Լրահոս
Օրվա լրահոսը

Վարիչը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

Փետրվար 03,2012 13:30

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ-ի) Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանի դատաքննությունը:

64-ամյա Հենրիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 311 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է զգալի չափերով:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Հակոբյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2011 թվականի հունիս ամսին որոշակի գումար կաշառք ստանալու պայմանով խոստացել է, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել Երեւանի բնակիչ Սարգիս Դիլբարյանին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ ընդունվելուն եւ ուսուցման ընթացքում հովանավորչություն ցուցաբերել: Այնուհետեւ, 2011 թվականի սեպտեմբերի 19-ին Հենրիկ Հակոբյանը հերթական անգամ Վանաձորի Շինարարների 12 հասցեում գտնվող ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի իր աշխատասենյակում ընդունել է Սարգիս Դիլբարյանին, որից հետո վերջինիս ուղարկել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովին հանձնելու, ապա ժամը 12:30-ի սահմաններում, նշված աշխատասենյակում Սարգիս Դիլբարյանից պահանջել եւ անձամբ ստացել է խոշոր չափի՝ 562.305 դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար:

Հենրիկ Հակոբյանը, սակայն, չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը՝ բացատրելով, որ ինքը պաշտոնատար անձ չէ, բնականաբար, չէր կարող նպաստել Սարգիս Դիլբարյանի ընդունվելուն, առավել եւս՝ հովանավորչություն ցուցաբերել ուսման ընթացքում:

«Ես ոչ մի առավելություն չունեմ, ավելին՝ ոչ մի լիազորություն չունեմ մասնակցելու ընդունելության քննություններին կամ ինչ-որ մեկին պարտադրել: Իմ ոչ պաշտոնական իրավունքների, ոչ էլ պարտականությունների մեջ չկա մի կետ, որի համաձայն ես իրավունք ունեմ մարդ ընդունելու, առավել եւս՝ ընդունելությանը մասնակցելու: Ես ոչ առարկայական, ոչ ընդունող հանձնաժողովի մեջ չկամ: Այդ ընթացքում հանձնաժողովների անդամները դեռ հայտնի էլ չէին: Ես չէի կարող ազդել հանձնաժողովի մեջ եղող դասախոսների վրա»,-բացատրում է Հենրիկ Հակոբյանը:

Դատարանում Հենրիկ Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում) պարզաբանում է, որ իր պաշտպանյալը պարզապես խաբել է Սարգիս Դիլբարյանին:

«Նա խաբել է Սարգիս Դիլբարյանին, քանի որ վերջինիս հետ պայմանավորվելու ժամանակ ընդունելության քննությունների եւ փաստաթղթերի ընդունման հանձնաժողովները ձեւավորված չեն եղել: Պաշտպանյալս չէր կարող իրական խոստում տալ, թե կօգնի դիմորդին ընդունվելու հարցում, քանի որ ի պաշտոնե չէր կարող օգնել: Բացի այդ, նույնիսկ չի իմացել, թե ովքեր են ընդգրկվելու այդ հանձնաժողովների կազմում, ինքն էլ երբեւէ այդ հանձնաժողովներում ընդգրկված չի եղել»,- ասում է փաստաբան Հակոբյանը:

Ավելին, փաստաբանը բացատրում է, որ Հենրիկ Հակոբյանի արարքն ուղղված չի եղել պետական ծառայության դեմ:

Նա ասում է, որ կաշառք ստանալու այս տեսակն առկա է միմիայն ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար: Իսկ կրթահամալիրում՝ պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, ուսանող-դասախոս հարաբերությունները չեն կարող համարվել որպես ծառայական ենթակայություն, ուստի քննարկվող քրեական գործով կաշառք ստանալու այս եղանակն ուղղակի չի կարող գոյություն ունենալ:

«Այստեղ առկա է կաշառքի պատրվակով ուրիշի խոշոր չափերով գումարի հափշտակություն՝ խարդախության եղանակով»,- ասում է փաստաբան Հակոբյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829