Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրադատարան է դիմել՝ ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի

Փետրվար 03,2012 13:27

Այս կառուցապատողի դեմ դատարաններում տասնյակ գործեր կան

Ի թիվս հանուն պետական շահի իրացված գոտու այլ բնակիչների՝ մոտ երկու ամիս առաջ Եվրադատարան է դիմել նաեւ Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցներին հարող տարածքում կառուցապատում իրականացնող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից տուժած քաղաքացի Ալբերտ Բաբաջանյանը: Նա այդ քայլին է գնացել, քանի որ իր բնակարանին առնչվող հարցում Հայաստանի դատական համակարգից ոչ մի արդար լուծում չի ստացել:  Պարոն Բաբաջանյանը հույս ունի, որ գոնե այդ ճանապարհով կառուցապատողին կստիպի պայմանագրով ամրագրված պարտավորությունները կատարել եւ նոր բնակարանում առկա թերությունների համար էլ 17 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: Նա, ձեռքի տակ ունենալով դրա համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,  «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից նաեւ պահանջում է իրեն տալ շենքի նախագծով նախատեսված բաց պատշգամբով բնակարանը:

Ինչպես Ա. Բաբաջանյանը պատմեց մեզ հետ զրույցում, մեր երկրի դատական բոլոր ատյաններում նրա հայցը չի բավարարվել: Նա այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ նախագծով եւ պայմանագրով իրեն պետք է գոնե բաց պատշգամբով բնակարան հատկացնեին: Նա հիմա իր ձեռքի տակ ունի Երեւանի քաղաքապետարանում «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի ներկայացրած բնակելի շենքի նախագիծը, որով հաստատվում է, որ կառուցապատողը Նալբանդյան 7/1 հասցեում «Ա» մասնաշենքի բնակարանները, բացի առաջին հարկից, պետք է բաց պատշգամբներ ունենային:

Բացի այն, որ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն պայմանագրով սահմանված պարտավորությունները պատշաճ կերպով չի կատարել, բոլոր դատական ատյաններով հակընդդեմ հայց է ներկայացրել քաղաքացու դեմ՝ իբրեւ թե մի բան էլ քաղաքացին է մեղավոր, որ այդ բնակարանի սեփականատեր չի դառնում:

Նշենք, սակայն, որ Ա. Բաբաջանյանն իր նորակառույց բնակարանը պետք է ստանար դեռեւս 2010 թվականին, մինչդեռ շենքը նախատեսվածից բավականին ուշ է շահագործման հանձնվել, իսկ քաղաքացու բնակարանն էլ նախագծային շեղումներով է եղել եւ բոլորովին այլ տեսք է ունեցել: Նրան բնակարանը մատուցել են առանց բաց պատշգամբի, ծխատարների եւ օդափոխման խողովակների, բացի այդ՝ չի պահպանվել պայմանագրով սահմանված 50քմ ընդհանուր տարածքը: Հենց այդ թերությունները հաշվի առնելով էլ՝ Ա. Բաբաջանյանը հրաժարվել է բնակարանի սեփականատեր դառնալ: Այս եւ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից տուժածների եւ դատական նիստերի թեմային «Առավոտն» արդեն մի քանի անգամ անդրադարձել է (27.04.2010.թ., 09.06.2010թ., 26.06.2010թ., 26.01.2011թ.):

Նշենք, որ Ալբերտ Բաբաջանյանը նախկինում բնակվել է Աբովյան 4/6 հասցեում, որը պետական կարիքների համար իրացվել է եւ տրվել «Ավո Ֆ.Մ.Հ.»-ին, վերջինս էլ պարտավորվել է տարածքի նախկին բնակիչ Ա. Բաբաջանյանին հանձնել իր կողմից կառուցվող բնակելի շենքից բնակարան:

Այսօր դատարաններում ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի մի շարք հայցեր կան, որոնց ելքը, սովորաբար, հօգուտ կառուցապատողի է լինում:

ԱՆՈՒՇ  ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829