելու: Այստեղ մարդիկ ուտում են վառած միս՝ խորոված ու լսում ոռնոց: Չկա մի տեղ, որ գնաս ասես՝ ավելուկով սուպ եմ ուզում, սուպ տվեք, մեկ էլ այնպես արեք, որ չնվագեն ու չերգեն»:

ԱՆՈՒՇ  ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829